4 հուլիսի 2011 - 13:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանը նոր կյանքի շանսեր ունի
«Նաիրիտ» ՓԲԸ-ի կառավարման օպերատորի մրցույթի հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն` գերմանական C.A.C
Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի կառավարման օպերատորի մրցույթի հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն` գերմանական C.A.C, որը երկար տարիներ մասնագիտացած է քիմիական արդյունաբերության ոլորտում: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 15 օրով երկարաձգել է «Նաիրիտ» գործարանի ներդրումային ծրագրի իրականացման Հետաքրքրությունների հայտերի ընդունման ժամկետը:

Ըստ նախարարության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկատվության` Հետաքրքրությունների հայտերը պետք է ներկայացվեին մինչև հունիսի 15-ը: Հայտարարությունը տրվել է «Նաիրիտի» բաժնետերերի և վարկատուների կողմից: Որպես բաժնետեր հանդես է գալիս Rhinoville Property Limited ընկերությունը, որպես վարկատու` ԱՊՀ միջպետական բանկը, որին «Նաիրիտը» պարտք է 100 մլն դոլար: Կառավարությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել «Նաիրիտի» վերազինման ծրագրին` ընդհուպ օրենսդրական ու ենթաօրենսդրական փոփոխություններով: Ներդրումային ծրագիրը կազմված է 8 տարվա կտրվածքով` 2011-19 թթ.:

Մրցույթի մասնակցությամբ հետաքրքրվել են նաև լեհական ընկերությունները, սակայն հայտ չեն ներկայացրել: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ նախարարության մասնագետները հանդիպելու են ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթանալու նրա հնարավորությունների հետ և քննարկելու առաջարկված ծրագիրը: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչով է գրավել հին գործարանն այդ գերմանական ընկերությանը, որտեղ խորհրդային ժամանակներից ի վեր ոչինչ չի փոխվել, որն այրվել է և վտանգ է ներկայացնում ոչ միայն աշխատողների, այլ նաև շրջակա միջավայրի համար:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, վարկային միջոցներ ստանալու հեռանկարը ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում «իհարկե կա, և այդ հարցը հիմա քննարկվում է: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ Հայաստանը կստանա այդ ֆինանսական միջոցները, իսկ երկու ամիս անց մենք այդ հարցն էլի կքննարկենք»,- ասել է նա:

ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամը հունիսի 10-ին ձեռնամուխ է եղել Հայաստանին մինչև 400 մլն դոլար վարկ տրամադրելու հարցի քննարկմանը: Հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է ուսումնասիրել և գնահատել Հայաստանի պետական ծրագրերը մի շարք ոլորտների վերակառուցման ուղղությամբ:Քիմիական արդյունաբերության պոտենցիալ ծրագրերից մեկը «Նաիրիտի» արդիականացումն է, որի վերակառուցման համար անհրաժեշտ է 400-500 մլն դոլար:

«Նաիրիտի» արտադրական հզորությունը ներկայում գնահատվում է տարեկան 38 հազ. տոննա, որը լիովին բավարար է Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների պահանջարկի համար: «Նաիրիտը» աշխարհում միակ գործարանն է, որտեղ քլորոպրենային կաուչուկը կարելի է ստանալ հայտնի 2 մեթոդներով էլ` բութադիենային և ացետիլենային (բնական գազից): 1994 թ. բութադիենային արտադրամասը կանգնեցվել և կոնսերվացվել է` բութադիենի ստացման բարդությունների պատճառով: Այն ներդրումային ծրագիրը, որ ներկայացվել է գործարանի ղեկավարության կողմից, ենթադրում է տեխնիկական վերազինումը հասցնել այն աստիճանի, որ «Նաիրիտը» դառնա բնապահպանական և տոխնոլոգիական առումով անվտանգ խոշոր քիմիական ձեռնարկություն: Այսպես` առաջարկվում է կառուցել սեփական ջերմաէլեկտրակայան, վերագործարկել բութադիենից կաուչուկի ստացման արտադրամասը, ստեղծել քլորի և կաուստիկ սոդայի նոր արտադրություն, զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները (ջրամատակարարում, բնապահպանություն և այլն):

«Նաիրիտի» վերազինման միայն առաջին 2 փուլերում (մինչև 2014 թվականը) պահանջվում է 512 մլն դոլարի ներդրում: Դրանից 145 մլն դոլարը նախատեսված է ֆինանսական առողջացման նպատակներով` 100 մլն դոլար ԱՊՀ միջպետական բանկին, և 45 մլն դոլար` այլ պարտքերի մարմանը: Մոտ 47 մլն դոլար է գնահատվել բուտադիենային արտադրամասի վերագործարկման ծրագիրը: Այս ներդրումներն իրականացնելու դեպքում ենթադրվում է, որ արդեն 2013 թ. «Նաիրիտը» կարտադրի 93 հազ. տոննա տարաբնույթ արտադրանք` 220 մլն դոլար արժեքով, որից 200 մլն դոլարը կարտահանվի:

Այսպիսով, գործարանի շանսերն աճում են, իսկ հետագա զարգացումը ցույց կտա, թե կհաջողվի արդյոք այն դուրս բերել համաշխարհային մակարդակ, թե ոչ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News