Ադրբեջանի նախագահը նույնպես հավատարիմ է իրեն: Շնորհավորելով իր ժողովրդին Նոր տարվա կապակցությամբ` նա կրկին սկսեց սպառնալ Հայաստանին: Ալիևի ելույթին դեռ կվերադառնանք, միայն նշենք, որ Նոր տարին իսլամական (աշխարհիկ) երկրի համար տոների թվի մեջ չի մտնում: Եթե Ադրբեջանը գնում է իսլամի ուղիով, ապա Ամանորը մարտին է, եթե աշխարհիկ ճանապարհով` դեկտեմբերին: Բայց քանի որ Բաքուն այդպես էլ չկողմնորոշվեց, թե որ ուղիով ընթանա, ապա շնորհավորանքն էլ անհասկանալի ստացվեց: Եթե լսենք Ալիևին, ապա աշխարհում բացի Ադրբեջանից բոլոր երկրները խորը անկում են ապրում, իսկ նրանց քաղաքական համակարգերը հեռու են «ժողովրդավարական» Ադրբեջանից: Հիրավի, նավթը փակում է աչքերը:
Սակայն մեջբերենք սուլթանության ղեկավարին: «2010-ին մենք մեծ հաջողությունների հասանք արտաքին քաղաքականության մեջ: Աճում է մեր ընկերների քանակը` երկրների, որոնք ցանկանում են համագործակցել Ադրբեջանի հետ: Մենք հաջող արտաքին քաղաքականություն ենք վարում նաև երկկողմանի հարթությունում` թե տարածաշրջանային, թե բազմակողմանի ձևաչափերում: Մեր կապերը միջազգային կազմակերպությունները հետ կայացած հարաբերություններ են` կառուցված փոխադարձ հարգանքի, փոխվստահության և փոխադարձ շահերի վրա: Ղարաբաղյան հակամարտության լուծումը մեր համար ամենակարևոր և ամենամեծ խնդիրն է: Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Իր կողմից Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է նրա համար, որպեսզի այդ հարցը շուտափույթ լուծում ստանա և վերականգնվի միջազգային հանրության կողմից ճանաչված մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անպայման տեղի ունենա: Ադրբեջանը երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ, երբեք չի համաձայնվի իր բնիկ հողում` Լեռնային Ղարաբաղում, երկրորդ հայկական պետություն ստեղծելու հետ: Մենք բոլորս լավ գիտենք, որ ներկա հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Ադրբեջանը և ադրբեջանական ժողովուրդը երբեք չեն համաձայնվի ադրբեջանական հողերում երկրորդ հայկական պետություն ստեղծելու հետ: Այդ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդիկ և ադրբեջանցիները, որոնք կվերադառնան այնտեղ, կապրեն ինքնավարության կարգավիճակի շրջանակներում, և դա հարցի լուծման միակ տարբերակն է»: Այսքան երկար մերջբերումը նրա համար է, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ով է այս պարագայում ագրեսորը և նվաճողը: «Տարածքային ամբողջականությունը» կրկնվում է մի քանի անգամ, իսկ «Ադրբեջանի պատմական հողերի» մասին հարևան երկրում չի խոսում միայն ծույլը: Հետաքրքրիր է` ինչի համար են այս կրկրնությունները, իր համար, թե ժողովրդի, որն արդեն վաղուց չի լսում երկրի ղեկավարությանը և հարուստ և զարգացող Ադրբեջանում բացառապես զբաղված գոյատաևելով: Միգուցե Իլհամ Ալիևին պետք է հիշեցնել, թե ինչպես Հին նոր տարում Բաքվում կոտորվեցին Ադրբեջանի կեսմիլիոնանոց հայկական համայնքի մնացորդները: Հիշեցնել պետք է, որովհետև այդ ժամանակ` 1990-ին, Ալիևը Մոսկվայում էր և զբաղված էր բնավ ոչ պետական գործերով, այլ հոր ժառանգությունը լվանալով: Բայց սա հենց այնպես, ի միջի այլոց: Իրականում Ադրբեջանի նախագահի և ղեկավարության բոլոր ելույթներում առկա է վախ: Նրանք հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի հետաքրքրում աշխարհին: Աշխարհին պետք է նավթ ու գազ: Իսկ թե ինչ ճանապարհով նրանք դա կստանան, ոչ ոքի չի հետաքրքրում: Բայց հակամարտության ռազմական փուլը կարող է վտանգել խողովակաշարերի գործունեությունը, և ուստի Ալիևին դեռ լսում են: Իսկ եթե սկսի խոսել ոչ այն, ինչ նրանից ցանկանում են լսել, կփոխեն: Իզուր են Բաքվում ուրախանում Մեթյու Բրայզայի ժամանումով: Նա, չնայած «ադրբեջանական ժողովրդի նկատմամբ համակրանքին», ամեն դեպքում ամերիկյան դիվանագետ է և նրա խնդիրը նավթատարների անվտանգությունն է: Հենց նույն Բրայզան կարող է ուղղակի վերցնել և «հեղափոխություն» սարքել, արդեն մշակված տարբերակ կա:
Այնուամենայնիվ, հուսանք, որ Ալիևը խելքի կգա և կդադարի պատմությունը հարմարեցնել իրեն և կճանաչի, որ ԼՂՀ-ն նա ընդմիշտ կորցրել է ոչ առանց հանգուցյալ հոր օգնության, և կփորձի ապրել Հայաստանի հետ եթե ոչ բարեկամության, ապա գոնե ոչ թշնամության մեջ: Դա պատկերացնելը բարդ է, բայց հնարավոր: