Գլխավոր հարցը, որն անհանգստացնում է հասարակությանը և փորձագետներին, որին մինչև հիմա պատասխան չի տրվել, ապագա բանակցությունների օրակարգն է, մասնավորապես ՀԱԿ պահանջը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Կողմերը մտնում են այս երկխոսության մեջ հակադիր դիրքերից և իրենց մի շարք ներկայացուցիչների շուրթերով արդեն հայտարարել են, որ այս հարցում չեն պատրաստվում զիջումների գնալ: Այսպես, ՀԱԿ առաջնորդներից մեկը` «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հնարավոր փոխզիջման մասին լրագրողների հարցին պատասխանել է, որ երկխոսությունն անպայմանորեն չի ենթադրում զիջումներ: Նա նշել է, որ բանակցությունների ժամանակ որոշիչ է կողմերի միջև ուժերի հարաբերակցությունը, մասնավորապես, ժողովրդի աջակցությունը, որը, նրա կարծիքով, իշխանություններն, ի տարբերություն, ՀԱԿ-ի չեն վայելում: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու ոչ մի պատճառ չեն տեսնում, և խորհուրդ են տվել ընդդիմությանը պատրաստվել հերթական ընտրություններին` նշելով, որ դրանց այքան էլ շատ ժամանակ չի մնացել:
Այդուհանդերձ, կողմնակի դիտողին հասկանալի է, որ առանց փոխզիջում որոնելու երկխոսությունն անհնար է և որ եթե կողմերը պատրաստ չլինեին որոշակի զիջումների, չէին գնա այդ քայլին: Բացի դրանից, որոշ տվյալների համաձայն այս գործընթացի նախաձեռնողներն ազդեցիկ ուժեր են արտասահմանից, մասնավորապես, նշվում են ԱՄՆ-ն և եվրոպական կառուցյները, իսկ նրանց կարծիքի հետ երկխոսության կողմերը կամա ակամա ստիպված են հաշվի նստել: Հետևաբար, կողմերը ձգտելու են միմյանցից հասնել առավելագույն զիջումների և այդ ամենի շուրջ ընթանալու է ողջ պայքարը: Իշխանությունները և ՀԱԿ-ը ստիպված կլինեն գտնել այն փոխզիջումը, որը ձեռնտու կլինի երկուսի համար էլ, թույլ կտա իրենց կողմնակիցների առաջ պատվով անցնել քաղաքական պայքարի այդ փուլը և պայմաններ ստեղծել քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ վերջնական հաղթանակի հասնելու համար:
Բացառված չէ, որ կողմնակիցների մոտ դեմքը պահպանելու այդ հնարավորությունը կարող է դառնալ հաջորդ հերթական խորհրդարանական ընտրությունների հետ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Դա ՀԱԿ-ին հնարավորություն կտա բացատրել իր կողմնակիցներին, թե ինչու նրանք համաձայնվեցին հերթական խորհրդարանական ընտրություններին, որպես արդարացում նշելով, որ այդ քայլի օգնությամբ հասել են արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը: Դա նաև թույլ կտա ՀԱԿ առաջնորդին հարթել այն անխուսափելի հակասությունները, որոնք կառաջանան կոնգրեսում ապագա խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակը որոշելիս: Այդ ցուցակում իրենց տեղից բոլոր դժգոհողներն իրենց կսփոփեն այն հույսով, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակի դեպքում իրենց բաժինը կստանան գործադիր իշխանության հաշվին:
Իշխանության համար խորհրդարանական և նախագահական ընտրությունները համատեղելն ավելի շահավետ է: Այդ քայլի բացատրությունը կարող է դառնալ սեփական ուժերի մեջ վստահ լինելու, ընտրությունների անցկացման համար ժողովրդական փողերը խնայելու մտադրության մասին հայտարարությունը: Մյուս կողմից երկու ընտրությունների անցկացումը կարող է Սերժ Սարգսյանին առավելություն տալ իր քաղաքական մրցակիցների համեմատ` անսպասելիության արդյունք: Դա կարող է խանգարել հակառակորդին խմբավորել ուժերը, ավելի լավ պատրաստվել նախագահական ընտրություններին, որոնք, ինչպես փորձը ցույց է տվել, ավելի կարևոր են երկրում իշխանությունը բաշխելու համար: Դա հատկապես կարևոր է մամուլում վերջերս հաճախ շոշափվող «Ռոբերտ Քոչարյանի գործոնի» առումով:
Սակայն այդ քայլի ամենագլխավոր պատճառը երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակն է և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Բոլորին հասկանալի է, որ առանց կլանային-օլիգարխիկ համակարգի փլուզման, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծման, օրենքի առջև բոլորի հավասարության երկրի ներքին և արտաքին խնդիրները լուծելն անհնար է: Դատելով վերջին ժամանակների միտումներից, մասնավորապես, ՀՀԿ հայտարարություններից ապագա խորհրդարանում ձեռներեց-պատգամավորների քանակը փոքրացնելու մասին, դա հասկանում է նաև իշխանությունը: Սակայն ակնհայտ է, որ նախագահ Սարգսյանի համար դժվար կլինի դիպչել այն ուժերի շահերին, որոնց աջակցությունը նրան անհրաժեշտ է հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար: Երկու ընտրությունների համատեղումը թույլ կտա չսպասելով 2013-ին ձեռնամուխ լինել երկրում համակարգային բարեփոխումների իրականացմանը, որոնց անհրաժեշտությունն ակնհայտ է և անհետաձգելի: Ժողովուրդը կարող է ուղղակի չհամբերել մինչև 2013-ը, իսկ այն, որ ժողովրդի համբերության բաժակը միանգամից լցվելու հատկություն ունի, այս տարվա սկզբին արդեն ցույց են տվել արաբական երկրների դեպքերը: