30 օգոստոսի 2011 - 21:44 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինքնահռչակ պետություններում ընտրություններն անցկացվում են իրենց համար, այլ ոչ թե ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի
Հիմա միջազգային հանրությանը պետք են Միխայիլ Սահակաշվիլին և Իլհամ Ալիևը՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը կարծում են, որ առանց նրանց կայունությունը Հարավային Կովկասում կխախտվի
Աբխազիայի նոր նախագահ դարձավ Ալեքսանդր Անկբավը, որին իսկույն չճանաչեցին ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և մի շարք այլ միջազգային կառույցներ: Նախկին ԽՍՀՄ ինքնահռչակ պետություններում` ԼՂՀ-ում, Մերձդնեստրում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, ընտրությունների ժամանակ նկատվում է օրինաչափություն. Արևմուտքը հրաժարվում է իր իսկ կողմից հռչակված արժեքներից և չի ճանաչում ընտրությունները, որոնք ակնհայտորեն ավելի ժողովրդավարական են ընթանում, քան Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում:

Նույն Արևմուտքը, որին պետք էր մասնատել Հարավսլավիան, ավելի ճիշտ` Սերբիան, ճանաչեց Կոսովոյի անկախությունը և այնտեղ ընթացող ընտրությունները: Երկակի չափանիշների մասին 90-ականներից հետո այնքան է խոսվել և գրվել, որ կրկնելու կարիք չկա: Ճանաչվում է միայն այն, ինչը ներառվում է realpolitik-ի շրջանակներում, որը վարում են հենց այսօր: Եթե իրավիճակը փոխվի, ամեն ինչ տեղի կունենա բոլոլորովին այլ կերպ: Ամենահետաքրքիրը ձևակերպումներն են, որոնք 20 տարվա ընթացքում նույնն են մնացել և նույնիսկ թվում է, որ դեռ ԽՍՀՄ փլուզման ժամանակ այդ ձևակերպումներն ընդունվել են և մինչև հիմա չեն փոխվել:

«Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակները, որոնցում անցկացվել են այդ ընտրությունները»,- ասվում է արտաքին գործերի և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունում: ՆԱՏՕ-ում կարծում են, որ Աբխազիայի ընտրությունները կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանում կայունության վրա: «Նման ընտրությունների անցկացումը չի աջակցում Վրաստանում իրավիճակի խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը: ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում»,- ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունում: Նույն ԵՄ-ն Կոսովոն բաժանելու ժամանակ չգիտես ինչու նույնսիկ չհիշեց Սերբիայի տարածքային ամբողջականության մասին և մեղադրեց նրան մահմեդականների զանգվածային սպանությունների մեջ: Հիմա Եվրոպան փորձում է զսպել իսլամի ալիքը ամենավատ միջոցով՝ փակելով աչքերը ներգաղթյալների և մզկիթների աճող թվի վրա: Հասկանալի է, որ Վրաստանը կարծես քրիստոնեական երկիր է, սակայն վերջին ժամանակները այն ավելի շատ է ընթանում թուրքական քաղաքականության հունով և ուստի կարող է Արևմուտքի բարեհաճության հույսեր փայփայել: Վրաստանի օգտին կա ևս մեկ փաստարկ՝ նրա բացահայտ հակառուսական դիրքորոշումը: Թեև եվրոպացիներին և ամերիկացիներին չէր խանգարի ավելի մանրամասն ուսումնասիրել Վրաստանի պատմությունը, որը երբեք աչքի չի ընկել հավատարմությամբ և հաստատակամությամբ: Սակայն հիմա միջազգային հանրությանը պետք են Միխայիլ Սահակաշվիլինի և Իլհամ Ալիևը. ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը կարծում են, որ առանց նրանց Հարավային Կովկասում կայունությունը կխախտվի: Բայց չէ որ հենց նրանք էլ ստեղծում են լարվածություն իրենց սադրիչ հայտարարություններով և գործողություններով, թեև պետք է խոստովանել, որ այս պարագայում Ադրբեջանի նախագահն ավելի քիչ է գնում իմպուլսիվ քայլերի, ինչը չի կարելի նրա վրացի գործընկերոջ մասին: Այնուամենայնիվ, վերադառնալով հիմնական թեմային , նշենք, որ Աբխազիան, ինչպես նաև ԱՊՀ այլ ինքնահռչակ պետությունները, ընտրություններ են անցկացնում ոչ թե ԵՄ կամ ՆԱՏՕ ճանաչմանն արժանանալու համար, այլ իրենց համար, և ընտրությունները կոչված են առաջին հերթին ցուցադրել սեփական ժողովրդին հռչակված անկախությունը: Ճիշտ այնպես, ինչպես դա արվում է ողջ աշխարհում: Ուղղակի ողջ աշխարհում նորանկախ պետությունների նախագահները չունեն կայսրական սինդրոմ և նրանք ավելի ադեկվատ են փոփոխվող աշխարհի գնահատականների մեջ:

Միաժամանակ, Կոսովոյի մասին անհիմն չխոսելու համար նշենք, որ Կոսովոյում ԵՄ առաքելությունը նշանակել է հատուկ ներկայացուցչի մարդկային օրգանների առևտրում Կոսովոյի Ազատագրության բանակի մասնակցության մասին մեղադրանքները հետաքննելու համար, հաղորդում է BBC-ն:

2010-ին ԵԽԽՎ զեկույցում, որը պատրաստվել և ներկայացվել էր Դիկ Մարտիի կողմից, նշվում էր, որ դոնորային օրգանները վերցվում էին գերության մեջ գտնվող սերբերից, որոնց այնուհետև սպանում էին: Զեկույցի համաձայն, կլինիկան, որտեղ այդ ամենը տեղի է ունեցել, գտնվել է Կոսովոյի և Ալբանիայի սահմանին: Մարտին մեղադրել է Կոսովոյի Ազատագրության բանակի ստորաբաժանմանը, որի հրամանատարն է եղել Կոսովոյի վարչապետ Հաշիկ Տաչին, կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ մարդկային օրգաններ վաճառելու մեջ: Տաչին բնականաբար կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:

Դիկ Մարտին հայտարարում է, որ երբեք չի պնդել, որ Հաշիմ Տաչին անմիջականորեն կապված է եղել այդ հանցագործությունների հետ, բայց հավելում է, որ դժվար է հավատալ, որ նա այդ ամենի մասին ոչինչ չի լսել: Այդ մեղադրանքների քննիչ է նշանակվել ամերիկյան դատախազ Ջոն Քլինթ Ուիլյամսոնը:

Կարինե Տեր-Սահակյան