Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նախատեսված որևէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն: «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել»,- ասել է նախագահը:
Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը Հայաստանի համար լինելու է գերակայություն, և այստեղ կարևոր է Հայաստանի կառավարության և կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանքը` համարձակ, ինչպես նաև ոչ ավանդական քայլերով: Այդ մասին մարտի 11-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընդ որում, պետության ղեկավարը նշել է, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: «Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր, մենք պետք է ավելի մանրամասն զբաղվենք այս խնդրով, որպեսզի այս խնդրի լուծմանը ներգրավեք նաև մեր վերահսկողական ծառայությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին»,- նախագահի խոսքն է մեջբերում հանրապետության ղեկավարի մամլո գրասենյակը:
Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ հիմա իսկական ժամանակն է մրցակցությունը խթանելու համար: «Անհրաժեշտ է մեծ աշխատանք իրականացնել արտահանողների, ներկրողների հետ և լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի հասկանանք ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը»,- ասել է նա: Նախագահի խոսքով, տարեվերջին Հայաստանը պետք է գնաճի առնվազն կրկնակի ցածր մակարդակ ունենա: «Այս նպատակը մշտապես իմ ուշադրության կենտրոնում կլինի»,- նշել է նա:
Հնարավոր է` միահամուռ աշխատանքի շնորհիվ երկրի իշխանություններին կհաջողվի հասնել ցանկալի արդյունքների, որի հետևանքով Հայաստանում կձևավորվի զարգացման ազգային մոդել, որի մասին խոսում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է մշակի Զարգացման ազգային մոդել և չնմանակի հարևան երկրներին, մասնավորապես, Վրաստանին: «Հայաստանի նման երկիրը չի կարող խուսափել իր հարևանների տնտեսության ազդեցությունից: Եթե Վրաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, դա չի նշանակում, որ մենք պետք է նրանից օրինակ վերցնենք, մենք պետք է ընթանանք զարգացման սեփական ճանապարհով»,- ասել է նա: