26 սեպտեմբերի 2011 - 18:41 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ճանապարհորդություն ժամանակի մեջ. Հայաստանի գլխավոր ժամացույցի պատահական ծնունդն ու պատմությունը
Կոնկրետ հայտնի չէ, թե երբ է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ յոթանասուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով
Երևանում ամեն առավոտ սկսվում է Հանրապետության հրապարակում` Հայաստանի կառավարության շենքի աշտարակում գտնվող քաղաքի գլխավոր ժամացույցի զանգից: Կարելի է ասել, որ այդ ժամացույցը քաղաքի «առաջին» ժամացույցն է. մեզնից շատերը ականատես են եղել, թե ինչպես են Հանրապետության հրապարակի անցորդները ժամը ճշտում հենց այդ ժամացույցի միջոցով: Այդ ժամացույցի զանգը մեզ հիշեցնում է, որ մենք ինչ-որ տեղից ուշանում ենք կամ արդեն ուշացել ենք, հիշեցնում է նաև, որ ժամանակն անվերադարձ գնում է: Բայց էլ ի՞նչ գիտենք մենք այդ ժամացույցի մասին: Բացարձակապես ոչինչ: Օրեցօր երևանցիներն անտարբեր անցնում են ժամացույցի կողքով` անգամ չկասկածելով դրա հարուստ պատմության մասին:

Իրականում Հանրապետության հրապարակի ժամացույցը հայտնվել է բոլորովին պատահաբար: Կառավարության շենքի շինարարության ժամանակ` 1940 թվականին, բոլոր շինանյութերը շենք էին բերվում հատուկ անցքի միջոցով, որը սկզբնական պլանով նախատեսված չէր, և այդպես էլ չփակվեց: Խնդիրը լուծելու նպատակով հանրապետության ղեկավարությունը դիմեց Կրեմլ, որտեղից էլ ստացվեց այնտեղ ժամացույց տեղադրելու խորհուրդը: Այդպես էլ որոշվեց, որ կառավարության շենքի անցքը կփակվի ժամացույցով, որը հետագա տարիներին Երևանի խորհրդանիշը դարձավ: Հետաքրքիր է, որ նախագծի հեղինակը ոչ թե հայ է, այլ Մագնիշևսկի ազգանունով մեկը: Ցավոք, հայտնի չէ, թե որտեղ է ծնվել Հայաստանի գլխավոր ժամացույցը և որտեղից է բերվել իր Հայրենիք:

Սակայն հայտնի է, որ ժամացույցի ճանապարհը դեպի Երևան դյուրին չի եղել: Սկզբնապես նախատեսված էր, որ այն Երևան կբերվի 1941թ. հունիսին: Սակայն Հայրենական պատերազմի պատճառով ժամացույցը Երևան հասավ միայն աշնանը: Այսպիսով, 3 մ 60 սմ տրամագծով ժամացույցը, որի 170 սմ երկարությամբ մեծ սլաքը կշռում է 4 կգ 850 գր, իսկ 110 սմ երկարությամբ փոքր սլաքը` 3 կգ 500 գր, աշտարակի վրա տեղադրվեց Արծրուն Յավրոյանի` քաղաքի գլխավոր ժամացույցի առաջին ժամագործի կողմից: Երևանի գլխավոր ժամացույցի պատմության ողջ ընթացքում եղել է ընդամենը հինգ ժամագործ. Արծրուն Յավրոյան, Զորիկ Հակոբյան, Գեղամ Մկրտչյան, Աշոտ Մալիքսեթյան և այժմ աշխատում է Լյովա Ալեքսանյանը: Նրանցից առաջինը` Յավրոնյանը, ժամացույցին ծառայել է 40 տարի:

Կոնկրետ հայտնի չէ, թե ժամացույցը որ ամսում կամ որ օրն է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ յոթանասուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով: Անգամ արցախյան պատերազմի տարիներին, երբ Երևանում միայն մի քանի ժամով էին միացնում լույսը, երկրի գլխավոր հրապարակի ժամացույցը շարունակում էր աշխատել` հավատարիմ մնալով իր առաքելությանը: Իր ողջ պատմության ընթացքում հանրապետական ժամացույցը միայն մեկ անգամ է տեխնիկական փոփոխության ենթարկվել, երբ 2001թ. հուլիսի 5-ին մեխանիկական բլոկից անցել է էլեկտրոնայինին:

Բազմաթիվ քաղաքացիներ անգամ չեն կասկածում, որ այդ ժամացույցը, որի հետ նրանք զարթնում և քնում են, զանգի 5 տարբերակ ունի. դո, մի, ֆա, սոլ, լյա նոտաները, որոնցից սկսվում է Հայաստանի օրհներգը, զարդարում են անցորդների առօրյան` ամեն անգամ տարբեր կերպ հիշեցնելով երևանցիներին անցնող ժամանակի մասին:

Վստահությամբ կարելի է ասել, որ ժամացույցը հայոց պատմության բազմաթիվ շրջադարձեր է ապրել, վկայել քաղաքի «վերածնունդը», երբ հին շենքերն արդեն փոխարինվել են նորերով, իսկ Հանրապետության հրապարակի շենքերի անսամբլը սկսել են զարդարել երգող շատրվանները: Ինչպես նշել է քաղաքի գլխավոր ժամացույցի ներկայիս ժամագործ Լյովա Ալեքսանյանը, ժամացույցն արդեն սովորել է քաղաքին և պետք է մնա այնպիսին, ինչպիսին ի սկզբանե եղել է:

Եվ իսկապես, Հանրապետության հրապարակի ժամացույցը քաղաքի անբաժան մասն է, չէ որ հենց դրա ղողանջյունով է զարթնում Երևանը:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