28 հունվարի 2011 - 13:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Բաքվի քարոզչամեքենայի ապարդյուն ճիգերը. ի՞նչ կլինի հետո
Ալիևների կլանի կողմից սանձազերծված հակահայկական հիստերիան լիովին հասկանալի բացատրություն ունի. միայն արտաքին թշնամու առկայությամբ կարելի է ժողովրդին շեղել ամենօրյա կենաց պայքարից
Ադրբեջանական մամուլ ընթերցելը բավական ուշագրավ զբաղմունք է և նպաստում է տրամադրության բարձրացմանը: Ամեն օր ինչ-որ նոր բան ես իմանում հայերի, Ղարաբաղի և ընդհանրապես համաշխարհային պատմության մասին: Ճիշտ է, մեծամասամբ հարևան երկրի մեր գործընկերներն ընթանում են ոչ այն ուղղությամբ, ինչ պետք է: Ավելին, ադրբեջանական լրագրողները դաստիարակվածությամբ և, առավել ևս, նրբազգացությամբ աչքի չեն ընկնում:

Բայց կան բաներ, որոնց կողքով անհնար է անցնել: Մենք սովորաբար չենք մեկնաբանում և չենք պատասխանում ադրբեջանական կայքերի տարբեր տեսակի «տեղեկատվություններին»: Բայց այս դեպքը հատուկ է: Ոմն իսրայելցի Արյե Գուր, որը 1news.az-ի թղթակից է և հայտնի է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ կենդանական ատելությամբ, որոշել է, որ իրեն կարելի է վարկաբեկել Շառլ Ազնավուրին, որն արդեն վաղուց, ի գիտություն պարոն Գուրի, աշխարհահռչակ շանսոնյե է և ինչ-որ գրչակների ճանաչման կարիքը չունի: Եվ ընդհանրապես, միգուցե այդ Արյեն իրականում գոյություն չունի, և նրա փոխարեն գրում է ինչ-որ բաքվեցի հրեա, որը ժամանակին Բաքվից տեղափոխվել է ավետյաց երկիր: Հասկանալի է, որ Հայոց ցեղասպանությունը հիշատակելու դեպքում ադրբեջանական քարոզչամեքենայի գործիչների մեծամասնության մեջ առաջանում է այդ ցեղասպանությունն ավարտին հասցնելու ցանկություն, ինչպես դա ցանկանում էին երիտթուրքերը, որպեսզի ոչ մի կենդանի հայ չմնա երկրի երեսին: Այսպես, պրն Գուրը գրում է. «Պետք է նշել է, որ հենց Ազնավուրը Ղարաբաղում հայկական անջատողականության հիմնական գաղափարախոսներից է և հովանավորներից»: Դե իհարկե, եղել է և կլինի, ինչպես և յուրաքանչյուր հայ, որը հունվարի 29-ին նշում է Հայկական բանակի օրը, որը հաղթանակ է տարել անհավասար պատերազմում: Բայց մյուս միտքն ուղղակի անարգական է հենց հրեա ժողովրդի համար: «Չեն կարող հայերը հաշտվել այն մտքի հետ, որ հրեաների Աղետը ճանաչվել է ողջ աշխարհում, իսկ ահա այսպես կոչված «հայոց ցեղասպանության» հետ անընդհատ անհաջողություններ են տեղի ունենում»,- գրում է նա: Անհաջողություններ տեղի են ունենում Ադրբեջանում, երբ այսպես կոչված Շահիդների պուրակում թաղված են մարդասպաններ և բռնաբարողներ, երբ Մարաղայի կոտորածների մեղավորները հռչակվում են որպես հերոսներ, իսկ Ռամիլ Սաֆարովը, որը կացինով սպանել էր Գուրգեն Մարգարյանին, դարձել է երիտասարդության իդեալը և կուռքը: Համենայն դեպս այդպես ներկայացնում են այդ հանցագործությունները թերթերը, լրատվական գործակալությունները և հեռուստաալիքները:

Ալիևների կլանի կողմից սանձազերծված հակահայկական հիստերիան լիովին հասկանալի բացատրություն ունի. միայն արտաքին թշնամու առկայությն դեպքում կարելի է շեղել ժողովրդին ամենօրյա կենաց պայքարից: Իսկ ինչ կարելի է առաջարկել պարտված ժողովրդին բացի հարևանների նկատմամբ ատելությունից, որոնք, ապրելով իրական շրջափակման մեջ, համարձակվում են չանսալ իմաստուն Ալիևին և հոժարակամ չեն հանձնում «բուն ադրբեջանական հողերը»: Այստեղ ավելորդ չէ հիշեցնել, որ «բուն ադրբեջանական հողեր» են գրեթե ողջ Հարավային Կովկասը, Իրանի մասը և նույնիսկ Թուրքիան: Բաքվեցի իմաստունների մտահաղացմամբ վերջինիս ժամանակը կգա վերջին հերթին: Բայց Իլհամ Ալիևն իր ելույթներում և հաշվարկներում բաց է թողնում մի շատ կարևոր պահ. բոլոր վերոհիշյալ երկրները կարող են միավորվել և ճանապարհից հեռացնել վայ քաղաքական գործչին, որն իրեն երևակայել է Ադրբեջանի և հարակից տարածների սուլթան: Իրանի հետ հարաբերություններն արդեն փչացել են, Վրաստանի հետ ամեն ինչ նորմալ է թվում` շնորհիվ Միխայիլ Սահակաշվիլու «անհասկանալի հայտարարությունների», որի մոտ բոլոր նախագահները եղբայրներ են, իսկ Թուրքիայի հետ ամեն ինչ այնքան հարթ չի ընթանում: Ահա և Բաքվի քարոզչամեքենային մնում է վարկաբեկել ցանկացածին, ով հայկական արմատներ ունի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News