«Օսմանցիների հետնորդները հազիվ թե նմանվեն այն մարդկանցից որևէ մեկին, ում ես երբևէ ճանաչել եմ: Նրանք չեն ատում, չեն սիրում, չեն զգում որևէ մեկի հանդեպ թշնամանք կամ կապվածություն տևական ժամանակահատվածում: Նրանք միայն վախենում են: Եվ հասկանալի է, որ մյուսներին են վերագրում սեփական վարքագծի դրդապատճառները:
Դարեր շարունակ թուրքերը բարբարոսաբար են վերաբերվել հայերին ու ենթակա այլ ժողովրդներին: Նրանց մեթոդները միշտ դաժան են եղել, կոպիտ ու ոչ գիտական: Նրանք մահակներով էին ջարդում հայերի գլուխնեը՝ այս տհաճ համեմատությունը այն պարզունակ միջոցների հստակ պատկերն է, թե ինչպես էր լուծվում հայկական հարցը: Թուրքերը լավ էին հմտացած սպանությունների մեջ, սակայն սպանությունը նրանց կատարմամբ արվեստ չէր: 1915-16թթ. իրադարձությունները ցույց տվեցին նոր երևույթների առաջացումը: Հայտնվեց բռնագաղթի գաղափարը: Վերջին 5 դարերում թուրքերը քրիստոնյաներին ոչնչացնելու բազում միջոցներ էին հորինել, սակայն, նրանց մտքով չէր անցել, որ նրանց կարելի է դուրս հանել այն տներից, որտեղ ապրել են նրանց հայրերը, պապերն ու նախապապերը և արտաքսել անողոք անապատ: Որտե՞ղ ծնվեց այդ գաղափարը: Ծովակալ Ուզեդոմը, որը Թուրքիայում ՌԾՈւ գերմանական փորձագետներից էր, պատմեց ինձ, թե ինչպես են գերմանացիները նման խորհուրդ տվել թուրքերին: Սակայն, գլխավոր պահն այն է, որ «Մարդկանց en masse բռնագաղթի գաղափարն այսօր բուն գերմանական է: Այն զետեղված է պանգերմանական գրականության մեջ»,-գրել է ամերիկացի դիվանագետը…
Միևնույն ժամանակ, Գերմանիայի դեսպան բարոն ֆոն Վանգենհայմը 1915թ. մայիսի 31-ին գրել է.«…Էնվեր-փաշան մտադիր է, օգտվելով ռազմական դրությունից, նպատակ ունենալով խուսափել հայկական լրտեսությունից ու կանխելու համար հայերի զանգվածային ցույցերը, փակել հայկական դպրոցների, թերթրի մեծ մասը, արգելել փոստային հաղորդակցությունն ու բռնագաղթել բոլոր այն հայկական ընտանիքները, որոնք անթերի չեն: Նա շատ է խնդրում, որ մենք նրան չխանգարենք այդ հարցում: Անշուշտ, թուրքական միջոցները կրկին մեծ վրդովմունք կառաջացնեն մեր հանդեպ թշնամաբար տրամադրված ողջ աշխարհում, ինչպես նաև կօգտագործվեն մեր դեմ…Անշուշտ, միջոցները խիստ են հայ բնակչության հանդեպ: Սակայն, ես այն կարծիքի եմ, որ այդ միջոցները, գուցե, կարելի է մեղմել իրենց դրսևորմամբ, սակայն սկզբունքորեն չխոչընդոտել դրանց»: