7 ապրիլի 2011 - 14:59 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել
Երևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:

Այսօրվա դրությամբ, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված են 24.152 հուշարձաններ, որից 977-ը գտնվում են Երևանում և ամենախոցելին են: Բացի այդ ցուցակից, անհասկանալի պատճառով գոյություն ունի նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օտարման ոչ ենթակա պետական ցուցակ: Այսինքն դուրս է գալիս, որ անհրաժեշտության դեպքում կարելի է պահպանության տակ գտնվող հուշարձանները հատուկ թույլտվությամբ ապամոնտաժել:

Ինչպես նշվեց, մայրաքաղաքի հուշարձանները ամենից խոցելի վիճակում են գտնվում, հատկապես 19-20 դդ սկզբի բնակելի շենքերը, որովհետև բազմաթիվ «էլիտար» շենքեր են կառուցվում և հին շենքերի գոյությունը վտանգվում է: Խոսքը գնում է հատկապես Կենտրոն համայնքում գտնվող շենքերի մասին: Երևան քաղաքի պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք, որից 81-ը գտնվում են Կենտրոնում: Դա միայն ցուցակի տվյալներով: Կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են, սակայն դեռ գտնվում են ցուցակում: Այսինքն ստույգ տվյալներ չկա, թե քանի նման շենք կա Երևանում: Դրանցից 14-ը տեղափոխման ենթակա են, և արդեն կեսը ապամոնտաժվել է: Ըստ Հուշարձանների պահպանության գործակալության Երևանի մարզային ծառայության պետ Կարո Այվազյանի խոսքերի, այդ ապամոնտաժված ապամոնտաժման ենթակա շենքերը պետք է վերականգնվեն Աբովյան, Կողբացի, Արամ և Բուզանդ փողոցների տարածքում: Տեղափոխման ենթակա բոլոր շենքերը կարելի է տարբերել նրանով, որ յուրաքանչյուր քար դրսից և ներսից համարակալված և կոդավորված է: Շենքերի համարակալումը սկսվել է դեռ 10 տարի առաջ, սակայն մինչ օրս ոչ մի շենք չի վերակառուցվել: Փոխարենը դրանց տեղում այժմ բարձրանում են բազմահարկ «էլիտար» շենքեր և ժամանցի վայրեր: Ի պատասխան այն հարցին, թե որտեղ են գտնվում ապամոնտաժված շենքերի քարերը, Կարո Այվազյանը հավաստիացրել է, որ դրանք պահպանվում են «ապահով տեղում»: Երկու շենքերի քարերը պահպանվում են «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից, դրանք կարելի է տեսնել նրանցից թույլտվություն ստանալով: Մեկ այլ շենքի քարերը գտնվում են Արարատյան 87 հասցեում՝ «Խազ պրոֆիլ» ընկերության բակում: Ըստ Այվազյանի, քաղաքապետարանն արդեն աշխատում է շենքերի վերակառուցման նախագծի վրա, իսկ թե երբ այն կներկայացվի հանրությանը, դեռ հայտնի չէ:

Փաստն այն է, որ Երևանում շարունակվում է հին շենքերի ապամոնտաժման գործընթացը: Առավել դյուրին է այն շենքերի ապամոնտաժումը, որտեղ բնակիչներ չկան և որոնք ոչ մեկի սեփականությունը չեն հանդիսանում, քանի որ հաճախ բնակիչները պայքարում են իրենց տների համար և թույլ չեն տալիս շենքը քանդել:

Շենքերի տարածքները ձեռք բերելու ևս մեկ հետաքրքիր ձև կա, որը տարածված է նաև Մոսկվայում: Շենքերից հանում են պատուհանները, դռները, քանդվում են առաստաղներն ու թողնում միայն արտաքին ու ներքին պատերը: Շենքի հետ կապված քրեական գործ է բացվում, հայտարարվում է խուլիգանություն, բայց իբր անհայտ են մնում խուլիգանները: «Ստիպված» փակվում է քրեական գործը` ապացույց չլինելու պատճառով: Ֆինանսկան խնդիրների պատճառով շենքերը չեն վերականգնվում և մի քանի տարի անց պարզապես փլվում են: Դա հիանալի առիթ է օլիգարխների համար, որպեսզի նրանք հանգիստ կառուցեն իրենց շենքերն առանց որևէ մեղադրանքի: Այսպես վերանում են ցարական շրջանից մեզ ժառանգություն մնացած շենքերը:

Այս ամենից ելնելով կարելի է արձանագրել, որ Հայաստանում հուշարձանների պահպանությամբ զբաղվող գործակալությունները պարզապես ձևական բնույթ են կրում, քանի-որ պրակտիկորեն ոչին չի արվում հուշարձանները պահպանելու համար: Դա կախված է նաև այն բանից, որ ոչ մի կառույց չի ղեկավարվում ճարտարապետի կողմից: Միգուցե նրանք լավ հնագետ, ազգագրագետ կամ առանց չափազանցության լավ մաթեմատիկոս են, բայց որ նրանք չեն կարող նման հարցերով զբաղվել համապատասխան գիտելիքներ չունենալու պատճառով, դա փաստ է: Բացի դրանից, այդ կառույցներում աշխատանքի են ընդունվում բացառապես ազգակցական և ծանոթ-բարեկամ սկզբունքներով: Այնտեղ կարելի է հանդիպել հոգեբանների և նույնիսկ հուշարձանի պահապանի հաստիքում սննդային տեխնոլոգի և սպորտային բժշկի: Արդյունքում տուժում են Հայաստանի հուշարձանները:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News