2 նոյեմբերի 2010 - 21:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Կոմանդոս. Կենաց պայքար
Այսօր Կոմանդոսը մասնագետներ է պատրաստում ՀՀ ԶՈւ համար այն սպասումով, որ Ադրբեջանը հերթական անգամ «կսայթաքի»
Արկադի Տեր-Թադևոսյան, նույն ինքը` Կոմանդոս: Հնարավոր է` շատերին նա հայտնի է որպես խիստ զինվորական, Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար, ղարաբաղյան պատերազմի հերոս, բայց հազիվ թե ինչ-որ մեկը գիտի, որ իրականում խիստ զինվորականի արտաքինի տակ թաքնվում է համեստ և բաց մարդ, որն անձնական հաջողություն է համարում իր զինվորների հաղթանակը, մարդ, ով խաղաղություն է տենչում և հեղափոխությունների կողմնակից չէ:

Կոմանդոսը, որը Հայաստան գալուց առաջ ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, Երևան է եկել և աշխատել գյուղատնտեսական ակադեմիայում որպես դասխոս: «Ես ակտիվ կերպով չեմ մասնակցել ազգային շարժմանը, ես ծառայել եմ Գերմանիայում, Աֆղանստանում և գիտեմ, թե ինչ է հեղափոխությունը, բայց կյանքն այնպես դասավորվեց, որ բոլորը ցանկացան անկախանալ, իսկ դրանից պատերազմի հոտ էր գալիս»,-ասում է Տեր-Թադևոսյանը:

1990-ական թթ. համաշխարհային մամուլում հայտնվեցին մեծաքանակ հոդվածներ` ուղղված Հայաստանի դեմ: Այն ժամանակ, երբ հայերը պաշտպանում էին իրենց հայրենիքը, իրենց տունը, Ադրբեջանը հարձակվում էր նրանց վրա, իսկ հետո ԶԼՄ-ների օգնությամբ լուրեր տարածում այն մասին, որ հարձակումն իբր կազմակերպել է հայկական կողմը: Կոմանդոսն ակտիվ կերպով չի մասնակցել ազգային շարժմանը, բայց դրա փոխարեն մասնակցել է մարտական գործողություններին: «1990-ին Ադրբեջանը քարտեզ հրապարակեց, որտեղ երկրի կազմում ընգրկված էին Զանգեզուրը և Սևանի կեսը: Հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ յուրաքանչյուր հայի պարտքը, անկախ նրանից, թե ինչ դիրքորոշման է հարում, իր հայրենիքը պաշտպանելն է»,- ասում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Այսպիսով, 1990-ին Արկադի Տեր-Թադևոսյանը դարձավ «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ: Ջոկատը պաշտպանում էր սահմանամերձ հայկական գյուղերը, որոնք ենթարկվում էին ադրբեջանցիների մշտական հարձակումներին և գնդակոծություններին: Այն ժամանակ, երբ Ղարաբաղում իրավիճակը սրվեց, Կոմանդոսը խնդրեց, որպեսզի նրա տեղափոխեն հենց այդտեղ: 1991-ի հուլիսի 31-ին նա մեկնեց Արցախ, որտեղ սկսեց զբաղվել աշխարհազորայինների ուսուցմամբ: Իհարկե, ջոկատում բոլորը կամավորներ էին, պատրաստ ծառայել հայրենիքին, բայց ոչ բոլորն էին գիտակցում, թե ինչ զոհողությունների են գնալու հանուն հայրենիքի ազատության. «Երբ հրամանատարը խնդիր է դնում, նա գիտակցում է, որ այն կարող է լուծվել կյանքի գնով, բայց եթե նա համոզված է, որ խնդիրը լուծվելու է, ապա պետք է ընտրել այն մարդուն, ով կգնա նման վտանգավոր քայլի»: Գիտակցելով այս ամենը` Կոմանդոսը ջոկատ հավաքեց և ասաց. «Ով վախենում է, մի քայլ առաջ»: Նրանց, ովքեր կատարեցին այդ քայլը, Արկադի Տեր-Թադևոսյանը գրկեց և շնորհակալություն հայտնեց ծառայության համար:

Ամենավտանգավոր օպերացիաներից մեկը Շուշիի ազատագրման օպերացիան էր: Հանավաբար, շատերը չգիտեն, որ այն կոչվել է «Հարսանիք լեռներում»: Նման անսովոր անվանման պատճառն այն փաստն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել: «Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- պատմում է Կոմանդոսը: Այս զրույցի մասին նա չպատմեց իր մարտիկներից ոչ մեկին, բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ մեկի մտքով անգամ չանցավ, որ օպերացիան պետք է հետաձգել` հիանալի գիտակցելով դրա բարդությունը. «Նրանք լի էին վճռականությամբ, քանի որ խաղաղ բնակիչների շարքում կորուստներն օրեցօր ավելանում էին, և այլևս հապաղել չէր կարելի»: Սակայն Շուշիի ազատագրումը Կոմանդոսի համար անսպասելի էր նրա զինվորների հերոսության տեսանկյունից: Շուշին ազատագրվեց 26.5 ժամում, այդ օպերացիային պատրաստվել էին շատ ամիսներ, և պարտվելու տարբերակ ուղղակի չկա: Մայիսի 9-ին առավոտյան 04:30-ին Տեր-Թադևոսյանին հաղորդեցին, որ քաղաքն ազատագրված է. «Ես չգիտեի` ինչ անել. ասել մարդկանց, թե ոչ, քաղաքում ականներ են, իմ մարդիկ կարող են զոհվել, և ինքս ինձ հետ պայքարեցի մինչև առավոտյան ժամը 8-ը»,- ժպիտը դեմքին հիշում է Կոմանդոսը: Բառացիորեն այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ քաղաքում այլևս հակառակորդ չկա, քնեց, քանի որ չէր քնել արդեն մի քանի օր: Այսպիսով, Կոմանդոսին ազատագրված Շուշի բերեցին քնած. «Ես շատ կուզեի ուրախանալ իմ զինվորների հետ, բայց, ցավոք սրտի, օրգանիզմս չէր դիմանում: Ես միայն երեկոյան գիտակցեցի` ինչ է նշանակում գրավել Շուշին»: Կոմանդոսի կարծիքով, Շուշիի համար պայքարը կենաց պայքար էր:

Ղարաբաղը շատ բան է տվել Արկադի Տեր-Թադևոսյանին և դարձել նրա հայրենի երկիրը: Յուրաքանչյուր ամիս նա գոնե մեկ շաբաթով մեկնում է Արցախ: «Իմ երազանքը կատարվեց անցյալ տարի, երբ ես Ղարաբաղում հյուր էի 700-րդ հարսանիքին»,- ասում է Կոմանդոսը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա գործընթացի մասին`Արկադի Տեր-Թադևոսյանը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղի ժողովուրդն արդեն վաղուց որոշել է այդ հարցը և ապրում է անկախ: Անդրադառնալով անցյալին` Կոմանդոսը նշեց, որ վտանգավոր պահերին ադրբեջանական կողմը խուճապի է մատնվում և, ամեն ինչ թողնելով, փախուստի դիմում, ինչպես որ դա պատահեց Շուշիում:

Այսօր Կոմանդոսը մասնագետներ է պատրաստում ՀՀ ԶՈւ համար և դրանով երկրի համար ապահովում մարտունակ և հզոր բանակ այն սպասումով, որ Ադրբեջանը հերթական անգամ «կսայթաքի»: Ինչպես նշեց Կոմանդոսը, «եթե դա տեղի ունենա, դա կդառա նրանց վախճանը…»:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News