Կարելի է նույնիսկ ենթադրել, որ այդ կերպ Փարիզն Անկարային ազդանշան է տվել՝ օրենքը չենք ընդունի, բայց դուք միևնույն է Եվրոպա չեք մտնի: Ֆրանսիայի հայ համայնքի համար այդ բացատրությունն ավելի մոտ է իրականությանը: Գերտերությունները երբեք չեն ընդունի օրենքներ, որոնք կհանգեցնեն իրենց համար անցանկալի հետևանքների: Հազիվ թե Բարաք Օբաման չգիտի, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, սակայն Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան հետևակայինները նախագահի համար ավելի թանկ են: ԱՄՆ-ում չեն մոռացել, թե ինչպես է Թուրքիան 2003-ին թույլ տվել օգտվել իր տարածքից դեպի Իրաք մատակարարումների համար: Ոչ մի երաշխիք չկա, որ պատմությունը չի կրկնվի Աֆղանստանի հետ կամ, Աստված մի արասցե, Լիբիայի հետ: Դա հասկանում են նաև կոնգրեսականները և Պետդեպարտամենտը: Կարելի է ենթադրել, որ հենց ԱՄՆ-ը հեռանա Աֆղանստանից և Իրաքից, Հայոց ցեղասպանությունը կարող է ճանաչվել ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Ընդ որում այդ ճանաչումը կլինի ոչ թե House resolution-ի ձևով, այլ իսկական ճանաչում:
Իսկ առայժմ սփյուռքի և քաղաքականության հայտնի դեմքերը, որոնք աջակցում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, պահանջում են պատմական արդարության վերականգնում: Այնուամենայնիվ, մինչև 2015-ը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, դժվար թե ինչ-որ բան փոխվի: Շատ քչերն են ուշադրություն դարձրել նրան, որ այս տարի կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրես չի ներկայացրել ճանաչման մասին բանաձև: Դրան երկու բացատրություն կարելի է տալ. կամ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված ուղերձում կամ կոնգրեսականը, դառը փորձից ելնելով, որոշել է սպասել մեկ տարի:
Երևում է, ԱՄՆ քաղաքական գործիչների քարոզարշավին միացել է նաև Ֆրանսիան: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին չեն կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խոստումները նախընտրական քարոզարշավների ժամանակ: Nouvelles d'Arménie թերթին տված հարցազրույցում Ազնավուրը կոչ է արել Սարկոզիին կատարել խոստումը, քանի որ Ֆրանսիայի հայերը կարող են հիշել այդ մասին 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Բայց ահա ինչն է հետաքրքիր: Երբ ՌԴ Պետդուման 1995-ին որոշում ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, թուրքական կողմն այդքան բուռն չարձագանքեց: Բանը Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունների մեջ է. Ռուսաստանի հետ հեշտ է խոսելը եթե ոչ շանտաժով, ապա ներդրումները դադարեցնելով, իսկ Եվրոպային և ԱՄՆ-ին Թուրքիան միայն կարող է շանտաժի ենթարկել: