«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Hi Line 2048» անսահմանափակ սակագնային պլանի բաժանորդների համար ելքային կապուղու թողունակության կրկնապատկման մասին: «Hi Line Բազային 2048» և «Hi Line Նախընտրելի 2048» սակագնային պլաններում ելքային կապուղու թողունակության ավտոմատ բարձրացումը 512 Կբիտ/վ-ից մինչև 1024 Կբիտ/վ իրականացվում է առանց որևէ լրացուցիչ վճարի, փուլային սկզբունքով:
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում ԼՂՀ հանրային ծառայությունները-տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկեց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը հանրապետությունում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագներն իջեցնելու մասին և ընդունեց որոշում, ըստ որի՝ հաստատուն հեռախոսային գծերով (Dial up) ինտերնետ կապի սակագինը նվազել է 34 տոկոսով: Ցերեկային սակագինը մեկ ժամի համար կլինի 39 դրամ, գիշերայինը` 20 դրամ` գործող 60/30դրամի փոխարեն:
Օրանժ Արմենիա ընկերության ներդրումները, սկսած 2008-ի նոյեմբերից մինչև 2010-ի նոյեմբեր ամիսը, կազմել են 150 մլն եվրո: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ընկերությունը նախատեսում է փակել օպերացիոն ծախսերը վաճառքից ստացված շահույթի հաշվին` սկսած 2011-ից: Հոկտեմբեր ամսին ընկերության շրջանառությունը կազմել է 1 մլրդ դրամ, ընդ որում, Օրանժ Արմենիայի մեկ բաժանորդից ստացված շահույթը կազմում է 1500-2000 դրամ, և 7000-9000 դրամ` ինտերնետ-կապի բաժանորդի դեպքում: Օրանժ Արմենիայի բաժանորդային բազան վերջին տվյալներով կազմում է բջջային կապի 300 հազար օգտագործող և ինտերնետ-կապի` 45 հազար:
Օրանժ Արմենիայի կողմից iPhone սմարթֆոնների վաճառքը 2010-ի ապրիլ-նոյեմբերին կազմել է 400 հատ: Վաճառքի մեկ երրորդը բաժին է ընկնում iPhone 3G մոդելին, իսկ iPhone 4-ի բաժինը կազմում է վաճառված սմարթֆոնների ընդհանուր քանակի երկու երրորդը: Ինչպես նշել է Դյութուան, iPhone 4-ի նկատմամբ հետաքրքրությունը գերազանցել է ընկերության սպասումները և շուտով Օրանժ Արմենիայի խանութներում կվաճառվեն այս մոդելի նոր սմարթֆոններ:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը նոյեմբերի 3-ին որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Վարույթը հարուցվել է հաշվի առնելով մամուլում (www.hetq.am կայք և «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված և Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները: ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ:
Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկություններ:
Կապի օպերատոր «Օրանժ Արմենիայի» նկատմամբ վարչական վարույթը, որը հարուցվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից, նորմալ գործընթաց է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Օրանժ Արմենիայի» տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ՏՄՊՊՀ-ին բողոք ներկայացնելը ցանկացած ժողովրդավարական երկրի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է:
Միաժամանակ, նա նշել է, որ ընկերությունը կմեկնաբանի իրավիճակն այն բանից հետո, երբ պաշտոնական ծանուցում կստանա ՏՄՊՊՀ-ից և կծանոթանա մանրամասների հետ:
Հայաստանն ընդհանուր առմամբ «ցանցային պատրաստության ինդեքսով» միջին ցուցանիշներ ունի, սակայն հետ է մնում տարածաշրջանի երկրներից: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Երգնյանը` մեկնաբանելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) ամենամյա հետազոտությունների արդյունքները: 2009-2010 թվականների զեկույցի համաձայն, Հայաստանը 101-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 133 երկրների շարքում` իր դիրքերը բարելավելով 13 հորիզոնականով, և այնուամենայնիվ, հետ է մնում տարածաշրջանի երկրներից:
Մինչև ընթացիկ տարվա նոյմբերի ավարտը Երևանում կբացվի Cisco-ի ակադեմիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Unicomp ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ արդեն հաստատվել է ակադեմիայի դասընթացների քանակը (12), բովանդակությունը, ստացվել է լաբորատորիաների համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները: Դասընթացները նախատեսված են ինչպես ուսանողների, այնպես էլ որակավորումը բարձրացնելու ցանկություն ունեցող մասնագետների համար:
«Մենք բազմաթիվ հայտեր ենք ստացել և այս պահի դրությամբ վերլուծում ենք գիտելիքների մակարդակը: Մենք ցանկանում ենք, որ մեր շրջանավարտները միջազգային ճանաչում ունեցող ինդուստրիալ հավաստագիր ստանան»,-ասել է Արմեն Բալդրյանը: Ինչպես նշել է Բալդրյանը, տնտեսական ճգնաժամը դանդաղեցրեց Հայաստանում Cisco-ի ներկայացուցչության բացման շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, կվերսկսվեն հաջորդ տարի:
Տարածաշրջանային երրորդ GITI՝ ՏՏ ոլորտում նորարարություններին նվիրված վրացական կոնֆերանսին կմասնակցեն ՏՏ ոլորտի 24 հայկական ընկերությունների 40 ներկայացուցիչներ: Նոյեմբերի 10-12 կայանալիք խորհրդաժողովի մասնակցության հայտեր են ներկայացրել նաև Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչները: «Խորհրդաժողովի ընթացքում հայկական ընկերությունները կկարողանան ցուցադրել իրենց արտադրանքը: Մեր ցուցադրական վահանակի հագեցման գործում տեխնոլոգիական աջակցություն ցույց կտա D-Link ընկերությունը»,-ասել է Հովսեփյանը: Հայկական ընկերություններին աջակցում են նաև USAID Caps և USAID RCI-ն:
Armnet-ի լավագույն կայքերը կընտրվեն Armnet Awards առաջին համահայկական վեբ-մրցույթի շրջանակներում: Մրցանակը սահմանել են SP Marketing Solutions մարքեթինգային գործակալությունը, Circle. am կայքը և բջջային օպերատոր Orange Armenia-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Մրցույթի անցկացման ընթացակարգն ենթադրում է երկփուլ հանրային քվեարկություն armnetawards.am կայքում՝ նոյեմբերի 10-30-ը, և միջազգային ժյուրիի գնահատում ՝ դեկտեմբերի 3-4-ը: Մրցույթին կարող են մասնակցել 2008-10թթ. ստեղծված կամ էապես նորացված կայքերը: Կայքերը պետք է կապ ունենան Հայաստանի հետ՝ ստեղծված լինեն հայկական շուկայի համար, կամ ներկայացնեն Հայաստանի կամ Սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները կամ ամբողջովին պատրաստված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից: Մրցույթին մասնակցելու համար կայքը հարկավոր է գրանցել armnetawards.am. մրցույթի պաշտոնական կայքում:
Միջազգային ժյուրիի կազմում են ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ Microsoft, Opera Sotware ընկերությունների, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի, Vkontakte.ru սոցիալական ցանցի ներկայացուցիչները: Եզրափակիչ կանցնի 75 կայք, որոնք կմրցեն ութ անվանակարգերում՝ «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Ժողովրդական ընտրություն», «Orange-ի հատուկ մրցանակ»: