2 փետրվարի 2011 - 17:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Սահակ Իսկենյան. Ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից բացի որևէ այլ երկրում
Սփյուռքահայերն այդքան լավ չեն ապրում, ինչպես մենք ենք դա պատկերացնում, հատկապես արաբական աշխարհում
Այնպես է ստացվել, որ հայերը բախտի քմահաճույքով ցրվել են ողջ աշխարհով մեկ: Մենք շատ երկար չենք ունեցել մեր սեփական պետությունը, այլ եղել է վերացական հայրենիք, որը ներառել է անթիվ պատերազմներում կորցրած հողերը: Այդպես երկար է շարունակվել, շատ երկար` 600 տարի:Այնուհետև եղել է Ցեղասպանությունը, որը մեզ սփռել է ողջ աշխարհով, և առաջացել է սփյուռքը, և կենդանի են մնացել այն կես միլիոն հայերը, որոնք ողջ են մնացել Արևմտյան Հայաստանի ավելի քան 2 միլիոնանոց բնակչությունից:

Հայերը հիմնականում հաստատվել են Մերձավոր Արևելքում` այնտեղ ավելի հեշտ էր փախուստի դիմելը, և հետո կորցրած հայրենիքի կողքին վերադարձի հույսը երկար ժամանակ չի կորել…

Հայրենադարձության առաջին ալիքը Հայաստան, Հայկական ԽՍՀ սկսվել է 1946-ին: Ճիշտ է, դա անհաջող ավարտ ունեցավ` շատերը ետ գնացին. չափազանց տարբեր էր այն աշխարհը, ուր եկել էին: Հիմա մենք, թվում է, դառնում ենք հայրենադարձության նոր ալիքի ականատեսը` ավելի իմաստավորված, տառապանքների միջով անցած և դրանով հանդերձ ավելի արժեքավոր: Մեր զրուցակից Սահակ Իսկենյանը Հալեպից է: «2006-ին ավարտել եմ Հալեպի բժշկական ինստիտուտի տոքսիկոլոգիայի մագիստրատուրան, ծառայել եմ բանակում, դա Սիրիայում պարտադիր է, այլապես երկրից թաց չեն թողնի, և վերադարձել եմ տուն` Հայաստան: Ես հասկացա, որ եթե մնամ այնտեղ, ոչինչ չի լինի, իմ երեխաները կձուլվեն արաբական միջավայրին, կմոռանան լեզուն, կմոռանան, որ հայ են: Երևան գալու և մշտապես բնակվելու իմ որոշումը մտածված էր և տառապանքի միջով անցած: Իմ ծանոթներից շատերը, որոնք արդեն մի քանի տարի ապրում են Երևանում, սկզբում չէին մտածում մնալու մասին: Բայց… մնացին, և հիմա ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից բացի որևէ այլ երկրում: Տեսեք, թե ինչ է մնացել Եվրոպայում մեր համայնքներից` դրանք համարյա դադարել են գոյություն ունենալ: Հավանաբար այնտեղ հայեր կան, բայց արդեն ձուլված»,- պատմում է Սահակը:

Իսկենյանների տոհմը սերում է Կիլիկիայից` Այնթափից: Սահակի պապը 1902-ին կոտորածներից առաջ մեկնել է Սիրիա և բնակվել այնտեղ մինչև 1920-ը: Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Այնթափ, բայց մեկ տարի անց, երբ Կիլիկիա են մտել Աթաթուրքի զինվորները, ընդմիշտ լքելէ հայրենի հողերը: Ընտանիքը հիմնվել է Հալեպում: «Իմ պապին բոլոր գիտեին, նա պղնձագործ էր և հայտնի էր Դոկմաջի վարպետ անունով, այսինքն` պղնձի վարպետ: Հիմա նրա գործը շարունակում է իմ ավագ հորեղբայրը, նա ընտանիքի հետ մնացել է Հալեպում: Այնտեղ են ապրում նաև իմ ծնողները, իսկ եղբայրս ընտանիքի հետ եկել է Հայաստան: Ինձ շատերն են հարցնում` ինչպե՞ս ես այնտեղ ապրում: Այստեղ ինձ մոտ ամեն ինչ կարգին է. լավ կամ վատ հայրենիք չի լինում, նա այնպիսին է, ինչպիսին կա, և հայերը պետք է ապրեն հենց այստեղ: Իսկ հայոց պատմության նկատմամբ հետաքրքրություն ինձ մոտ առաջացել է 10 տարեկանում, այդ ժամանակ ես սկսեցի կարդալ գրքեր, ուսումնասիրել իմ ժողովրդի պատմությունը»,- պատմում է Իսկենյանը:

Պետք է ասել, որ սփյուռքահայերն այդքան լավ չեն ապրում, ինչպես մենք ենք մեզ դա պատկերացնում, հատկապես արաբական աշխարհում: Մեզ մոտ կարծրատիպ է ստեղծվել, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայերին ապաստան տված երկրները` Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը, Իրաքը, հայերին նույն կերպ լավ են վերաբերվում, ինչպես և 1915-ին: Իհարկե, դա այդպես չէ: Նույն Սիրիայում հայերին լավ է վերաբերվում պետությունը, ինչը չի կարելի ասել ժողովրդի մասին: Հենց հայերն են եղել առաջին լուսանկարիչները, հիմնել առաջին տպագրությունը, զարգացրել արհեստները և արվեստը: Այդ պատճառով պետությունը նրանց նորմալ է վերաբերվում, իսկ ահա սովորական ժողովուրդը հայերի մեջ տեսնում է զուտ «անհավատների»: Արաբական երկրներում կրոնական պատկանելությունը հսկայական, երբեմն որոշիչ նշանակություն ունի: Իսկենյանի խոսքերով, Հալեպում հայերն ավելի հեշտ են ապրում, քանի որ համայնքը համախմբված է, իսկ Դամասկոսում ավելի դժվար է, հայերն արդեն սկսել են ձուլվել, ևս մի քանի սերունդ, և նրանք կդառնան արաբներ: Այնպես որ, ես կարծում եմ, որքան շուտ Սիրիայի հայերը հասկանան դա և գան հայրենիք, այնքան ավելի լավ: Հենց հայրենիք, այլ ոչ թե օվկիանոսից այն կողմ, ինչպես դա անում են շատերը: Ցանկացած երկրում հայերը կլինեն երկրորդական դերերում` չնայած տվյալ երկրի զարգացման մեջ ունեցած ավանդին: Ինձ ամեն ինչ չէ, որ դուր է գալիս Հայաստանում, կան շատ խնդիրներ, որոնք կարելի է ավելի արագ լուծել և հեշտացնել վերադարձը: Ես, օրինակ, մի ամբողջ տարի սպասել եմ Հայաստանի քաղաքացիությանը, շատ դժվար է սեփական գործ բացելը: Բայց այդ ամենը կարելի է փոխել, ուղղել: Ես աշխատում եմ Մասիսում որպես դեղագործ»,- ասել է նա:

Բնակարանի պատուհանից երևում է Արարատի մի հատվածը, և դա Սահակին բավականացնում է: «Եթե ողջ Արարատը երևար…»,- երազում է նա և հավելում, որ հետո տուն կկառուցի, որտեղից լեռն ամբողջովին կերևա:

Իսկ զրույցի վերջում Սահակը սուրճ հյուրասիրեց, ինչպես պատրաստում են Սիրիայում: Սկզբում եռացնումեն ջուրը, այնուհետև ավելացնում են սուրճը և կրակի վրա թողնում մի քանի րոպե: Հետո ավելացնում են հիլ, որը սիրիական համեմունք է: Համն անհամահական է: Ի դեպ, հիլն օգնում է ազատվել նաև սոխի և սխտորի հոտից: Այդպես, համենայն դեպս, ասում է Սահակը, իսկ նրան չհավատալու պատճառ մենք չունենք:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News