16 հունիսի 2011 - 18:36 AMT
ՀՈԴՎԱԾ
Յուրա Մովսիսյանը երկու խաղերում խփեց երկու գնդակ, Դավիթ Նալբանդյանը վերադարձավ կորտ
Հունիսի 9-16-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում
Թենիս. Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել «Queen's Club» մրցաշարի քառորդ եզրափակիչից, որը տեղի է ունենում Լոնդոնում: Նալբանդյանը հանդիպել է Ֆերնանդո Վերդասկոի հետ (Իսպանիա), որը կարողացել է հաղթանակ տանել երկու սեթերում 5:7, 1:6 հաշվով: Դա թենիսիստների երրորդ հանդիպումն էր, և այս դիմակայությունում հաշիվը հօգուտ Նալբանդյանի է` 2:1:

«Queen's Club» մրցաշարից հետո Նալբանդյանը հանդես է գալու Լոնդոնի «Boodles Challenge» մրցաշարին, որը տեղի է ունենալու հունիսի 14-18-ը: Այդ մրցումները նրա համար նախապատրաստական են լինելու «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին:

Հունիսի 14-ին Լոնդոնում մեկնարկել է Boodles Challenge մրցաշարը: Առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է աշխարհի 12-րդ ռակետ սերբ Վիկտոր Տրոիցկու հետ: 24-րդ ռակետ Նալբանդյանը, չնայած նրան, որ առաջին սեթում զիջեց Տրոիցկուն 3:6 հաշվով, երկու վերջին սեթերում կարողացավ հաղթել 7:6, 10:4 հաշվով:

Դա թենիսիստների հինգերորդ պաշտոնական հանդիպումն էր, 4:1 հաշվով առջևում է Նալբանդյանը:

Boodles Challenge-ի երկրորդ շրջանում Նալբանդյանը հաջորդ հանդիպումը կունենա հունիսի 16-ին, սակայն մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Շախմատ. Պրահայում ընթացող շախմատային փառատոնի շրջանակներում իրենց հանդիպումները շարունակում են հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան Չեխիայից:

Գրոսմայստերներն արդեն նախատեսված 6 պարտիաներից հանդես են եկել 3-ում: Առայժմ հաշիվը հավասար է` 1.5:1.5: Հունիսի 16-ին շախմատիստները հանգստանում են և շարունակելու են իրենց խաղերը հունիսի 17-ին:

Շախմատիստների հանդիպումներն ավարտվելու են հունիսի 19-ին: Շախմատային փառատոնի հատուկ հյուրն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան):

Հունիսի 15-24-ը Ջերմուկում կայանալու է Կարեն Ասրյանի չորրորդ հուշամրցաշարը, որն այս տարի ներկայացուցչական է լինելու, քանի որ դրա արդյունքները հնարավորություն են տալու տղամարդկանց և կանանց կատարել գրոսմայստերների նորմերը: Մասնակցության հայտեր են ներկայացրել 6 երկրների շախմատիստներ` Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, ԱՄՆ և Ղազախստան:

Մրցաշարային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար:

Ֆուտբոլ. Հունիսի 15-ին Հանքավանի մարզաբազայում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև նախատեսված երկու ընկերական հանդիպումներից առաջինը: Երկրորդ տարին անընդմեջ երկու երկրների հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում և այդ ընթացքում անցկացնում ընկերական հանդիպումներ: 2010թ-ին Հայաստանի հյուրն էր Վրաստանի մինչև 17 տարեկանների ընտրանին, որի հետ հանդիպումներում գրանցվել էր միևնույն 0:0 հաշիվը: Այս անգամ էլ թիմերը չկարողացան բացել հաշիվը, չնայած որ և դաշտի տերերը և հյուրերը հաղթանակ տանելու բազմաթիվ հնարավորություններ ունեին: Հանդիպմանը ներկա էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և մարզիչ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի մինչև 17 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը:

Հունիսի 17-ին ժամը 12:00 Հայաստանի և Վրաստանի մինչև 16 տարեկանների հավաքականները կանցկացնեն երկրորդ ընկերական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հանգստյան օրերին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրը: Իջևանում «Շիրակն» ընդունեց երկրի գործող չեմպիոն «Փյունիկին»: Գյումրու թիմը կարողացավ հաղթել 2:0 հաշվով:

Երևանում հանդիպեցին «Բանանցն» ու «Իմպուլսը», երևանյան ակումբն ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 2:1 հաշվով: «Միկա»-«Գանձասար» խաղի վերջին րոպեին Կապանի ակումբի ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել Անդրանիկ Սարգսյանի գոլի շնորհիվ: Միակ ոչ ոքին գրանցվեց «Արարատ»-«Ուլիս» խաղում, կողմերը մեկական գնդակ խփեցին:

Այս ոչ ոքիից հետո, «Ուլիսը» նահանջեց երկրորդ տեղը 24 միավորով: «Գանձասարը» վաստակեց 25 միավոր և դարձավ Հայաստանի առաջնության առաջատարը՝ երրորդ տեղը զբաղեցնում է «Փյունիկը» 21 միավորով:

«Միկա» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Արմեն Շահգելդյանին: Գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի ակումբի մարզչական հարցերի գծով փոխնախագահ և մարզական տնօրեն Էդուարդ Մարկարովը:

Հայաստանի ընթացող առաջնության 12-րդ տուրից հետո «Միկան» 15 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Այս տարի Շահգելդյանն իր թիմով դարձավ երկրի գավաթի տիտղոսակիր, եզրափակչում հաղթանակ տանելով «Շիրակի» հանդեպ 4:1 հաշվով: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարի» ակումբը վստահ հաղթանակ է տարել «Ռոստովի» նկատմամբ 1:3 հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբին, երբ հաշիվը հավասար էր` 1:1, Մովսիսյանը խփեց թիմի երկրորդ գոլը, ևս մեկ գոլ գրանցվեց Մարսիոյի հաշվի: Այդ տուրից հետո «Կրանսոդարը» 14 միավորով 9-րդ տեղում է:

«Կրասնոդարը» հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 14-ին «Վոլգայի» դեմ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Կրասնոդարը», որի գույներն է պաշտպանում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, հանդիպել է «Վոլգայի» հետ:

Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Մովսիսյանը, այնուհետև նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Դա Յուրա Մովսիսյանի երրորդ գոլն էր «Կրասնոդարի» կազմում:

Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասաց, որ արագ գոլը թույլ տվեց նրանց պաշտպանվել: «Միայն երկրորդ խաղակեսում մենք սկսեցինք ճնշում գործադրել և ավելի բարձր մակարդակի խաղ ցույց տալ: Մենք առաջնությունում առաջին անգամ երկու անընդմեջ հաղթանակ տարանք, ինչը շատ կարևոր է դերբիից առաջ»,-Մուսլինի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

«Կրասնոդարը» 17 միավոր է հավաքել և 9-րդ տեղն է գրավում մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հունիսի 18-ին Կրասնոդարի մյուս «Կուբան» թիմի հետ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News