23 հունվարի 2011 - 11:27 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանում և Ղարաբաղում նկարահանված «Here» ֆիլմը ներկայացված է Sundance-2011 կինոփառատոնում
Հունվարի 17-23-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում
Հայաստանի անցյալ շաբաթվա մշակութային կյանքը նշանավորվեց վառ իրադարձություններով, որոնք կապված էին ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի շոու բիզնեսի և մշակույթի ոլորտի իրադարձությունների հետ:

Billboard Dance/Club Play Songs չարթում, որը հրապարակվելու է հունվարի 20-ին, առաջին հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ փոփ-եգչուհի Շերի նոր You Haven't Seen the Last of Me սինգլը: Այդ կոմպոզիցիան, որը երգչուհին կատարել է նախորդ կիրակի, հունվարի 16-ին արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում: Այդպիսով, Շերը դարձավ պատմության մեջ ամերիկյան կատարողների հիթ-շքերթի առաջին կատարողը, որը վեց տասնամյակ շարունակ նվաճել է չարթի գագաթը:

Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին «Բժիշկ Մահի»՝ ամերիկահայ բժիշկ Ջեկ Գևորգյանի դերը Բարրի Լևինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմում կատարելու համար:

«Ինձ համար շատ բարդ էր կատարել իրական մարդու, ոչ թե հորինված հերոսի դեր»,-ասել է Ալ Պաչինոն «Ոսկե գլոբուսի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի լույս 17-ի գիշերը:

Ամերիկյան Here ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, մասնակցում է Sundance-2011 անկախ կինոյի ազգային ամերիկյան կինոփառատոնում ամերիկյան դրամաների մրցութային անվանակարգին, հաղորդում է Nypost.com-ը: Sundance-2011 27-րդ կինոփառատոնն անցկացվում է հունվարի 20-ից 30-ը ԱՄՆ-ում: Փառատոնի ժամանակ կկայանա ֆիլմի 7 ցուցադրություն:

Here այն խաղարկային ֆիլմերից մեկն է, որն ընտրվեց 1102 հավակնորդներից և 15 այլ ֆիլմերի հետ միասին մրցանակի է առաջադրված «Լավագույն խաղարկային ֆիլմ ԱՄՆ-ից» անվանակարգում: 2011 թվականի փառատոնում ընդհանուր առմամբ 115 լիամետրաժ ֆիլմ է ներկայացված աշխարհի 30 երկրներից:

Բոստոնի գեղեցիկ արվեստների թանգարանում (Boston Museum of Fine Arts) կներկայացվի հայկական «Գոհար» գորգը: «Գեղեցիկ արվեստների մագիստրոս» անվանումը կրող ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են նաև 17-18 դարերի կովկասյան գորգերը, կտևի մինչև հունվարի ավարտը: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հայտնել Ամերիկայի հայկական գրադարանում:

Հռչակավոր «Գոհար» գորգը, որը թվագրվում է 1700 թվականով, ամենահինն է Ղարաբաղի պահպանված հայկական գորգերից: Գրառման մեջ գորգագործուհին նշում է իր անունը և աշխատանքն ավարտելու տարեթիվը: «Ես, Գոհարս, ոգով թույլ և մեղսավոր, սեփական ձեռքերով գործեցի այս գորգը: Ով կարդա այս գրառումը, թող աղոթի Աստծուն ինձ համար: 1149 (1700) թվական:

Հայ ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով: Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը: Հարություն Խաչատրյանի ֆիլմը կցուցադրվի «Կինոյի պաշտամունքը Կիրիլ Ռազլոգովի հետ» ծրագրի շրջանակներում: Պատմությունը ծավալվում է սահմանամերձ ագարակում, իսկ գլխավոր «հերոսուհին» գոմշակովն է: 2009 թվականին այս կինոնկարը ԱՊՀ և Բալթյան երկրների կինոյի «Կինոշոկ» 18-րդ Բաց փառատոնում մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ անցյալ տարի Ֆրիբուրգի (Շվեյցարիա) Միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացավ FIPRESCI Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին:

Հունվարի 18-ին Մոսկվայում հայ և ադրբեջանցի համայնքների մոտ 50 ներկայացուցչի մասնակցությամբ կայացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը» ֆիլմի www.prervannaya-pesnya.ru պաշտոնական կայքի շնորհանդեսը:

Նախագծի և դրա ստեղծողների մասին տեղեկատվությամբ կայքն ունի 6 բաժին: «Ղարաբաղյան հակամարտություն» բաժնում զետեղված է մանրամասն տեղեկատվություն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, «ԶԼՄ-ները մեր մասին» բաժնում, դրական արձագանքներից զատ, նաև հղումներ` ադրբեջանական լրատվամիջոցների նյութերին, որոնք, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, «Ընդհատված երգի» վարկաբեկմանն ուղղված քարոզարշավ են ծավալել:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմի www.prervannaya-pesnya.ru կայք` գործարկվելու առաջին երկու օրերին այցելել է ավելի քան 25000 մարդ: Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը կայքը հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, ինչի արդյունքում բոլոր այցելուները մեխանիկորեն վերահասցեավորվել են ադրբեջանական հակահայկական բովանդակության կայքերի վրա: Կարճ ժամանակ անց կայքը սպասարկող կազմակերպության ջանքերով դրա բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Ուկրաինայում բացվել է Օդեսայում գործող զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի թանգարանի կայքէջը՝ http://ahbmarshal.ho.ua/, հայտնում է Analitika.at.ua-ն:

2001 թվականին Օդեսայում գրանցվել է «Համազասպ Բաբաջանյանի անվան հիշատակի ընկերակցությունը», որի նպատակն է մարշալի հիշատակի հավերժացումը, երիտասարդության դաստիարակությունը: Թանգարանը գործում է 2004թ. փետրվարից: Դեկտեմբերի 3-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը:

Լիլիթ Հարությունյան / PanARMENIAN News