Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի օր, բայց արդեն պարզ է դառնում, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չկասկածել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հաղթանակի մեջ: Կանխատեսումների համաձայն իշխող կուսակցությունը կարող է հավաքել ընտրողների ձայների 48 տոկոսը:
Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը գլխավորում է «հին թուրքական կուսակցության նոր դեմք» Քեմալ Քիլիչդարօղլուն, որին անվանում են «երկրորդ Քեմալ» (Աթաթուրքից հետո): Կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայկալի հետ կապված սկանդալներից հետո ԺՀԿ-ն նվաճել է աշխարհիկ պետության կողմնակիցների մեծ թիվ և կարող է ձայների 20-30 տոկոսի հույս ունենալ, ինչը ներկա թուրքական չափանիշներով բավական լավ արդյունք է: Բնական է, ընդդիմության գլխավոր նպատակն է խոչընդոտել ԱԶԿ-ին խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը չնվաճելու համար: Պետք է նշել, որ Քիլիչդարօղլուն, չնայած իր ծագմանը, (նրան վերագրում են հայ մայր), ինչը Թուրքիայում գրեթե հավասարազոր է քաղաքական մահվան կուսակցության առաջնորդի համար, նույնպես ձեռք է բերել որոշակի խարիզմա:
Ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությանը Դևլեթ Բախչելիի գլխավորությամբ աջակցում է ընտրողների 10 տոկոսը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում այս կուսակցությունը, որը պայքարում է քրդերի անջատողականության դեմ, աչքի է ընկել նրանով, որ փորձել է ցույց անցկացնել Դիարբեքիր քաղաքում, որտեղ մեծամասամբ բնակվում են քրդեր, և իրադրությունն առանց այդ էլ լարված է: Բախչելին հայտնի է նաև Անիի Մայր տաճարում իր սկանդալային նամազով, նա հայ-թուրքական Արձանագրությունները հետ կանչելու ջատագով է: Թեև այս հարցում բոլոր թուրք քաղաքական գործիչները միաձայն են: Որոշ վերլուծաբանների կարծիքներն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում Արձանագրությունների հետ կապված գործընթացը կշարժվի մետյալ կետից, չի արտացոլում իրականությունը, բանակցությունները կարող են կրկին սկսվել, սակայն դա լինելու է այլ գործընթաց և այն հիմնվելու է բոլորովին այլ պայմանավորվածությունների վրա: Քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարությունը կուսակցությունը պատրաստվում է տեղեր ստանալ խորհրդարանում` առաջադրելով մի քանի թեկնածություններ, սակայն այդ մի քանի թեկնածուն չեն կարող ազդել իրերի իրական դասավորության վրա: Դիարբեքիրում վերջին ցույցի ժամանակ քուրդ թեկնածուները հայտարարել են, որ պայքարելու են Թուրքիայի կազմում ինքնավարության համար, սակայն նրանց ցանկությանը դեմ են ԱԶԿ-ը և ԺՀԿ-ն, որոնք թույլ չեն տա Թուրքիայի փլուզումը: Իսկ դա անխուսափելի է, եթե քրդերը սկսեն պայքարը, որն այս անգամ ավելի լուրջ կլինի: Փաստորեն Թուրքիայի գլխավոր խնդիրը քրդերն են, այլ ոչ թե հայերը, ԵՄ-ն կամ Ղարաբաղը, որը կօգնի նվաճել էթնիակ ադրբեջանցիների` Իգդիրի, Էրզրումի, Կարսի բնակիչների ձայները:
Եթե ԱԶԿ-ն հաղթի զգալի առավելությամբ, ապա Էրդողանը կփոխի Սահմանադրությունը, և 2012-ին կառաջադրի թեկնածությունը նախագահի պաշտնի համար: Հենց դա է նրա վերջնական նպատակը: Ներկա Սահամանադրությամբ նախագահին ընտրում է խորհրդարանը, և բոլորը հիշում են, թե ինչպես միայն երրորդ փորձից հետո ընտրվեց ներկա նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Միաժամանակ, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Իսրայելի նկատմամբ շատ փոքր տեղաշարժ է նկատվել: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խորհուրդ է տվել երկրորդ «Ազատության նավատորմի» կազմակերպիչներին հետաձգել մեկնումը Գազայի հատվածի ափեր, որը նախատեսվում է այս ամսվա վերջին: Սա առաջին անգամն է, երբ Դավութօղլուն առաջարկում է կազմակերպիչներին վերանայել իրենց պլանները, սակայն Երուսաղեմը Դավութօղլուի հայտարարությունները համարում է «թատերական»` նախատեսված նախընտրական քարոզարշավի համար: