27 դեկտեմբերի 2011 - 18:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Քնեսեթը քննարկում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ինչպես միշտ սպառնում է
Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները Քնեսեթում բավական պատգամավորներ ունեն, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում բարձրացնում են այդ հարցը
Ամենայն հավանականությամբ Թուրքիային որոշել են վերջնականապես ճնշել Էրդողանի կառավարության անչափելի հավականությունների համար, և դա արվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա հերքումը քրեականացնելու ճանապարհով: Ֆրանսիայի ետևից Իսրայելի Քնեսեթում կայացավ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի բաց նիստը Օսմանյան կայսրություներում 1915-1923թթ. զանգվածային կոտորածները Ցեղասպանություն ճանաչելու և ապրիլի 24-ը Հիշատակի օր հայտարարելու համար: Կարիք չկա բացատրել, որ հրեաների համար Հոլոքոսթից բացի ցանկացած այլ ցեղասպանության մասին հիշատակումն անընդունելի է: Նրանց դրանում մեղադրելու կարիք նույնպես չկա՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի տառապանքների միջով անցած իր պատմությունը: Սակայն ժամանակները փոխվում են և այն, ինչ անհնար էր երեկ, հնարավոր է դառնում այսօր և վաղը:

Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները Քնեսեթում բավական պատգամավորներ ունեն, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում բարձրացնում են այդ հարցը: Թել Ավիվում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերի խոսքով իսրայելական հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ որոշման ընդունմանը: «Եվ դրանում մեղավոր են ոչ միայն իսրայելցի քաղաքական և հասարակական գործիչները, այլ նաև Հայաստանի ղեկավարության տեղեկատվական քաղաքականությունը: Բանն այն է, որ քննարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը, մեր խորհրդարանը պետք է այնպիսի որոշում ընդունի, որը հասկանալի կլինի քաղաքացիներին, ովքեր ընտրել են իրենց ներկայացուցիչներին գերագույն օրենսդրական մարմնում: Բայց այսօր Իսրայելի քաղաքացիները քիչ են տեղեկացված Հայաստանի պատմության և Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների պատմական ճշմարտության մասին: Ինչպես և հայ ժողովուրդն է բավական քիչ տեղեկացված իսրայելապաղեստինյան հակամարտության, դրա առաջացման պատմության և իր պետականության համար հրեա ժողովրդի պայքարի մասին»,- կարծում է Ցինկերը:

Սակայն վերադառնանք նիստին, որին ներկա էր նաև Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ռիվլինի խոսքով, չի կարելի հերքել 96 տարի առաջ հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածների փաստը: «Այդ փաստի ճանաչումը ոչ մի կապ չունի այսօրվա Թուրքիայի հետ, խոսքը գնում է պատմական իրադարձության մասին»,- ասել է նա:

Բայց հենց այսօրվա Թուրքիան փրփուրը բերանին ապացուցում է, որ ոչ մի Ցեղասպանություն չի եղել և որպես վկա բերում է ադրբեջանցիներին, ինչ-որ պատմաբաների, հետազոտողների, որոնք հերքում են անհերքելին: Եվ եթե Թուրքիան այդպես հերքում է այն, ինչ եղել է 100 տարի առաջ, նշանակում է նա իսկապես մեղավոր է զանգվածային կոտորածների մեջ, և ով գիտի, թե նա ինչի է ընդունակ ապագայում: Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդների ոսկորների վրա ստեղծված Օսմանյան կայսրությունը, այնուհետև ներկա Թուրքիան չեն կարող չսպանել: Քրդերի դեմ պատերազմը դրա վառ օրինակն է, ուղղակի քրդերն ի տարբերություն հայերի անցյալ դարի սկզբներից պայքարում են և չեն հավատում Անկարային, որը մի կողմից փորձում է պաշտպանել արաբներին, մյուս կողմից սիրաշահում է Իրանին և փորձում վերստեղծել Օսմանյան կայսրությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ունեցած սահմաններում: Պատմության մեջ որպես «նոր սուլթան» մտնելու Էրդողանի անհագուրդ ցանկությունն արդեն հասնում է անհեթեթության՝ նա սպառնում է ցանկացած երկրի, որը խոսում է Օսմանյան կայսրության քրիստոնեական բնակչության ցեղասպանության մասին: Բայց սպառնում է միայն այն երկրներին, որոնք, նրա կարծիքով, առանց Թուրքիայի ուղղակի չեն կարող ապրել, չհասկանալով, որ աշխարհում նման երկիր չկա: Առավել ևս Ֆրանսիան, Շվեդիան և Իսրայելը, չխոսելով արդեն ԱՄՆ մասին: Ուղղակի Իսրայելն ավելի խոցելի դրության մեջ է Պաղեստինի պատճառով, որին ակտիվորեն աջակցում է Անկարան:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օրինագիծը մտցվեց Քնեսեթ ութ ամիս առաջ ՄԵՐԵՑ կուսակցության կողմից: Հարցը ներկա Քնեսեթի օրակարգ ընդգրկեցին պատգամավոր Զախավա Գալյոնը (ՄԵՐԵՑ) և Արյե Էլդադը (Իխուդ Լեումի) խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլքինի (Լիկուդ) ակտիվ աջակցությամբ:

