19 փետրվարի 2011 - 14:42 AMT
ՀՈԴՎԱԾ
Ազգային ինքնագիտակցությունը, «ադրբեջանական» երաժշտությունը և հայ կոմպոզիտորի բացահայտումները
Վարդան Պետրոսյան. «Այդ երաժշտության տակ մեզ սպանել են, իսկ մենք հիմա ուրախանում ենք այդ երգերով»
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունն արտահայտվում է ոչ միայն քաղաքականության մեջ: Ընթանում է տեղեկատվական և մշակութային պատերազմ: Այդ պատերազմը սկսվել է դեռ խորհրդային տարիներին, բայց 1980-ականներին ադրբեջանցիների մեջ հանկարծ արթնացավ «ազգային ինքնագիտակցության» զգացմունքը, ընդ որում՝ բավական տարօրինակ կերպով: Սկզբից բոլոր ադրբեջանցիները դարձան կովկասյան ալբանացիներ, այնուհետև սկսեցին ապացուցել, որ հայերը «եկվոր տարր են բուն ադրբեջանական հողերի վրա»: Հետո ադրբեջանցիները յուրացրեցին հայկական խոհանոցը, գորգերը, երաժշտությունը, ազգային քնարերգությունը, հայկական ազգային երաժշտական գործիքները՝ դուդուկը, քյամանչան:

Բայց ահա ինչ վերաբերվում է երաժշտությանը…Յուրաքանչյուր մարդ լսում է այն, ինչ սիրում է. կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում կյանքն առանց դասական երաժշտության, մյուսները՝ առանց ջազի: Ինչ-որ մեկը սիրում է ռոք կամ ժողովրդական երգեր: Բայց վերջին տարիներին Հայաստանում նկատվում է թուրքական, իրանական երաժշտության «երկրպագություն», որը հնչում է մեքենաներից, խանութներից կամ էլ ուղղակի բնակարաններից: Ոմանք հիշատակում են նույնիսկ ադրբեջանական երաժշտությունը, թեև «ադրբեջանական երաժշտություն» բնորոշուման այդքան էլ կոռեկտ չէ, քանի որ 1936-ին Իոսիֆ Ստալինի հրամանով արհեստականորեն ստեղծված ադրբեջանական ազգն իր մշակութային, այդ թվում՝ երաժշտական ժառանգությունը ստեղծում է այլ մշակույթներից յուրացրած և փոխառնված սստեղծագործությունների հիման վրա:

Վերադառնանք Հայաստանում լայնորեն տարածված թուրքական և արաբական երաժշտության երկրպագուներին…Երբեմն բանը հասնում է անհեթեթության, երբ, օրինակ, երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը, որը հպարտորեն հայտարարում է իր վարկանիշի և տաղանդի մասին, պնդում է, որ իր էության մեջ ադրբեջանական երաժշտությունից ինչ-որ բան կա. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտությունը, ինչպես նաև իմ բոլոր ընկերները: Ես չունեմ ընկեր, որը չի սիրում ադրբեջանական երաժշտությունը: Դա նշանակում է, որ նրանց էության մեջ նույնպես ադրբեջանական երաժշտություն կա»: Միաժամանակ, նա առանց ամաչելու խոստովանել է, որ շատ կցանկանար, որպեսզի իր ստեղծագործություններում լինեն թուրքական տարրեր: Հավանաբար, մենք ինքներս ենք մեղավոր, որ Հայաստանում Գեորգի Վանյանի հետ միասին հայտնվում են նման մարդիկ, որն անմոռանալի Աշոտ Բլեյանի հետ մտադրվել էր Հայաստանում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, և մինչև հիմա չի կարողանում ուշքի գալ «Բաքվի լույսերի» հիացմունքից, որտեղ նա եղել է 1993-ին:

Ավագ սերնդի մեղքը նրանում է, որ հաղթող երկրի երիտասարդ սերունդը չի ստանում պատշաճ հայրենասիրական դաստիարակություն: Միևնույն ժամանակ, պատերազմում պարտված Ադրբեջանի երիտասարդությունը դաստիարակվում է «արմատական հայրենասիրության» ոգով, որը, իհարկե, երբեմն անցնում է բանականության սահմանները: Օրինակ, ադրբեջանական ATV հեռուստաալիքի հաղորդավար Էլչին Ալիբեյլին հայերենով երգել է այսպես կոչված ադրբեջանական ժողովրդական երգ «Սարի քյալին», հայտարարելով, որ այդ երգը պետք է կատարել դրա մայրենի լեզվով: Ալիբեյլին իսկույն ազատվել է աշխատանքից: Բայց դա արդեն այլ ծայրահեղություն է:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Իսրայելում մինչև հիմա արգելված են գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ստեղծագործությունները, որովհետև նա եղել է Հիտլերի սիրված կոմպոզիտորը: Բայց չէ՞ որ անցել է ավելի քան 60 տարի: Մենք, պարզվում է, ավելի ժողովրդավարական ենք, և թուրքերի երաժշտությունը մեզ համար ուղղակի երաժշտություն է:

«Ամոթ է, որ մենք ուշադրություն ենք դարձնում նրանց երաժշտությանը: Իհարկե, ես գիտեմ մարդկանց, որոնք լսում են ադրբեջանական երգեր, բայց դա արդեն մեր մեղքն է՝ մենք ենք թույլ տվել այդ մարդկանց, չենք պայքարել դրա դեմ»,- համոզված է հայ երգիչ Հայկոն: Դերասան Վարդան Պետրոսյանն ավելի կոշտ է արտահայտվել. «Այդ երաժշտության տակ մեզ սպանել են, իսկ մենք հիմա ուրախանում ենք այդ երգերով»:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքերով, ցանկացած ազգ ունի իր երաժշտական մթնոլորտը: Այլ մշակույթ իմանալը կարելի է և պետք է: Բայց ավելի անհրաժեշտ է իմանալ և հասկանալ սեփականը: «Միայն այն բանից հետո, երբ կհամակվես ազգային մշակույթով, դու կարող ես խոսել համամարդկային արժեքների ներթափանցման մասին: Բայց, չիմանալով սեփականը, հիանալ և գովերգել օտարինը, առնվազն ոչ հայրենասիրական է, իսկ իրականում՝ ուղղակի դավաճանություն է: Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե որ ճանապարհով պետք է ընթանա»,- ասել է մաեստրոն:

Հայկական էստրադայի ամենավառ աստղերից մեկը՝ Շուշան Պետրոսյանը, կտրականապես չի ընդունում ադրբեջանական երաժշտությունը, բայց կարծում է, որ «մենք պարտավոր ենք այն իմանալ, հասկանալու համար, թե ինչպես են աղավաղում մեր երաժշտությունը, և դա նրանց մոտ ստացվում է»: «Երևում է՝ ես միակ մարդն եմ, որն այդ մասին բացահայտ կերպով խոսում է, մյուսները միայն բողոքում են: Ես բառացիորեն գժվում եմ, երբ հայերեն տեքստով երգերում լսում եմ թուրքական «ոռնոցներ»: Պետք է հասկանալ, որ մենք հիմա Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք…և ամեն օր նրանք սպանում են հայ զինվորների, որոնք պաշտպանում են այն մարդկանց, որոնք լսում են նման երաժշտություն: Թեկուզ միայն հարգանքից ելնելով՝ մարդիկ չպետք է լսեն այդ երաժշտությունը»,- ասել է երգչուհին:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը համոզված է, որ Կոնսերվատորիան ավարտած և նորմալ կրթություն ստացած կոմպոզիտորը չի կարող ասել, որ սիրում է ադրբեջանական երաժշտություն. «Դրանից մեկ հետևություն կարելի է անել. նա գաղափար անգամ չունի, թե ինչ է ներկայացնում իրենից քրիստոնեական կամ մահմեդական երաժշտությունը: Այդ մարդուն չի կարելի լուրջ ընդունել: Ադրբեջանցիները մեզանից գողացել են մեր երաժշտությունը և փորձում են ներկայացնել որպես սեփականը»: Իրականում թուրքական երաժշտության շատ «երկրպագուներ» փորձում են համոզել շրջապատին և իրենք իրենց, որ այդ երաժշտությունն իրականում հենց հայկական է: Ցավոք սրտի, շատերի մոտ դա ստացվում է:

Նրանց հետ համաձայն է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը: «Ադրբեջանական և հայկական երաժշտությունները արմատապես տարբերվում են միմյանցից և բոլորովին տարբեր հիմքեր ունեն: Ես ինքս չեմ սիրում ադրբեջանական երաժշտություն, սակայն չգիտեմ, հանավաբար, մեր արյան մեջ է, որ մեր մեջ կան մարդիկ, որոնք սիրում են ադրբեջանական երաժշտությունը»,- ասել է նա:

Խնդիրը կա, և դրա մասին կամ չեն խոսում կամ խոսում են ցածրաձայն, անձնական զրույցներում: Վահրամ Պետրոսյանի բացահայտումները, արագ տարածվելով ինտերնետում, հասարակության մեջ առաջացրել են լայն արձագանք, ստիպել են մարդկանց բարձրաձայն խոսել խնդրի մասին: Կոմպոզիտորը, հավանաբար, վախենալով նման բուռն արձագանքից, հիմա արդեն փորձում է հրաժարվել իր ասածից: Մեդալն ունի իր հակառակ, դրական երեսը: Այս իրավիճակը դարձել է այն սակավաթիվ դեպքերից մեկը, երբ հայկական ԶԼՄ-ները հասարակության ուշադրությունը սևեռել են խնդրի վրա, և այսուհետև մարդիկ, որոնք «չեն տառապում» ազգային ինքնագիտակցությամբ և իրենց իրավունք են վերապահում մամլո ասուլիսներ հրավիրել իրենց համար ամեն հարմար առիթի դեպքում, երկու անգամ կմտածեն նման մեթոդներով իրենց հեղինակությունը բարձրացնելուց առաջ:

Կարինե Տեր-Սահակյան, Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News