Կան նաև մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչու են հատկապես այս շրջանում իրանցիները գալիս Հայաստան և ինչ է իրենից ներկայացնում Նովրուզը: PanARMENIAN.Net-ի թղթակցի կողմից Երևանի բնակիչների շարքում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հայ երիտասարդությունն ավելի հանդուրժող է Հայաստան այցելող իրանցիների նկատմամբ, քան ավագ սերնդի ներկայացուցիչները:
Հարցվածների շարքում 18-20տ մարդկանցից շատերն ընդհանրապես չգիտեն, թե ինչ է Նովրուզը և լիովին անտարբեր են, թե կգան արդյոք իրանցի զբոսաշրջիկները Հայաստան, թե ոչ:
Ի տարբերություն նրանց, 21-29տ հարցվածները դրական են վերաբերվում իրանցի զբոսաշրջիկներին, քանի որ, նրանց կարծիքով, նրանց այցելությունը նպաստում է Հայաստանի տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը: Նովրուզ Բայրամի օրերին Հայաստանի բյուջեն կհամալրվի 20 մլն դոլարով: Այդ առումով պետք է նշել, որ այդ մարդիկ ողջունում են իրանցիների գալը մի պայմանով. «եթե նրանք իրենց վայելուչ պահեն և չխախտեն մեր երկրի օրենքները»: Շատերը նշել են, որ վերջին տարիներին իրանցիները սկսել են խախտել հասարակական կարգը, վիրավորել հայ աղջիկներին, ինչն իր հերթին հանգեցրել է կոնֆլիկտների:
30-40տ հարցվածների երրորդ խումբը կտրականապես դեմ է իրանցիների` Հայաստան գալուն: Նրանցից շատերը կարծում են, որ իրանցիների հետ միասին երկիր են գալիս նաև Իրանի ադրբեջանցիներ, ինչն ազգային անվտանգության տեսանկյունից անընդունելի է: «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պետք է խիստ հսկողություն սահմանի իրանցի զբոսաշրջիկների ժամանելու և մեկնելու գործընթացի վրա»,- ասել է հարցվածներից մեկը:
Հարցվածների շարքում եղել են մարդիկ, որոնք քննադատության են ենթարկել այն մարդկանց, ովքեր դեմ են իրանցի զբոսաշրջիկների այցելություններին: Նրանց խոսքերով, տգեղ է, երբ հայերը հանդես են գալիս այլ երկրի զբոսաշրջիկների դեմ, երբ հայ ժողովուրդը սփռված է ողջ աշխարհով մեկ:
Սակայն պետք է նշել, որ բոլոր հարցվածները միաձայն դեմ են նրան, որպեսզի իրանցիները մշտական բնակություն հաստատեն Հայաստանում: Նրանց կարծիքով, դա կարող է հանգեցնել անցանկալի խնդիրների, քանի որ եթե իրանցիների քանակը երկրում հասնի որոշակի կրիտիկական թվի, ապա նրանք կարող են իրավունքներ ներկայացնել, այդ թվում` պահանջել մզկիթների, իրանական դպրոցների և մշակութային կենտրոնների բացում: Դա իր հերթին լուրջ խնդիրներով է հղի փոքր Հայաստանի համար: