2011-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի հուլիսի համեմատ ավելացել է 7%-ով: Այս տարվա հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 78 մլրդ 165,4 մլն դրամ` 2010-ին հուլիսի համեմատ ավելանալով 10,2%-ով: Ապրանքաշրջանառությունը հուլիսին աճել է 5,9%-ով (165 մլրդ 961,8 մլն), ծառայությունների ծավալը` 5.3%-ով (78 մլրդ 474 մլն):
2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 32,4%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում, իսկ շինարարության ոլորտում ` 32.2%-ով անկում:
Վերջին միտումները վկայում են այն մասին, որ Հայաստանի կառավարության թիրախային մոտեցումը, այդ թվում` աջակցությունն արդյունաբերական ոլորտին, թույլ կտան այս տարվա վերջին պահպանել աճի երկնիշ ցուցանիշը: Այդ մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Եթե անդրադառնանք տնտեսության մեջ ընթացիկ զարգացումներին, ապա կարելի է նկատել, որ մենք վեց-յոթ ամսվա կտրվածքով 12-13% աճ ունենք արդյունաբերության ոլորտում` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ: Դա նշանակում է, որ արդյունաբերությունն աճում է միջին տնտեսական ցուցանիշներից ավելի արագ տեմպերով, ինչն ուրախացնում է, քանի որ Հայաստանը եղել է, կա և կլինի արդյունաբերական երկիր»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, նախարարը հանդես է գալիս երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման կողմից: Եվ այստեղ կառավարությունն ուղենիշ է վերցրել թիրախային մոտեցման և զանազան ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների անցկացման միջոցով կարգավորել իրադրությունը բոլոր ճյուղերում և անգամ ենթաճյուղերում:
Իսկ ինչ վերաբերում է արտահանման ծավալների աճին, ապա, Տիգրան Դավթյանի խոսքով, այս տարի աճի տեմպերը (25-30%) այստեղ գերազանցում են անցյալ տարվա ցուցանիշները: «Գտնում եմ, որ այդ միտումները կպահպանվեն, իսկ դա նշանակում է, որ մեր արտադրանքը սպառման նոր շուկաներ է գտնում»,- ընդգծել է նա: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման աճին նպաստելու է էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Արդյունաբերության ոլորտում ռազմավարական քաղաքականությունը` ուղղված արտահանմանը»: Սակայն իշխանություններին առայժմ չի հաջողվում պաշտպանել տեղի արտադրանքն անօրինական ներմուծումից: Հարց է ծագում` իսկ ինչպես է արտադրանքը խուսափում մաքսազերծումից առանց վերոհիշյալների իմացության: