Բելգորոդում նոկաուտ-համակարգով շարունակվում է 2010-ի Ռուսաստանի գավաթը:
Հայ գրոսմաստեր Զավեն Անդրիասյանը հաջող ելույթներից հետո անցել է 3-րդ փուլ, որտեղ նրա մրցակիցն է Սանան Սյուգիրովը (Ռուսաստան): Իրենց առաջին խաղում շախմատիստները կիսել են միավորները և հաշիվը հավասար է` 0.5:5: Շախմատիստներն անցկացնելու են ևս մեկ հանդիպում:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1 190 000 ռուբլի:
Տալի ավանդական շրջանաձև գրոսմայստերային գերմրցաշարում, որը տեղի է ունենում Մոսկվայում, նոյեմբերի 10-ին կայացել է 5-րդ տուրը:
Լևոն Արոնյանը հանդիպել է Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան) և ոչ ոքի խաղացել: Արոնյանը 3.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
6-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) հետ և 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հուշամրցաշարի ավարտին մնացել է 3 տուր, 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Հիկարա Նակամուրայի (ԱՄՆ) դեմ:
Բասկետբոլ. Նոյեմբերի 4-ին երևանյան «Հատիս» բասկետբոլային ակումբը Եվրոպայի Գավաթի խմբային փուլում «Միկա» մարզադահլիճում ընդունեց Իսրայելի «Էլիտզուրին»: Խաղի սկիզբը արագ և դինամիկ ստացվեց: «Հատիսի» բասկետբոլիստուհիներն առաջին շրջանի կեսին արդեն ձգտում էին հետ չմնալ և միայն հավասարեցնում էին հաշիվը: Մրցակիցը շատ էր երեքմիավորանոց նետումներ կատարում, ինչը չէր հաջողվում «Հատիսին»: Առաջին շրջանն ավարտվեց 19:21 հաշվով` հօգուտ «Էլիտզուրի»: Երկրորդ շրջանում «Հատիսի» բասկետբոլիստուհիները շատ էին հարձակվում, բայց կարողացան ընդամենը 11 միավոր հավաքել: Թիմի առաջին երեքմիավորանոց նետումը շրջանի կեսերին կատարեց Ամանդա Ջեքսոնը: «Էլիտզուրի» առավելությունն աճում էր, և երկրորդ շրջանի ավարտին նրանք առաջ էին 10 միավորով` 30:40: Երրորդ շրջանում «Հատիսը» 5 միավորով կրճատեց տարբերությունը: Շրջանն ավարտվեց 50:55 հաշվով` հօգուտ հակառակորդի:
Չորրորդ շրջանում Գիա Ղազանչյանի սաներին հաջողվեց տարբերությունն ընդամենը երկու միավորի հասցնել, բայց հետո նրանք կրկին գնդակներ բաց թողեցին և 69:82 հաշվով զիջեցին: F խմբում «Հատիսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ նոյեմբերի 18-ին Երևանում:
«Կներեք, որ այս անգամ այսպես ստացվեց: Խաղը հավասար էր, այն պահին, երբ մեր առաջատար խաղացող Էրիկա Դևիսը հուսահատվեց, հուսահատվեց նաև ողջ թիմը և չգտնվեց խաղացող, որը նրան արժանի փոխարինող կլիներ և իր հետևից կտաներ թիմը»,- ասաց «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը Եվրոգավաթի խմբային փուլում իսրայելական «Էլիտզուրից» 69:82 հաշվով կրած պարտությունից հետո:
Միակ սփոփիչ փաստը Ղազանչյանի համար այն է, որ «Հատիսն» այս խաղում ավելի լավ խաղաց, քան մեկ շաբաթ առաջ «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ, որին զիջեց 79:50 հաշվով: «Ռուսական թիմն ավելի թույլ է այս թիմից, և հաղթանակի դեպքում, նույնիսկ եթե մենք խմբում զբաղեցնենք 3-րդ տեղը, կկարողանանք դուրս գալ փլեյ-օֆ»,- հավելեց Ղազանչյանը:
«Հատիս»-«Էլիտզուր» խաղից հետո իսրայելյան թիմի գլխավոր մարզիչ Ադան Ինբարն ասաց, որ երկու թիմերի համար էլ խաղը դժվար էր: «Մենք ավելի ուժեղ էինք երկու քառորդներում, իսկ հայկական թիմը լավ խաղ ցույց տվեց վերջին քառորդներում և գրեթե կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն իմ սաները ճիշտ խաղացին, վերցրեցին խաղն իրենց ձեռքն ու կարողացան հաղթել»,-ասել է Ինբարը:
