9 դեկտեմբերի 2011 - 09:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Դովիլ, Հելսինկի, Աստանա, Աթենք, Վիլնյուս՝ ոչ մի նոր բան
Եթե հաշվի առնել այն, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջիկայում կայունություն չի հաստատվի, ապա Հարավային Կովկասում ևս հակամարտությունները կպահպանեն ներկա ստատուս քվոն, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ
Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովն ավարտվեց Ղարաբաղի վերաբերյալ հերթական հայտարարության ընդունմամբ: Թեպետ կարելի էր ակնկալել դա, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները տարածաշրջան կատարած յուրաքանչյուր այցից հետո: Միանգամից ասենք, որ հայտարարությունում ոչ մի նոր բան չկա՝ ուղղակի «կողմերը համաձայնվել են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու անհրաժշտության և խաղաղ կարգավորման հարցում առաջխաղացման համար մթնոլորտի բարելավման հետ» բանաձևին Դովիլի, Հելսինկիի, Աստանայի, Աթենքի և Սոչիի կողքին ավելացավ նաև Վիլնյուսը, ինչը սպասելի էր:

Բնական է, որ նման մակարդակի հանդիպումներում նման հայտարարության ընդունումն ուղղակի պարտադիր է ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահ-երկրների համար, որոնք ուղղակի պարտավոր են հայտարարել այն մասին, որ բանակցային գործընթացը գտնվում է նրանց ուշադրության տակ: Բայց արդյո՞ք դա այդպես է: Չէ որ չնայած բազմաթիվ հայտարարություններին և ԼՂՀ ու Ադրբեջանի շփման գծից դիպուկահարներին հեռացնելու և ռազմատենչ հռետորության անթույլատրելիության մասին Ադրբեջանին ուղղված կոչերին Բաքուն ոչ մեկին չի լսում և անում է այն, ինչ խելքին փչում է: Իլհամ Ալիևը խելացիորեն կարծում է, որ համանախագահ-երկրներին և նաև ողջ աշխարհին հիմա չի հետաքրքրում Ղարաբաղը և օգտվելով իրավիճակից փորձում է հրահրել ԼՂՀ ՊԲ-ին պատասխան լուրջ գործողությունների, որոնց արդյունքում կարելի է պատերազմ հրահրել:

Հայտարարությունում հերթական անգամ խոսվում է ղարաբաղաադրբեջանական հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության մասին, բայց նշվում է «անընդունելի ստատուս քվոյի» մասին, որը ԵԱՀԿ կարծիքով չափազանց ձգձգվել է և լուրջ արգելք է հակամարտության լուծման ճանապարհին: Անմասն չմնացին նաև Հելսինկյան սկզբունքների մասին հիշատակումները, որոնք մեռելածին էին արդեն 1975-ին և չեն լուծում աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններից ոչ մեկը, ու զարմանք է հարուցում նրանց մշտական հիշատակումը: Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող համատեղվել ազգի ինքնորոշման իրավունքի հետ, դա դեռ ոչ մեկին չի հաջողվել: Բայց այնուամենայնիվ, այդ սկզբունքները մշտապես կրկնվում են և արդեն դարձել են Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարությունների անպայման բաղադրիչը: Հայտարարությունների հեղինակներին, մասնավորապես ԵԱՀԿ-ին, կարելի է հասկանալ. ներկա պահին Բաքվի հետ վիճել չի կարելի, երբ Պարսից ծոցի երկրներից ածխաջրածինների մատակարարումները վտանգի տակ են: Եվրոպան ուղղակի այլընտրանք չունի և ստիպված է ռևերանսներ կատարել Ալիևի կողմը: Մի խոսքով, եթե Հայաստանը նավթ ու գազ ունենար, նրա հետ նույն կերպ կվարվեին:

Հայտարարությունում նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները նշել են, որ իրենց պետությունների ղեկավարները համանախագահ-երկրների աջակցությաբբ պատրաստ են կրկին հանդիպել մոտ ապագայում «իրենց ժողովուրդներին խաղաղություն, բարգավաճում և կայունություն ապահովելու ուղիների մասին ուղիղ երկխոսությունը շարունակելու համար»: Վերջերս կայունության և բարգավաճման մասին շատ է խոսվել և դա կարող է նշանակել, որ մինչև Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրությունները համանախագահ-երկրները շտապում են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, որովհետև նոր (կամ հին) նախագահի հետ պետք է գործընթացը սկսել զրոյից: Ճիշտ է, եթե հաշվի առնել այն, որ Սարգսյանի և Ալիևի պաշտոնների պահպանման հավանականությունը շատ մեծ է, ապա գալիք տարում մենք ռազմական հռետորության և սադրանքների ականատեսը կլինենք՝ ուղղված ինչպես ներքին կիրառմանը, այնպես էլ արտաքին աշխարհին: Ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է նաև նրանից, թե ինչպես կլուծվի իրանական խնդիրը և «արաբական գարունը»: Միայն դրանից հետո կարելի է խոսել Հարավային Կովկասի երկրների և այս տարածքում հակամարտությունների նկատմամբ ուշադրության բարձրացման մասին: Երբ տարածաշրջանը որոշակի կայունություն ձեռք բերի, միայն այդ դեպքում կարելի կլինի լուծում գտնել: Բայց եթե հաշվի առնել այն, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջիկայում կայունություն չի լինի, ապա Հարավային Կովկասում հակամարտությունները կպահպանեն ներկա ստատուս քվոն, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ:

Կարինե Տեր-Սահակյան