15 նոյեմբերի 2010 - 18:30 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանում LTE ցանցը կգործարկվի դեկտեմբերի 1-ին
Հեռահաղորդակցությունների և ՏՏ ոլորտում նոյեմբերի 8-15-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ռադիոհաճախականություններ է տրամադրել ՎիվաՍել-ՄՏՍ-ին LTE տեխնոլոգիայով 4G ցանց կառուցելու համար: ՀԾԿՀ-ն օպերատորին լիցենզիա է տրամադրել հետևյալ հաճախականությունների օգտագործման համար՝ 40 ՄՀց (2500-2520 ՄՀց հատվածներում և 2620-2640 ՄՀց Երևանում և 2600-2640 ՄՀց՝ մարզերում):

Չորրորդ սերնդի ցանցը թեստային-կոմերցիոն ռեժիմով կգործարկվի 2010թ. դեկտեմբերի 1-ին, իսկ 2011թ. փետրվարին նախատեսվում է լիովին անցնել ցանցի կոմերցիոն շահագործման Երևանում, իսկ ժամանակի հետ նաև մարզերում: Հայաստանում LTE ցանցի կառուցման և զարգացման ծախսերը կկազմեն շուրջ 17 մլն դոլար: Ինչպես այսօր լրագրողներին է հայտնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, 4G ինտերնետ կապի գինը մոտավորապես կհամապատասխանի 3G ցանցի ինտերնետ ծառայության գներին: Նա նշել է նաև, որ դեռևս բարձր են մնում 4G միացման մոդեմի գինը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարտավոր է շահագործման հանձնել ցանցը մինչև 2011թ. մարտի 1-ը: Լիցենզիայի արժեքը, որի ժամկետը մինչև 2019թ. նոյեմբերի 4-ն է, կազմել է 990 մլն դրամ: ՀԾԿՀ հետ LTE ցանցի կառուցման համար բանակցություններ է վարում նաև «ԱրմենՏել» ընկերությունը: Ընկերությունը մտադիր է ներկայացնել այդ տեխնոլոգիան Հայաստանում հենց որ նրան հաճախականություն տրամադրվի:

Շարժական կապի չորրորդ սերունդը՝ 4G-ին բնութագրվում է տվյալների փոխանցման բարձր արագությամբ և ձայնային կապի բարձր որակով:

«ԱրմենՏել» ընկերությունը մոտ ժամանակները կսկսի 096 տարածաշրջանային կոդով հեռախոսահամարներ տրամադրել: Օպերատորին ժամանակ է պետք իր համակարգում նոր կոդը գրանցելու համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 10-ին «ԱրմենՏել» ընկերությանը տրամադրել է 096 կոդը: Նոր կոդի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ ընկերությունը սպառել է 091 և 099 կոդով համարների ավելի քան 60 տոկոսը:

Instigate-ը մշակել է «Արաքս»ծրագրային ապահովումը հատուկ տարածաշրջանի օգտվողների համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արաքս» օպերացիոն համակարգի համահեղինակ Նորայր Չիլինգարյանը, ծրագիրը հավաքված է GNU/Linux հիմքի վրա: Նոր օպերացիոն համակարգի համար ընտրվել է խորհրդանշական անվանում՝ չէ որ Արաքսը սահմանային գետ է: «Արաքսը» տեղայնացված է հայերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով: «Արաքսի» միջոցով կարելի է Ինտերնետին մեկ քլիքի օգնությամբ միանալ ցանկացած հայկական պրովայդերի հետ: Նոր օպերացիոն համակարգը «ճանաչում է» նաև մյուս օպերացիոն համակարգերի ֆայլերը: «Արաքսը» տարբեր ինտերֆեյսներ ունի, ինչպես նաև թարգմանության և հայերեն լեզվով տեքստերի ուղղագրությունը ստուգելու հնարավորություն:

Հայկական ընկերությունները Թբիլիսիում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների GITI 2010 երրորդ տարածաշրջանային խորհրդաժողովում լավագույնն են ճանաչվել հինգ անվանակարգերում: Ինչպես PanARMRNIAN.Net-ին հաղորդեց UITE Expo տնօրեն Վահան Հովսեփյանը, կոմերցիոն կազմակերպություններից «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգում մրցանակ ստացավ X-Tech ընկերությունը, «Բիզնեսի լավագույն լուծումը բիզնեսի համար» անվանակարգում` Essential Solutions-ը, «Լավագույն համալիր բիզնես-լուծում»` IDram-ը, «Լավագույն ինտեգրատոր»` LimeTech-ը, իսկ պետական կազմակերպություններից մրցանակի արժանացավ EKENG ընկերությունը` «Լավագույն IT նախագիծ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ GITI 2010-ում 14 անվանակարգ էր ներկայացված:

Նոյեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը։ Ծրագրի նպատակն է աջակցել լրատվամիջոցների զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ տեղեկատվության մշտական հոսքում իրենց տեղն ունենան այնպիսի տեսակետներ ու նորություններ, որոնք հասանելի չեն հանրությանը։ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Դրամական փոխանցումների Anelikհամակարգը և QIWI վճարային ծառայությունը հնարավորություն են տալիս դրամական փոխանցումներ կատարել ՌԴ խոշորագույն QIWI տերմինալների ցանցի միջոցով՝ հետագայում Anelik համակարգի կետերում այն ստանալու հնարավորությամբ: Anelik-ի հաճախորդները այսուհետ կարող են դրական փոխանցումներ կատարել ՌԴ տարածքում և դեպի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Աբխազիա, Տաջիկստան, Ուկրաինա և Չեխիա QIWI ավելի քան 100 հազար տերմինալների ցանցի միջոցով: Փոխանցումը հնարավոր կլինի ստանալ արդեն 15 րոպե անց: Փոխանցման համար գանձվում է գումարի ընդամենը 2,3 տոկոսը և գանձվում է միայն փոխանցողից: Ստացողը գումարը ստանում է ամբողջությամբ: QIWI տերմինալների ծառայությունը թույլ է տալիս բոլոր ծառայությունների համար վճարումները կատարել բոլոր տերմինալների, ինտերնետի ու բջջային հեռախոսի միաջացով՝ «QIWI-ին բջջայինում» հավելվածի միջոցով:

2010թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ Դեսպան Մարի Յովանովիչը Սինոփսիս Արմենիայինհանձնեց «Գերազանց կորպորատիվ գործունեության համար» մրցանակը, որը սահմանվել է ԱՄՆ էկոնոմիկայի, էներգետիկայի և գյուղատնտեսական հարաբերությունների քարտուղար Ռոբերտ Հորմաթսի կողմից:

Ինչպես իր ելույթում նշեց Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ընկերությունը ճանաչվել է լավագույնը որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ և օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ կրթական ծրագրերով և աշխատում է Հայաստանում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ` տնկելով հազարավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետևանքները կանխելու համար. Սինոփսիս Արմենիայի աշխատակիցները 6 տարվա ընթացքում ավելի քան 3 հազ. ծառ են տնկել մայրաքաղաքին տարբեր հատվածներում: Նա համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մի շարք կազմակերպություններին, ՀՀ կառավարությանն ու Հայաստանի նախագահներին: 2010թ. մրցանակաբաշխության երեք հաղթողները հայտնի կդառնան 2010թ. աշնանը ԱՄՆ Պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News