Նրա խոսքով, ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է բազմազան գործիքակազմ` օգտվելու Եվրամիության օժանդակությունից: «Դա նշանակում է, որ էապես պետք է ակտիվացնել բոլոր գերատեսչությունների համագործակցությունը Եվրամիության համապատասխան կառույցների հետ: Մեր նախարարներն առաջին հերթին պետք է ուղղակի կապերի մեջ լինեն իրենց գործընկերների հետ Բրյուսելում և այդ կապերն օգտագործեն ի նպաստ այն բանի, որ մի կողմից մեզ համար հասանելի լինեն այդ գործիքները, մյուս կողմից ավելի ճշգրիտ ներկայացվեն այն խնդիրները և առաջնահերթությունները, որ ծառացած են մեր գերատեսչությունների առջև»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելգիայի վարչապետի, Սենատի ղեկավարի և խորհրդարանի նախագահի հետ վկայում են, որ կա բավականին մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու առումով: Մասնավորապես, ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայկական կողմին հեռահաղորդակցության, էներգետիկայի, մրցակցության ոլորտներում։ Ժոակիմ Ալմունիայի խոսքով` Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և կարողություններով օժանդակել հայկական կողմին: «Մասնավորապես, հարկային և մաքսային վարչարարության համարձակ բարեփոխումներ իրականացնելու պարագայում խնդրել ենք մեր գործընկերներին, որպեսզի ստեղծվի մի բուֆերային հիմնադրամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում ապահովել մակրոտնտեսական կայունությունը, եթե հարկային հավաքագրումների հետ կապված խնդիրներ առաջանան: Մենք պայմանավորվեցինք, որ այս հարցը կքննարկենք եվրոպական փորձագետների հետ և կներկայացնենք մեր բարեփոխումների ծրագրերը»,- տեղեկացրել է Տիգրան Սարգսյանը:
Հայաստանը ԵՄ հետ քննարկել է շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, դրոշմապիտակների մասին օրենքի նախագիծը հետ կկանչվի Ազգային ժողովից, իսկ ԵՄ գործընկերների հետ կսկսեն լուծել շտրիխ կոդերով բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու խնդիրը:
Այս կապակցությամբ վարչապետը նշել է, որ այդ համակարգն այսօր Եվրոպայում կիրառվում է, և դա նշանակում է, որ բոլոր ապրանքատեսակները կհաշվառվեն այդ միասնական համակարգով: «Այդ առումով մենք տեխնիկական օժանդակություն կստանանք մեր եվրոպական գործընկերներից: Կարծում եմ, որ տեխնիկական այդ օժանդակությունը կարող է էապես բարելավել մեր օրենսդրական կարողությունները, օրենքների մշակման կարողությունները»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը:
Այսպիսով, երկրի իշխանությունները մտադիր են առաջ ընթանալ եվրաինտեգրման ճանապարհով, համոզված լինելով, որ լիարժեք օգնություն կստանան ԵՄ բոլոր կառույցներից, առավել ևս, որ Բրյուսելում «կանաչ լույս» են վառել մեր երկրի համար: