3 մարտի 2011 - 17:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն
Երևանցիները գրեթե դադարել են այցելել թանգարան: Երջանիկ բացառություն են կազմում դպրոցականները և ուսանողները
Երևանում ընդհանուր առմամբ հաշվվում են տարբեր թեքումներով ավելի քան 30 թանգարաններ: Դրանցից գրեթե բոլորը գտնվում են մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հոգածության տակ, և գրեթե բոլորը նյութական միջոցների կարիք ունեն, ինչն իր հերթին խանգարում է շատ պլանների և մտադրությունների իրականացմանը, այդ թվում` ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ցուցահանդեսներին մասնակցությանը: Անբավարար միջոցները թույլ չեն տալիս բարձրացնել թանգարանների աշխատողների աշխատավարձը, որի պատճառով շատ մասնագետներ ուղղակի չեն ցանկանում աշխատել թանգարաններում:

Երևանի ամենամեծ և ամենահին թանգարանը 1919-ին հիմնված Հայաստանի Պատմության թանգարանն է, որտեղ պահպանվում է շուրջ 400 000 ցուցանմուշ, որոնց 45 տոկոսը կազմում են հուշադրամները, 35 տոկոսը` հնագիտական արտեֆակտերը, ինչպես նաև քարտեզները, կենցաղի առարկաները և այլն: 2011-ին թանգարանում բացվել է առանձին սրահ` նվիրված Ուրարտուի պատմությանը:

Թանգարանը խորհրդային ժամանակների նման այսօր էլ իր նմուշները ցուցադրում է շատ միջազգային ցուցահանդեսներում: Ամենամեծ հավաքածուն ցուցադրվել է Ֆրանսիայում 2007-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում:

Սակայն պետք է նշել մեկ ցավալի փաստ, որ թանգարանը Հայաստանի բնակիչների շարքում մեծ համբավ չի վայելում: 2010-ին Պատմության թանգարան է այցելել ընդամենը 34.126 մարդ, որոնք հիմնականում ցանկացել են տեսնել թանգարանում ցուցադրված աշխարհի ամենահին կոշիկը, որը 5500 տարեկան է: Այցելուների ընդհանուր թվի միայն փոքր մաս է կազմել աճող սերունդը, որը պետք է ամենաշատն այցելի թանգարաններ: 4630 դպրոցականների թանգարան են տարել ուսուցիչները, 1202-ի` ծնողները: Ցավոք սրտի, թանգարանի մասին գիտի Հայաստան այցելող զբոսաշրջիների չնչին մասը. 2010-ին թանգարան է այցելել ընդամնեը 7595 արտասահմանցի: Թանգարանի տնօրենի տեղակալ Իվետա Մկրտչյանի խոսքերով, դրա պատճառը թանգարանի հետ տուրօպերատորների համագործակցության բացակայությունն է, հյուրանոցներում և օդանավակայանում բուկլետների և գովազդի բացակայությունը: «Մեր թանգարան հիմնականում այցելում են տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդիկ, իսկ արտասահմանցիների փոքր քանակը կարելի է բացատրել նրանով, որ մեզ մոտ չի ստացվում լիարժեք համագործակցություն տուրօպերատորների հետ»,- ասել է Մկրտչյանը:

Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Մեսրոպ Մաշտոցի անվան Հնագույն ձեռագիր մատյանների ինստիտուտ-թանգարանը` Մատենադարանը, որտեղ, ցուցահանդեսներից բացի, անցկացվում են հնագույն ձեռագիր մատյանների ուսումնասիրություններ: Մատենադարանում պահվում են 17.300 ձեռագիր մատյաններ, որոնցից 2904-ը` օտար լեզուներով, մնացածը` հայերենով: Թանգարանում հիմնականում պահվում են բնօրինակները:

Այստեղ կարելի է գտնել հսկայական քանակությամբ գրքեր պատմությունից, աշխարհագրությունից, բժշկությունից, իրավունքից, երաժշտությունից և այլն: Հայկական ձեռագրերից բացի Մատենադարանում պահվում են ձեռագիր մատյաններ հուներեն, ասորերեն, արաբերեն, վրացերեն, ռուսերեն նույնիսկ եթովպերեն լեզուներով:

Վիճակագրության համաձայն, 2010-ին Մատենադարան են այցելել ավելի քան 4 հազար խմբեր, ընդհանուր առմամբ` 55.300 մարդ: Մատենադարանը մեծ համբավ է վայելում արտասահմանցի զբոսաշրջիկների մոտ: «Ամեն տարի ապրիլ ամսից մինչև նոյեմբեր թանգարան են այցելում այնքան զբոսաշրջիկներ, որ շենքի մոտ հսկայական հերթ է գոյանում, և մենք հազիվ ենք հասցնում ընդունել բոլոր ցանկացողներին: Հենց այդ պատճառով մենք պայմանավորվել ենք հայկական դպրոցների հետ դպրոցականների էքսկուրսիաներ կազմակերպել մնացած ամիսներին»,- ասել է թանգարանի փոխտնօրենը:

Մատենադարանում հիմա կառուցվում է նոր մասնաշենք, որը կոչված է լուծել տեղի խնդիրը: Նոր մասնաշենքում գտնվելու են լաբորատորիաները, վերականգնման դպրոցը և կենտրոնը, իսկ հին շենքում` միայն ցուցասրահները: Նոր շենքի ճարտարապետն է երգիչ և կոմպոզիտոր, մասնագիտությամբ ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ինչպես հայտնել է ինստիտուտի փոխտնօրեն Շուշան Խաչիկյանը, նոր մասնաշենքի բացումը պլանավորված է սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության օրը:

Երկու թանգարաններն էլ գտնվում են պետության հովանու ներքո, որը տարեկան միջոցներ է հատկացնում թանգարանների ծախսերի համար: Այդ միջոցներից բացի, նրանք շահույթ են ստանում տոմսերի վաճառքից, որոնց գինը միջինը կազմում է 500-1000 դրամ, ինչպես նաև հուշանվերների վաճառքից:

Երևանի թանգարանների աշխատողները, բացառությամբ ամենախոշորների, դժգոհ են այցելուների քանակից: Տեղի բնակիչները գրեթե դադարել են այցելել թանգարաններ: Երջանիկ բացառություն են կազմում դպրոցականները և ուսանողները: Մեծահասակները պատճառ են բերում զբաղվածությունը կամ տոմսերի բարձր գինը: Բայց Երևանի գրեթե բոլոր թանգարաններն աշխատում են նաև հանգստյան օրերին: Իսկ ինչ վերաբերվում է գներին, ապա…Երկրի բոլոր թանգարաններում շաբաթվա մեջ կա առնվազն մեկ օր, երբ մուտքն ազատ է:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News