Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ Իրաք ներխուժումը պատասխան էր 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, թեև մինչև հիմա տարակուսանք է հարուցում ներխուժման նպատակը: Այն, որ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք չուներ, գիտեր ողջ աշխարհը: Բայց հանուն ձևական պատճառի և սեփական գործողությունները բացատրելու կոալիցիայի դաշնակիցները գնացին գիտակցված կեղծիքի, որը շատ շուտ բացահայտվեց: WTC աշտարակների կործանմանը Ջորջ Բուշ կրտսերի ոչ ադեկվատ պատասխանը հանգեցրեց ամենածանր հետևանքների ոչ միայն ԱՄՆ բանակի, այլ նաև տարածաշրջանի համար: Ըստ տրամաբանության, ԱՄՆ-ը ահաբեկիչներին պետք է «պատժեր» Աֆղանստանում, այլ ոչ թե Իրաքում: Բայց Սադամն ակնհայտորեն չափազանց շատ էր խանգարում նավթային լոբբիին: Սակայն ԱՄՆ-ը քիչ շահեց այս հերթական արկածախնդրությունից: Միակ մարդը, ով շահեց, ԱՄՆ նախկին նախագահ Դիք Չեյնին էր իր նավթային շահերով և ԱՄՆ բանակի մատակարարումներով: Եվ դե, իհարկե, հենց ինքը՝ նախագահը, ով «արժանի» է ամերիկյան ձևով ժողովրդավարության մարտիկի համար կոչմանը: Որքան էլ տարօրինակ թվա, Սադամի անկումը հանգեցրեց «արաբական գարնանը»: Հենց Իրաքի կործանումից սկսվեց Մերձավոր Արևելքում անկայունությունը: Թեև պետք է խոստովանել, որ տարածաշրջանի թուլացման առաջին մեղավորներն անգլիացիներն էին, ովքեր հեռացան 1947-ին: Նրանց հեռանալուց հետո սկսվեց իսրայելաարաբական պատերազմը, որը ձգվում է մինչև հիմա: Մերձավոր Արևելքում իրադարձությունները երկար սպասված վերջակետը դրեցին Եվրասիայի Վերսալյան-Պոտսդամյան, եթե կարելի է այսպես ասել, դասավորության մեջ: Աշխարհը թևակոխեց նոր փուլ, և թե ինչ կստացվի վերադասավորման արդյունքում, ոչ ոք չի կարող գուշակել:Սակայն վերադառնանք Իրաքին: 2003-ի ապրիլի 9-ին կոալիցիայի զորքերը գրավեցին Բաղդադը: Միաժամանակ պատերազմի երկու ամիսների ընթացքում Լոնդոնը և Վաշինգտոնը կորցրեցին շուրջ 170 զինվոր: Սակայն հետո պատերազմը վերածվեց պարտիզանականի, իսկ ամերիկյան բանակի կորուստներն աճեցին, ընդ որում իրերի դրությունը չբարելավվեց 2006-ին Սադամ Հուսեյնին մահապատժի ենթարկելուց հետո: Պատերազմի ողջ ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, ԱՄՆ բանակը կորցրեց 4481 զինվոր, ևս 30 հազարը վիրավորվեցին: Իրաքցիների կորուստները տարբեր տվյալներով կազմում են 500 հազարից մինչև 1,1 մլն: Ճիշտ է, ասում են, որ իրականում մահացածներն ավելի շատ են: Բայց, ըստ էության, հիմա Իրաքը բաժանվել է երեք գոտիների. Հյուսիսային Քուրդիստան, կենտրոնում և հարավում պատերազմում են սունիթները և շիիթները: Բայց իրեն հավատարիմ ԱՄՆ նախագահը, տվյալ դեպքում Բարաք Օբաման, հայտարարել է, որ ԱՄՆ-ը թողնում է անկախ, կայուն և իր վրա վստահ երկիր ժողովրդի կողմից ընտրված կառավարությամբ…Բարաք Օբամայի հայտարարության ոչ մի դրույթ չի համապատըասխանում իրականությանը, ինչպես նաև Եգիպտոսում, Լիբիայում և Թունիսում կատարված հայտարարությունների:
Կասկածից դուրս է՝ Իրաքը կհամալրի մահմեդական երկրների շարքը, որտեղ գործում է շարիաթ և կարող է նույնիսկ ընկնել Իրանի ազդեցության տակ: Շիիթների և սունիթների միջև պետական պաշտոնների բաժանումը կարող է հանգեցնել ևս մեկ քաղաքացիական պատերազմի, որից հետո Իրանը կարող է ռևանշ վերցնել պատերազմի համար, որը շարունակվեց 1980-1988թթ.: Այդ ժամանակ Սադամ Հուսեյնը ներխուժեց իրանական Հուզեստան գավառ: 1982-ի ամռանն Իրանը վերադարձրեց Իրաքի կողմից բռնազավթված տարածքները, որից հետո կողմերը սկսեցին ուժասպառ անող պատերազմ: Հրադադարը ստորագրվեց 1988-ի օգոստոսի 20-ին, և վերականգնվեց նախապատերազմական իրավիճակը:
Տևականությամբ, կիրառված մարդկային ռեսուրսներով և մարդկային զոհերով իրանաիրաքյան պատերազմը 1945-ից հետո ամենախոշոր ռազմական հակամարտություններից էր: Պատերազմի ընթացքում կիրառվեց քիմիական զենք: Այնպես որ Իրաքի ապագան պատկերվում է ոչ այնքան լավ լույսի ներքո: Իսկ եթե հավելել նաև Հյուսիսային Քուրդիստան թուրքական բանակի մշտական ներխուժումները քուրդ գրոհայինների հետ պայքարի պատրվակներով, ապա կստացվի, որ Իրաքն ուղղակի կարող է մասնատվել: Հնարավոր է, հենց դրան էլ հասնում էր ԱՄՆ-ը՝ թուլացած հակառակորդի հետ միշտ ավելի հեշտ է պայմանվորվելը և պայմաններ թելադրելը: Ներկա պահին Իրաքում գործում է լիբիական մոդելը` նախագահ-վարչապետ: Այսինքն նախագահը շիիթ է, վարչապետը՝ սունիթ: Ինչպես հաղորդում է BBC-ն, վարչապետ Թարիկ Հաշեմին ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորելու համար: Կլինեն նոր հրաժարականներ և հնարավոր է նույնիսկ մահապատիժներ: Մերձավոր Արևելքի համար պատմությունը կրկին սկսվում է, և, ինչպես միշտ, այն առատորեն հեղեղվում է արյամբ: