25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին
Հայկական խաչքարեր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ ապրում են հայեր, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանում
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

Նոյեմբերի 17-ին կոմիտեն, քննարկելով Հայաստանի մշակույթի նախարարության հայտը, որոշում է ընդունել հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ: Նշենք, որ այս փաստն առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը, որի ձեռքերով Ջուղայում ոչնչացվել են 1000 հայկական խաչքարեր: Ելույթ ունենալով Բաքվում մամլո ասուլիսում`Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Քենիայում «կանխարգելվել են հայերի փորձերն ընդգրկել Ադրբեջանի ալբանական խաչերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ` որպես հայկական խաչքարեր»: «Կարծիքների լուրջ փոխանակության արդյունքում համապատասխան նմուշներն ընդգրկվել են ցուցակ այլ անունով` որպես միայն Հայաստանում գտնվող և հայկական արվեստին պատկանող արվեստի նմուշներ: Ալբանական խաչքարերը ցուցակում ընդգրկելու հնարավորությունը լիովին բացառվել է»,- ասել է Գարաևը:

Հայ հասարակությունն առաջին անգամ չէ, որ բախվում է Ադրբեջանի կողմից փաստերը խեղաթյուրելու հետ: Այլ երկրների մշակութային հուշարձանները յուրացնելը, հայկական խաչքարերն «ալբանականի» վերածելն ադրբեջանցի պաշտոնյաների համար սովորական երևույթ է դարձել:

Մենք մեր հերթին խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի քաղաքացիներին այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայք` http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00011&RL=00434 և ծանոթանալ կոմիտեի որոշման և նրա հետ, թե ինչպես են ներկայացվել հայկական խաչքարերն այդ որոշման մեջ:

Պետք է նշել, որ հայկական խաչքարեր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ բնակվում են հայեր, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանում, որտեղ ադրբեջանական իշխանություններին ահա արդեն մի քանի տասնամյակ չի հաջողվում ջնջել հայկական հետքը:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News