Այս տարի ոգևորիչ էր երիտասարդ մասնագետների նորարար գաղափարների իրագործմանն ուղղված մեծ ուշադրությունը։ 2011-ին առաջին անգամ անցկացվեց Սոցիալական նորարության ճամբար (Մարդամեջ SICamp), մեծ մասշտաբներով Հաքաթոն (Հաքաթոն [Yan] Երևան) և Start-up Weekend (Armnet 2011-ի շրջանակներում): Բնույթով այս երեք միջոցառումները նման էին՝ գտնել նորարար գաղափարներ, կազմել թիմ, մշակել գաղափարը և ստեղծել նախագիծ և այս ամենը ընդամենը 1-ից երկու օրում։
2011-ին կայացավ «ԲարՔեմփ Երևան 2011-ը»։ Երկօրյա «ԲարՔեմփ» կայացավ նաև Արցախում՝ այս տարի Շուշի քաղաքում։
ՏՏ ոլորտի կոնֆերանսներից էին ArmTech-ը, TEDx Yerevan-ը, Digitec Business Forum-ը, առաջին անգամ անցկացվող հեռուստաբժշկության մեծ միջազգային կոնֆերանսը՝ Տելեբժշկություն 2011-ը, Armnet Conference 2011-ը։ Տարվա խոշոր ՏՏ ցուցահանդեսը Digitec Expo-ն էր։
Երևանում բացվեցին նորարարության կենտրոններ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-հնդկական ՏՏ կենտրոնը։
Մեկնարկեց փորձնական Kinderwall մանկական ինտերնետով տերմինալների ծրագիրը Գորայք գյուղում։
Կայացավ հայկական համացանցի լավագույն կայքերի մրցանակաբաշխությունը՝ Armnet Awards 2011-ը։
2011-ի ամենահիշարժան իրադարձություններից մեկը Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցելությունն էր Հայաստան, որին շնորհվեց ՀՀ նախագահի մրցանակը ՏՏ համաշխարհային ոլորտում մեծ ներդրում կատարելու համար։
2011-ին արագ տեմպերով սկսեցին իջնել ինտերնետ ծառայությունների գները և դրան զուգահեռ մատչելի դարձան նաև համակարգիչները։ Այսօր մատչելի գնով կարելի է օգտվել մինչև 15Մբ/վ ներբեռնման արագությամբ ինտերնետից։ Հայաստանի չորս համալսարաններում անվճար Wi-Fi անկյուններ բացվեցին։ Wi-Fi անլար կապն հասանելի դարձավ կանգառասրահներում և անգամ հասարակական տրանսպորտում։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարած տվյալներոով Հայաստանում 2011-ի դրությամբ կա ՏՏ ոլորտի 300 ընկերություն, որոնք ունեն շուրջ 5500 աշխատակից, իսկ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում աշխատում է շուրջ 10.000 մարդ:
Այս բոլոր միջոցառումներով չի սպառվում 2011-ի ՏՏ ոլորտի իրադարձությունների ցանկը, նշված են միայն ամենահիշարժանները։ 2012-ին սպասվում է, որ Հայաստանում կկայանան ավելի մասշտաբային Հաքաթոններ, Սոցիալական նորարարության ճամբարներ և նոր ֆորմատի միջոցառումներ։
2012-ին, երբ հայտարարվեն 2011-ին անցկացված մարդահամարի արդյունքները, վերջապես ՏՏ ոլորտում շատ կարևոր երկու ցուցանիշ պարզ կդառնա, այն է՝ Հայաստանում բնակչության քանի տոկոսն ունի համակարգիչ և ինտերնետ։