Հայաստանում ծաղիկների մանրածախ և մեծածախ գինը զգալիորեն տարբերվում է: Հոլանդական վարդերի մեծածախ գինը Հայաստանում տատանվում է 5-10 դոլարի միջև, իսկ տեղական վարդերի գինը՝ 2-5 դոլար: Մեխակների մեծածախ գինը կազմում է 150-200 դրամ, հերբերայինը՝ շուրջ 300 դրամ:
Ֆլորիստների կարծիքով, Հայաստանում ավելացել է ջերմոցային ծաղիկների արտադրությունը, մասնավորապես, հայ ֆլորիստները սկսել են աճեցնել կալա և գերբերա, որը պահանջում է մանրակրկիտ խնամք, քանի որ արագ է վարակվում ծաղկային հիվանդություններով, ուստի յուրաքանչյուր ծաղիկ աճեցվում է առանձին տարայի մեջ:
Չնայած նրան, որ նախորդ տոնի՝ «Սուրբ Վալենտինի օրվա» ժամանակ կակաչները դեռ մեծ պահանջարկ չէին վայելում, ինչպիսին նարգիզը, ձնծաղիկները և միմոզան, դրանք նույնպես իրենց տեղն ունեն, առավել ևս վաճառքում կարելի է տեսնել գեղեցիկ դեղին կակաչներ: Միջինը ծաղկեփունջը գարնանային տոներին արժի 15 000 դրամ (շուրջ 40 դոլար): Ինչպես նշում են ֆլորիստները, ծաղիկների գները գարնան գալուստի հետ բարձրացել են՝ սկսած մարտ ամսից: Այսօր տեղական մեկ կակաչն արժե 300 դրամ, իսկ հոլանդական դեղին կակաչը՝ 800 դրամ, 1 հատ տեղական վարդն արժե 500 դրամ, իսկ հոլանդականը՝ 1000 դրամ, 1 նարգիզն արժե 150 դրամ, ձնծաղիկների փունջը կարելի է գնել 300 դրամով:
Հայաստանում ծաղիկների խոշոր ներկրողներ են «Վարդերի աշխարհը», «Բրաբիոնը», իսկ սենյակային բույսերի՝ «Մարմարի աշխարհը», «Մամա Ֆլորան», Green palace-ը:
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, 2010-ին Հայաստան է ներկրվել 917 հազար ծաղիկ և կոկոն, մաքսային արժեքը կազմել է 537 հազար դոլար 2009-ի 315 հազարի փոխարեն (428 հազար դոլար): Բացի դրանից, նշված շրջանում ներկրվել է 7տոննա ծաղիկ և կոկոն, մաքսային արժեքը կազմել է 120 հազար դոլար, 2009-ի 5 տոննայի փոխարեն (316 հազար դոլար):
Միաժամանակ, 2010-ին Հայաստանից արտահանվել է 228 հազար ծաղիկ և կոկոն, մաքսային արժեքը կազմել է 32 հազար դոլար 2009-ի 14 հազարի փոխարեն (2 հազար դոլար):