Հանդես գալով օրեր առաջ կայացած լսումներում՝ ՄԵՐԵՑ կուսակցության խմբակցության ղեկավար Զախավա Գալյոնը հայտարարել է. «Հրեական պետությունն իրավունք չունի անտեսել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Իսրայելի պետությունը երկար տարիների ընթացքում հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ռազմավարական և տնտեսական պատճառներով, որոնցից գլխավորը Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու ձգտումն էր: Հիմա, հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունները, ես չեմ բացառում հնարավորությունը, որ իսրայելական ԱԳՆ-ն կաջակցի օրինագծին: Ամեն դեպքում մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը: Դա մեր բարոյական պարտքն է, մենք պետք է վեր կանգնենք ցինիկ հաշվարկներից: Հուսով եմ, որ այս անգամ Քնեսեթի հանձնաժողովը հանդես կգա Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Հատկապես կարևոր է այն, որ ցեղասպանության մասին հարցը, որը հանվել էր դպրոցական ծրագրից, քննարկելու է կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովը: Ես Հոլոքոսթ ապրած հրեաների դուստրն եմ և ես գիտեմ, թե ինչ է, երբ հերքում են ցեղասպանությունը»:

Նիստին ներկա էին նաև երկու ադրբեջանցիներ, ովքեր սակայն զրկվել էին խոսքից, քանի որ «չէին ատահայտվել ըստ էության»: Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Բաքուն իր պարտքն է համարում Հայոց ցեղասպանության մասին ցանկացած հիշատակման դեպքում պոռթկալ հիստերիկ ճիչերով «պատմությունը խեղաթյուրելու», «մտացածինության» և այլնի մասին, չհասկանալով, որ արջի ծառայություն է մատուցում Թուրքիային և փչացնում իր հեղինակությունը: Բայց նիստի ժամանակ բոլորից դիպուկ արտահայտվել է «Հայ դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավար դոկտոր Ժորժետա Ավագյանը, ով հայտարարել է, որ եթե Իսրայելը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիան ավելի շատ կհարգեր Իսրայելին, չէ որ Իսրայելն ապացուցել է իր անկախությունը և ուժը: «Հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կկայանա, ինչն ինձ առիթ կտա հպարտանալ իմ երկրով՝ Իսրայելով»,- ասել է նա: Հավելենք, որ լսումներում հանդես են եկել նաև պրոֆեսոր Իսրայել Չարնին, ում ավանդը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ավանդի մեջ հիրավի ունիկալ է:

Հետաքրքիր է նաև այն, որ հանձնաժողովի նիստին ներկա չի եղել արտաքին գործերի փոխնախարար Դանի Այալոնը, ինչպես դա եղել է անցյալ անգամ, այլ ընդամենը պաշտոնյա, ով այդ հարցի քննարկումը գնահատել է որպես սխալ: «Դա զգայուն հարց է: Մենք չենք հատել «կարմիր գիծը» Թուրքիայի հետ հարաբերություններում, ուստի անհրաժեշտ է գործել մեծ զգուշությամբ»,- նշել է նա:

Բայց եթե մտածել, որ Իսրայելին հիմա ավելի պետք են Հայաստանի հետ հարաբերությունները, քան Թուրքիայի հետ իրանական սպառնալիքի պատճառով: Իրանի վրա ռազմական հարձակում գործելու բոլոր խոսակցությունները ոչ մի լավ բանով չեն ավարտվի, և Իսրայելը հայտնվում է առաջին գծում: Իսկ քանի որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, ապա Երուսաղեմը կարող է ստանալ Երևանի աջակցությունը: Իսկ դա կարելի է անել միայն մի դեպքում՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու:

Ճանաչման մասին հարցը տեղափոխվել է հաջորդ քննարկում և ամենայն հավանականությամբ այն կկայանա: Իսրայելն ակնհայտորեն սպասում է Ֆրանսիայի Սենատի որոշմանը: Հնարավոր է՝ ԱՄՆ Կոնգրեսի բանաձևին, որը 2012-ին կրկին ներառվելու է օրակարգում: Չէ որ ԱՄՆ-ը ընդունել է Օսմյան կայսրության կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին 306 բանաձևը:

Կարինե Տեր-Սահակյան