Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացելով կառավարության նիստը, անդրադարձել է պետական պարտքի խնդրին, քանի որ այն գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Նա հայտնել է, որ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը նույնպես հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարկանիշը։ «Բավական օբյեկտիվ վերլուծություն է, և մեր վարկանիշը մնացել է նույնը` BB-, կանխատեսումը` կայուն։ Այստեղ նույնպես օբյեկտիվորեն վերլուծված են մեր հարաբերական առավելությունները և թույլ կողմերը»,-ասել է նա կառավարության նիստում։ «Այդ տեսակետից մեր ընդդիմախոսների և վերլուծաբանների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս զեկույցների վրա, որտեղ օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա բացահայտվում են մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և խնդիրները, միևնույն ժամանակ օբյեկտիվորեն ներկայացվում մեր առավելությունները։ Մասնավորապես, «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպության զեկույցից ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, որ մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում` արտաքին պարտքի ցուցանիշը։ Զեկույցում նշված է, որ BB վարկանիշ ունեցող երկրների շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին բեռը գտնվում է կառավարելիության մակարդակում, և միջին ցուցանիշից բեռն ավելի ցածր է նմանատիպ երկրների համար, այսինքն` ես ցանկանում եմ ասել, որ իրականում պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը։ Այսօր այն գտնվում է 40 տոկոսի շրջանակում և ամբողջությամբ բաղկացած է երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից, որոնք մենք ստացել ենք միջազգային կազմակերպություններից»,-ասել է վարչապետը:
Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, մեկնաբանելով գործակալության զեկույցը, նշել է, որ Fitch-ն առաջին հերթին գնահատում է երկրի վճարունակությունը: Ըստ նրա, ՀՀ ֆինանսների նախարարությունը նաև վերլուծել է պետպարտքի կայունությունը, որի արդյունքները շուտով կհրապարակվեն պետկառույցի պաշտոնական կայքում:
Վաչե Գաբրիելյանը նշել է նաև, որ զեկույցում Հայաստանը համեմատվում է նույն կարգի (BB-) այլ երկրների հետ և այստեղ մեր երկրի գնահատականը պետքպարտքի կառավարման առումով համընկնում է Սերբիայի հետ, չնայած նրան, որ այդ երկիրը զարգացման ավելի բարձր մակարդակ ունի: Ինչպես հայտնել է նախարարը, Հայաստանի վարկանիշը հարևան Ադրբեջանի ու Վրաստանի հետ նույն մակարդակի վրա է:
Վարկանիշի դրական պահերից է տնտեսական աճն ու ցածր գնաճը երկարաժամկետո առումով, ավելի թեթև հարկային բեռը այդ կարգի այլ երկրների համեմատ, առաջընթացը գործարար միջավայրի բարելավման գործում, բանկային համակարգի կապիտալիզացիայի բարձր մակարդակը:
Իսկ BB կարգի երկրների թվում Հայաստանի բնակչության եկամուտների մակարդակը միջինից ցածր են, ավելին, Հայաստանի շուկան փոքր է և մեծապես կախված արտաքին ցնցումներից, Ռուսաստանից, դրամական փոխանցումներից: Ինչպես նշել է Գաբրիելյանը, Հայաստանը արտահանման փոքր բազա ունի, ընդ որում ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը ավելի բարձր է, քան միջինն այդ խմբում, առկա է նաև կոռուպցիայի խնդիրը:
Պետք է նշել, որ Fitch վարկանիշում Հայաստանի հարցում վերջին տարիներին գլոբալ փոփոխություններ չեն եղել, չի եղել նաև իրական առաջընթաց: Այնպես որ երկիրն իր զարգացման մեջ զգալի փոփոխությունների չի ենթարկվել, իսկ բնակչության եկամուտների մակարդակը միջինից ցածր է BB կարգի համար: