Յուրաքանչյուրն ի զորու է այնպես մեկնաբանել իրադարձությունները, ինչպես ցանկանում է, նույնիսկ եթե դա Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյա է: Այնուամենայնիվ, նշենք, որ Բաքուն, ինչպես միշտ, փորձում է ամեն ինչ դիմացինի վրա բարդել: Այս դեպքում, Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ համաշխարհային հանրության արձագանքի բացակայությունը, հավանաբար, անպատժելիության հավատ է ներշնչել Բաքվին: Հարց է առաջանում՝ իսկ Հասանովը չի՞ վախենում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իրերն իրենց անունով կկոչի և հստակ կպատասխանի այն հարցին, թե ով է օկուպանտը:
Առավել սթափ գնահատական է տվել ՄԽ առաքելությանը ԵԱՀԿ ՄԽ-ում ադրբեջանական առաքելության անդամ Էլդար Իբրահիմովը, որը հայտարարել է, որ համանախագահների հետագա գործունեությունն անհույս է: Հետևելով նույն ադրբեջանական տրամաբանությանը, հույսն այն էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանին «ագրեսոր» կճանաչի և կվերադարձնի ԼՂՀ մերձակա տարածքներն Ադրբեջանին: Սակայն, այս անգամ Բաքուն սխալվեց իր հաշվարկներում:
Հոկտեմբերի 1-14-ը ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելությունը գտնվում է ԼՂՀ մերձակա տարածքներում:
Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը համատեղ հայտարարություն են տարածել հայ գերի Մանվել Սարիբեկյանի «ինքնասպանության» մասին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան է եղել հոկտեմբերի լույս 5-ի գիշերը: Պատահարի վայրի զննության արդյունքում ռազմական դատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է իր վերնաշապիկից ու սավանից հյուսված պարանի օգնությամբ»: Սարիբեկյանի պարանոցին հայտնաբերվել է խեղդամահ եղածների համար բնորոշ սպի: Դատաբժշկական փորձաքննությունը բռնության ոչ մի հետք «չի հայտնաբերել» Սարիբեկյանի մարմնի վրա: Մանվել Սարիբեկյանը հովիվ էր, նա գերեվարվել է ադրբեջանական կողմից սպետմեբրի 11-ին, որտեղ նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, Սարիբեկյանն ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ ԶՈւ շարքերում 2010 թվականի մայիսին և ոչ մի առնչություն չունի հատուկ ծառայությունների հետ: Գերեվարվելուց մի քանի օր անց ինտերնետում տեղադրվել էր Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ:
Հունիսի 18-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Չայլու գյուղի մոտ Ադրբեջանի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողություն ԼՂՀ տարածք ներխուժելու նպատակով: ԼՂՀ ՊԲ կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսանտները ետ են մղվել: Հայկական կողմը տվել է 4 զոհ և 4 վիրավոր: Իսկ ադրբեջանցի դիվերսանտները թողել են սպանված Մուբարիզ Իբրագիմովի մարմինը և փախուստի դիմել: Ներկա պահին մարմինը մինչև հիմա գտնվում է չեզոք հողում:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 6:50-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում ադրբեջանցիները հերթական դիվերսիոն հարձակումն են գործել: ԼՂՀ ՊԲ նախաձեռնած մարտական միջոցառումների շնորհիվ հակառակորդը զոհեր տալով թողել է մարտական գոտին ու փախուստի դիմել: Նահանջի ժամանակ դիվերսիոն խմբի անդամները ականների պայթյուններից վնասվածքներ են ստացել: Մեր հետախուզական տվյալների համաձայն, նրանցից մեկը հետախուզական վաշտի, իսկ մյուսը` սակրավորների վաշտի հրամանատարներն էին: