Ազատ ծրագրավորման լեգենդար կողմնակից Ռիչարդ Սթոլմանը սկսել է GNU օպերացիոն համակարգի մշակումը 1984-ին: Սթոլմանի հիմնած շարժումը կոչվել է «ազատ ԾԱ» այն պատճառով, որ ստեղծվել է օգտագործողների ազատության նկատմամբ հարգանքի հիման վրա: Հենց այդ պատճառով նրա համար արմատապես անընդունելի է «open source» («բաց աղբյուր») և «free software» («ազատ ԾԱ») հասկացությունների միախառնումը: Նրա կարծիքով, այդ շարժումները նման են երկու քաղաքական կուսակցությունների, ընդ որում «open source» շարժումը (հիմնվել է 1998-ին), Սթոլմանի խոսքերով, նրա իդեալիստական գաղափարախոսության ժխտումն է, քանի որ այդ տերմինը թաքցնում է, որ նման ԾԱ-ի իրական նպատակն ազատությունն է: Այնուամենայնիվ, 1998-ից ի վեր, այդ շարժման ներկայացուցիչները սկսել են օգտագործել «open source» տերմինը` նման գործունեությունը բնութագրելու համար: Ինչ էլ որ լինի, ողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ օգտվում են GNU/Linux համակարգից: Ի տարբերություն այլ կոմերցիոն օպերացիոն համակարգերի (Windows, Mac OS), GNU/Linux-ի հիման վրա ծրագրերը հազարավոր մարդկանց աշխատանքի պտուղ են, դրանք կարելի է փոխանցել առանց սահմանափակումների անվճար կամ վճարովի, ստանալ այդ ծրագրերի նախնական տեքստերը և դրանցում ցանկացած փոփոխություն կատարել:
Այսօր Հայաստանում փորձեր են արվում տեղայնացնել GNU/Linux հիման վրա դիստրիբուտիվների ստեղծումը: «Կարելի է ասել, որ ազատ ԾԱ շարժումը Հայաստանում սկսվել է 1990-ականների վերջին: Linux-ը տեղայնացնելու փորձերից մեկը Spitak Linux նախագիծն էր»,- հիշում է ծրագրավորող Ալեքսեյ Չալաբյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանում Linux օգտագործողների թիվը շատ չէ` 1-3 տոկոս: Դրա մեղավորն ինչպես տեղեկատվության պակասն է, այնպես էլ հնարավոր անհարմարություններից վախը` կապված անծանոթ օպերացիոն համակարգը (ՕՀ) յուրացնելու հետ:
Ռուս-հայկական համալսարանի և Ռուսական ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի համակարգային ծրագրավորման համատեղ լաբորատորիան 2009-ին սկսել է մշակել Nur Linux օպերացիոն համակարգը, որի վերջնական և նորացված տարբերակը պատրաստ կլինի կես տարի անց: Ինչպես նշել է լաբորիատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը, Nur Linux-ում կընդգրկվեն լաբորատորիայի համակարգային ծրագրավորման մշակումները: Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, ազատ ԾԱ շարժումը Հայաստանում առաջիկա երկու տարում իսկական բում կապրի: «Աշխարհի առաջատար երկրների պետական և բիզնես կառույցներն ակտիվ անցում են կատարում ազատ ԾԱ-ի: Հայաստանն այդ գործընթացից դուրս չի մնա»:
Լաբորատորայի աշխատակից Բիայնա Մահարիի խոսքերով, Linux ՕՀ-ը Հայաստանում ավելի տարածված է դառնում. «Չլիցենզավորված ՕՀ-երի կիրառումը Հայաստանում կվերանա: Այսօր խանութներում կարելի է համակարգիչներ ձեռք բերել Linux ՕՀ-ով կամ ձեռք բերել Windows ՕՀ-ի լիցենզավորված տարբերակը: Բայց բաց ԾԱ-ի հիման վրա մշակվել է նաև «Արաքս» օպերացիոն համակարգը` նախատեսված մարզերի համար: Ինչպես ասում է «Արաքս» ՕՀ համահեղինակ Նորայր Չիլինգարյանը, ծրագիրը նոր հայացք է նրան, թե ինչպես կարելի է հավաքել Linux դիստրիբուտիվներ: Նոր օպերացիոն համակարգի համար ընտրվել է խորհրդանշական անվանում՝ չէ որ Արաքսը սահմանային գետ է: «Արաքսը» տեղայնացված է հայերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով: «Արաքսը» ցուցադրվել է Երևանում «DigiTec» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետը: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն օգտագործողներից է:
«Ես հուսով եմ, որ Սթոլմանի այցը կազդի Հայաստանում այդ շարժման տարածման վրա, քանի որ Ռիչարդ Սթոլմանը խարիզմատիկ անձնավորություն է: Այսօր Հայաստանը վճարում է Misrosoft-ին ԾԱ համար, թեև կարելի է ունենալ հայկական դիստրիբուտիվ: Այսպիսով, մենք «կախվածության մեջ ենք ընկնում»,- կարծում է Չալաբյանը:
Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ Ռիչարդ Սթոլմանը դասախոսություններ է անցկացնում ողջ աշխարհում առանց որևէ նյութական վարձատրության` քարոզելով ազատ ԾԱ: Սթոլմանի դասախոսությունները տեղի կունենան նոյեմբերի 16-19-ը Երևանում և Գյումրիում: Նա Հայաստան է ժամանում «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հրավերով: Այցի շրջանակներում նոյեմբերի 16-ին Սթոլմանը կկարդա երկու դասախոսություն Երևանում` «Ազատ ծրագրային ապահովում. էթիկա և ինտերնետ» և նոյեմբերի 18-ին` «Ազատ թվային հասարակություն» թեմաներով: Նոյեմբերի 19-ին Գյումրիում GNU նախագծի հեղինակը կկարդա դասախոսություն «Ազատ ծրագրային ապահովումը և ձեր ազատությունը» թեմայով: