23 ապրիլի 2011 - 17:15 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 13 մեդալներով զբաղեցրեց 5-րդ տեղը
Ապրիլի 14-21-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում
Ծանրամարտ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից, որը տեղի է ունեցել Կազանում, հայ մարզիկները վերադարձել են 13 մեդալներով՝ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնելով 5 –րդ տեղը:

Եվրոպայի փոխչեմպիոններ են դարձել Արայիկ Միրզոյանը (77 ք/կ), Էլեն Գրիգորյանը (53 ք/կ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 ք/կ), բրոնզե մեդալ է նվաճել Գևորգ Պողոսյանը մինչև 94 կգ քաշային կարգում, իսկ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ)` փոքր բրոնզե մեդալ:

«Մենք առաջնությանն ամբողջական կազմով չէինք մասնակցում, բայց ես գոհ եմ արդյունքից, քանի որ իմ երկու ծանրամարտիկները 6 մեդալ նվաճեցին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

«Էլենը չափահասների առաջնությանն առաջին անգամ էր մասնակցում, և մեզ համար շատ կարևոր է, որ նա մեդալներ նվաճեց: Իսկ Հռիփսիմեն մեր ամենաուժեղ և տիտղոսակիր մարզիկներից է, և ես կարող եմ ասել, որ նա նույնպես հաջող է ելույթ ունեցել: Բայց մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է լինելու»,- ասել է մարզիչը:

Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն Արայիկ Միրզոյանը (77 կգ ք/կ) ափսոսում է, որ մրցավարների սխալի պատճառով Կազանում զրկվեց ոսկե մեդալից:

Երկու վարժությունների արդյունքում Միրզոյանը, ինչպես նաև թուրք ծանրորդ Սեմի Յաղչին 347 կգ բարձրացրեցին, սակայն զիջեց նրան անձնական քաշով: Սակայն «հրում» վարժության երրորդ մոտեցումը Յաղչին կատարեց սխալով, նրա ծնկները ծալված էին, սակայն մրցավարները ուշադրություն չդարձրեցին դրան:

«Ես ի սրտե կշնորհավորեի հաղթողին, եթե նա արդարացիորեն նվաճեր չեմպիոնի տիտղոսը, սակայն վիրավորական էր, որ իմ մեդալը խլեցին: Մրցումից հետո թուրքական կողմը ներողություն խնդրեց մեզնից: Ներողություն խնդրեցին նաև մրացավարները՝ նշելով, որ չի կարելի տեսադիտարկման արդյունքում փոխել որոշումը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Միրզոյանը:

Ըստ ծանրորդի, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան արդեն գրավոր դիմել է միջազգային ֆեդերացիային և բողոքարկել է մրցավարների որոշումը:

Միրզոյանը նշել է, որ մինչ աշխարհի առաջնությունը կփոխի իր քաշային կարգը և հանդես կգա մինչև 85 կգ կարգում: «Առաջնությունում ես վատ հանդես չեկա, սակայն, փոխելով քաշային կարգս, մտադիր եմ ավելինի հասնել աշխարհի առաջնությունում»:

Ծանրամարտի Եվրոպայի 2011թ. առաջնությունում Գևորգ Պողոսյանն առաջին անգամ ելույթ ունեցավ մինչև 94կգ քաշային կարգում և բրոնզե մեդալ նվաճեց: 85կգ քաշային կարգում անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոնը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ իր հնարավորություններից ցածր ելույթ ունեցավ:

«Ես դժգոհ եմ իմ արդյունքից, քանի որ շատ լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեի: Ես Եվրոպայի առաջնությանը մեկնում էի ոսկե մեդալ նվաճելու, սակայն ինքնավստահությունը խանգարեց ինձ: Կփորձեմ հետագայում շտկել իմ սխալները»,- խոստովանեց Պողոսյանը:

Ծանրամարտիկի խոսքով, նա իր առջև նպատակ է դրել` հաջող ելույթ ունենալ Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում. «Մեզ համար շատ կարևոր է ողջ թիմով ելույթ ունենալ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, և մենք պետք է Փարիզում ուղեգրեր նվաճենք: Իմ Եվրոպայի առաջնության սխալը չպետք է կրկնվի, քանի որ ես իրավունք չունեմ հուսախաբ անելու հավաքականին»:

Բռնցքամարտ. Ապրիլի12-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում «Գագիկ Ծառուկյանի գավաթի» համար պայքարեցին 135 բռնցքմարտիկներ 16 երկրներից:

10 քաշային կարգերից 7-ում հաղթող ճանաչվեցին հայ մարզիկները, իսկ մնացած երեքում իրենց հավասարը չունեին ղազախ բռնցքամարտիկները:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը Երևանում ապրիլի 12-16-ը կայացած «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց:

Ջավախյանն իրեն հավասարը չուներ մինչև 64կգ քաշային կարգում և առաջնության հաղթող դարձավ: Նա բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ տարավ, իսկ եզրափակչում ոսկե մեդալ նվաճեց առանց մենամարտի, քանի որ մրցակից չեխ Չլադեկ Ժդանեկը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը:

Մինչև 60կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը 20:16 հաշվով պարտության մատնեց Գանի Ժայլաունովին (Ղազախստան): Մինչև 69կգ քաշային կարգում Սամվել Մաթևոսյանը հանդիպեց Սերիկ Սապիևի հետ (Ղազախստան), մրցակիցը մի քանի անգամ ուժեղ էր հայ բռնցքամարտիկից և 13:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Արթուր Խաչատրյանը (75կգ) իր ուժերը չափեց ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Գալզուլյայի հետ և 4 միավորի տարբերությամբ հաղթանակ տարավ` 18:14:

Ազատ Դավթյանը մինչև 91կգ քաշային կարգում եզրափակչում հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Վասիլի Լևիտի հետ: Ղազախ բռնցքամարտիկը շատ ուժեղ էր և արդեն առաջին ռաունդում մենամարտն ավարտեց հօգուտ իրեն` 6:0:

Ծանր քաշայիններից եզրափակչում կրկին հանդիպեցին հայ և ղազախ մարզիկներ, սակայն այս անգամ ևս առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչը: Դեռևս առաջին ռաունդում Իվան Դիչկոն երկու անգամ հայ բռնցքամարտիկին նոկդաուն արեց և ժամանակից շուտ ավարտեց մենամարտը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ասաց, որ գոհ է արդյունքներից: «Այս մրցաշարը նախապատրաստական էր Եվրոպայի առաջնությունից առաջ և ինձ հնարավորություն ընձեռեց բռնցքամարտիկներին տեսնելու գործի մեջ: Վստահ եմ, որ նրանք լավագույն մարզական պատրաստությունը կունենան առաջնությունից առաջ»,- ընդգծեց Մեհրաբյանը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News