29 հոկտեմբերի 2010 - 18:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրք գործիչներին հաջողվեց PR-ակցիա անցկացնել Հայաստանում
Հենց Բեկլևիչն ու Օրսեկը ձախողեցին Գլոբալիզացիայի ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ կայանալիք խորհրդաժողովը
«Հզոր Թուրքիա» անհասկանալի և մարգինալ կուսակցության ներկայացուցիչների այցն Երևան դարձավ ոչ միայն ՀՀ ԱԱԾ-ի, ինչը զարմանալի չէ, այլ նաև՝ հայկական մամուլի ու որոշ փորձագետների սևեռուն ուշադրության առարկան: Ամեն ինչ հավանաբար, հաշտ ու խաղաղ կանցներ, քանի որ Հայաստան հաճախ են թուրք փորձագետներ ու քաղաքագետներ ժամանում, սակայն նրանցից ոչ մեկին ԱԱԾ չէին հրավիրել:

Իսկ այս դեպքում «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչներին կանչում են «զրուցելու» համար և միանգամից տարբեր մեկնաբանություններ են արվում: Անշուշտ, այն ամենն, ինչ կատարվեց հոկտեմբերի 29-ին Երևանում, ոչ այլ ինչ էր, քան PR-ակցիա, սակայն, անհասկանալի է, թե ինչու հայերը դա չհասկացան: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ում, թուրքերի հետ ուղղակի զրուղցել են և ազատ արձակել նրանց՝ առավելագույնը դա 1 ժամ է տևել: «Մենք ընդամենը ցանկանում էինք իմանալ, թե ինչպես են Թունա Բեկլևիչն ու նրա տեղակալ Բայբարս Օրսեկը հոկտեմբերի 10 հատել հայ-թուրքական սահմանն, որն, ի դեպ, պահպանում են ՌԴ սահմանապահները: Նրանք պատասխանեցին մեր հարցերին և ազատ արձակվեցին»,-ասել է աղբյուրը: Հավանաբար, բոլորովին չարժեր լուրջ փորձագետներին մեկնաբանել մարգինալ թուրքերի այցը, թեև դա արդեն լրագրողների խղճին է…

«Հզոր Թուրքիա» կուսակցությունը ստեղծվել է մի քանի տարի առաջ և կարելի է ասել, որ այն հանդիսանում է իշխող Արդարության ու զարգացման կուսակցության երիտասարդական թևը: Նրանք ընդդիմության չեն հարում, սակայն կարող են որպես փորձաքար ծառայել այն քաղաքական գործիչների համար, որոնք ցանկանում են տնտղել թե կա արդյոք Հայաստանում պարարտ հող ապագա հայ-թուրքական հարաբերությունների համար: Հարկ է նշել նաև, որ հենց Բեկլևիչն ու Օրսեկը ձախողեցին Գլոբալիզացիայի ու համագործակցության վերլուծական կենտրոնի հետ կայանալիք խորհրդաժողովը:

Դե իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ նրանք չեն ցանկացել այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ապա դա բնական է: Հայաստան այցելող ոչ բոլոր թուրքերն են համարձակություն ունենում նման քայլ կատարել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News