Ըստ գլխավոր մարզչի, F խումբը, որտեղ հանդես են գալիս երկու թիմերը, ամենադժվարն է, քանի որ բոլոր երեք թիմերը փլեյ-օֆ դուրս գալու լավ շանսեր ունեն. «Հատիսի» հետ հանդիպումից առաջ մենք դիտեցինք այդ թիմի խաղերի տեսագրությունները և գիտեինք, որ խաղը հեշտ չի լինելու: Կարծում եմ, հայկական թիմն ամեն ինչ կանի հաջորդ խաղում հաղթելու համար և կփորձի դուրս գալ խմբից»:
F թիմում բոլոր թիմերն ունեն երկուական միավոր: «Դինամո-ԳՈՒՎԴ», «Էլիտզուրն» ու Հատիսը գրավում են համապատասխանաբար 1-3 տեղերը:
Թենիս. Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) նոյեմբերի 8-ին, Swiss Indoors Basel-2010 մրցաշարի ավարտից հետո, հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը:
Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ 4 հորիզոնականով բարելավել է իր դիրքը ATP վարկանիշում և 1435 միավորով զբաղեցնում է 25-րդ տեղը:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել US Open 2010 հաղթող Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա ունի 11810 միավոր, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) բարձրացել է 2-րդ տեղը՝ վաստակելով 7695 միավոր, 3-րդ տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը 6945 միավորով:
Նոյեմբերի 10-ին Փարիզում ընթացող «Մաստերս» մրցաշարի երկրորդր շրջանում Դավիթ Նալբանդյանը հանդիպել է շոտլանդացի Էնդի Մարեյի հետ, որն ազատված էր առաջին շրջանի խաղերից:
Առաջին սեթն ավարտվեց ի օգուտ Նալբանդյանի 6:2 հաշվով, երկրորդում ավելի ուժեղ հայտնվեց Մարեյը և հաղթեց 6:4 հաշվով: Վճռական՝ երրորդ սեթում խաղը շատ դժվար էր գնում և Նալբանդյանը փորձում էր հավասարեցնել հաշիվը, սակայն 3:3 հաշվի պայմաններում Մարեյը սկսեց ավելի վստահ գործել և հաղթեց 6:3 հաշվով: Դա թենիսիստների չորրորդ հանդիպումն էր և հաշիվը դարձավ 2:2:
Սամբո. Նոյեմբերի 4-ից 8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է Սամբոյի աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը` նոյեմբերի 5-ին, մրցագորգ դուրս եկած հայ սամբիստներից Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ) զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը:
74 կգ քաշային կարգում հանդես եկող, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն:
Ստեփանակերտցի մարզիկն այս տարվա գարնանը Մինսկում նվաճել էր նաև մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Սամբոյի աշխարհի առաջնությունում հանդես եկավ մարտական սամբոյի մրցումների 68 կգ քաշային կարգում գոտեմարտող, Եվրոպայի 2010թ առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը, ով, գերազացելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո առաջին հարթակին և հռչակվեց հողագնդի չեմպիոն:
Ֆուտբոլ. Նոյեմբերի 6-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 27-րդ տուրի խաղերը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Բանանցն» ընդունեց «Կիլիկիային» և Արսեն Բալաբեկյանի գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով: «Ուլիսը» սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ` 1:1 և նվաճեց Հայաստանի առաջնության բրոնզե մեդալը: Սևադա Արզումանյանի սաները հավաքեցին 52 միավոր և անհասանելի դարձան «Միկայի» համար:
Նոյեմբերի 7-ին կայացավ 27-րդ տուրի հետաձգված հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Փյունիկն» ընդունեց «Գանձասարին» և 3:0 հաշվով պարտության մատնեց:
Հաղթանակից հետո «Փյունիկը» 62 միավորով գլխավորում է առաջնությունը` «Բանանցից» առաջ անցնելով 1 միավորով, իսկ «Ուլիսն» ապահովել է իրեն բրոնզե մեդալներ:
Առաջնության ավարտին մնացել է 1 տուր. «Կիլիկիան» կընդունի «Փյունիկին», «Շիրակը»` «Բանանցին», «Միկան»` «Ուլիսին», «Գանձասարը»` «Իմպուլսին»: