11 դեկտեմբերի 2010 - 14:07 AMT
ՀՈԴՎԱԾ
Կոռուպցիան կյանքի ճշմարտությունն է
Կոռուպցիայի հետ համակարգային պայքարն անհնար է, եթե երկրում անպատժելիության մթնոլորտ է
Հայաստանում հարցվածների միայն 15 տոկոսն է գտնում, որ կոռուպցիայի մակարդակը երկրում վերջին երեք տարիներին նվազել է, և միայն 27 տոկոսի կարծիքով է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների ձեռնարկած քայլերն արդյունավետ են: Եվ թերևս ամենամտահոգիչն այն է, որ ըստ հայաստանյան հարցվողների, ամենակոռումպացված ոլորտը համարվել է կրթական համակարգը, և ԿՀԲ հարցման մեջ ընդգրկված և ոչ մի երկրում այդ համակարգն այդ աստիճանի կոռումպացված չի ընկալվում, ինչպես Հայաստանում:

Հարցված համարյա ոչ մի երկրում կրթական համակարգը չի ընկալվում որպես ամենակոռումպացված ոլորտ, և երկրորդ, ոչ մի երկրում նշված համակարգը այդքան «բարձր միավոր» չի հավաքել (4.2), որքան Հայաստանում (գնահատման սանդղակը 1-ից 5-ն է, որտեղ 1-ը նշանակում է ընդհանրապես չկոռումպացված, իսկ 5-ը` լիովին կոռումպացված) :

Հայաստանում հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել հաստատությունների/ծառայությունների հետ շփում ունեցած հարցվողների 22 տոկոսը: Այստեղ հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ տեղի է ունեցել կաշառատվության կտրուկ անկում: 2009թ.-ին հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում կաշառք էր տվել հաստատությունների/ծառայությունների հետ շփում ունեցած հարցվողների 43 տոկոսը:

Հայաստանում կոռուպցիայի դեմ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը համարել է անարդյունավետ հարցվողների 53 տոկոսը, իսկ արդյունավետ` 27 տոկոսը: Մնացած 20 տոկոսի կարծիքով ոչինչ չի փոխվել: Այս առումով կարելի է համարել, որ Հայաստանը գրանցել է որոշակի հետընթաց նախորդ տարվա համեմատ, քանի որ անցյալ տարի իշխանությունների քայլերն անարդյունավետ էր համարել հարցվողների 48, իսկ արդյունավետ` նրանց 38 տոկոսը:

Հայաստանի ամենակոռումպացված կառույցը հարցման ենթարկվածները համարել են դատախազությունը, դատարանները, ԿԸՀ-ն, պետավտոտեսչությունը, հարկային ծառայությունը: Ըստ ՀՀ բնակչության, ամենաքիչ կոռումպացված կառույցներն են օմբուդսմենի գրասենյակն ու ՀԾԿՀ-ն

Ցավոք, Հայաստանը, ինչպես վկայում են տեղական և միջազգային փորձագետների ուսումնասիրությունները և հանրային կարծիքի հարցումները, շարունակում է մնալ համատարած և համակարգային բնույթ ունեցող կոռուպցիայի երկիր: Դա են վկայում Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ ինչպես Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) երկու հիմնական համաթվերի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների այս տարվա տվյալները: Այսպես, համաձայն հոկտեմբերի 26-ին հրապարակված ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) տվյալների` Հայաստանի ԿԸՀ արժեքը էլ ավելի է նվազել նախորդ տարիների ԿԸՀ համեմատ, և այժմ կարելի է պնդել, որ սկսած 2007թ.-ից երկարաժամկետ կտրվածքով առկա է դանդաղ և սահուն վատթարացում: Ընդ որում, իրավիճակը բարվոք չէր և դրանից առաջ, երբ այդ համաթվի արժեքը, որը փաստորեն չէր փոխվում սկսած 2003թ.-ից, նույնպես շատ ցածր էր և, ըստ մասնագետների, վկայում էր երկրում կոռուպցիայի համակարգային լինելու մասին: ԹԻ-ի մեկ այլ համաթիվ էլ, 2010թ.-ի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը, հրապարակվեց այսօր և նրա` Հայաստանին վերաբերող տվյալները նույնպես մտորելու տեղիք են տալիս:

Համակարգային բնույթ ունեցող ախտի դեմ պայքարը պետք է ունենա համակարգային բնույթ, որը ենթադրում է կոռուպցիայի հաղթահարում բոլոր ոլորտներում իրար հետ փոխկապակցված և հետևողական քայլերի միջոցով` կիրառելով կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական ուղղությունները, այն է` կանխարգելումը, բացահայտումը և հանրային աջակցության ապահովումը: Կոռուպցիոն բուրգի գագաթը չպետք է լինի անձեռնմխելի, քանի որ համակարգային պայքարն անհնարին է, եթե երկրում առկա է անպատժելիության մթնոլորտ: Բիզնեսը և քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն: Իրար սերտաճած քաղաքական և տնտեսական մենաշնորհները բացարձակացնում են իշխանությունը, իսկ բացարձակ իշխանությունը չի կարող գոյատևել առանց կոռուպցիայի:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News