20 հունվարի 2012 - 21:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Լևոն Արոնյանը գլխավորում է Վեյկ ան Զեեի մրցաշարը, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA վարկանիշում բարձրացել է 45-րդ հորիզոնականը
Հունվարի 14-20-ի գլխավոր մարզական իրադարձությունների ամփոփում
Շախմատ. Հունվարի 14-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է ավանդական «Տատա ստիլը»: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդես է գալիս A մրցաշարում և նրա մրցակիցներն են 12 գրոսմայստերներ:

Վեյկ ան Զեեում «Տատա ստիլ» շախմատային փառատոնի 5-րդ տուրից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել: Այս տուրում նա միավորները կիսել է հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ և հավաքել է 3.5 միավոր: Հունվարի 20-ին 6-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Վուգար Հաշիմովին (Ադրբեջան): Այսպիսով, հայ գրոսմայստերը 4,5 միավորով շարունակում է մնալ փառատոնի առաջատարներից մեկը:

4-րդ տուրի Արոնյան-Գատա Կամսկի պարտիան ճանաչվել է լավագույնը, և հայ գրոսմայստերը ստացել է 500 եվրո պարգև:

Ժամանակի հսկողությունը մրցաշարում 100 րոպե է 40 քայլի համար, այնուհետև 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը 60 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից:

Մրցաշարը կավարտվի հունվարի 29-ին և շախմատիստները կհանգստանան հունվարի 18-ին, 23-ին և 26-ին:

Երևանում մեկնարկել է Հայաստանի շախմատի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 8-րդ տուրում փոխվել է: Տիգրան Պետրոսյանը սև ֆիգուրներով ավելի ուժեղ է գտնվել Հրանտ Մելքումյանից և այժմ 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մելքումյանը 4.5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Կանանց շարքում առաջատար են Աննա Հայրապետյանը և Մարիա Կուրսովան 6,5 միավորով: Լիանա Աղաբեկյանը և Շուշաննա Սարգսյանն ունեն 4,5-ական միավոր:

Առաջնությունը կտևի միջև հունվարի 22-ը: Հայաստանի 2012թ չեմպիոնը կընդգրկվի տղմարդկանց հավաքականում, 1-3 տեղերը զբաղեցրածներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 2013թ առաջնությանը, իսկ 1-5 տեղերը զբաղեցրածները հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցրածները հնարավորություն կունենան հանդես գալու Aeroflot open առաջնությունում:

Ֆուտբոլ. Հունվարի 18-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2012 թվականի առաջին վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 45-րդ տեղը 612 միավորով:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան նախկինի պես 9-րդն է 1082 միավորով, Դանիան՝ 11-րդը 1035 միավորով, Չեխիան բարձրացել է 31-րդ հորիզոնականը 749 միավորով, Բուլղարիան` 83-ը 410 միավորով, իսկ Մալթան նահանջել է 156- րդ հորիզոնականը 140 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1564 միավորով: Երկրորդ տեղում է աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը 1365 միավորով: 3-րդ տեղում Գերմանիան է 1345 միավորով:

2011թ. մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՈՒԵՖԱ-ի fair play վարկանիշում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 18-րդ տեղն է գրավում: Հայկական թիմն ունի 7948 միավոր: 8367 միավորով վարկանիշը գլխավորում է Նորվեգիան, 8282 միավորով երկրորդ տեղում է Ֆինլանդիան, եռյակը եզրափակում է Հոլանդիան՝ 8173 միավորով:

Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև հունվարի 18-ին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանի և Կանադայի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում, PanARMENIAN.Net ին տեղեկացրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Խաղը նշանակաված է փետրվարի 29-ին:

Սա լինելու է Հայաստանի և Կանադայի հավաքականների առաջին հանդիպումը: ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը, իսկ Կանադան 74-րդ տեղում է:

Բռնցքամարտ. Հայ բռնցքամարտիկ IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը չեմպիոնական կոչման համար կանցկացնի հերթական մենամարտը` գերթեթև քաշում WBC գոտու տիտղոսակիր` Շինսուկե Յամանակիի դեմ` Ճապոնիա: Մենամարտը կկայանա ապրիլի 1-ին Տոկիոյում:

29-ամյա ձախլիկ ճապոնացին բոլոր մարտերն անցկացրել է տանը և կոչումը ձեռք բերել մեքսիկացի Կրիստիան Էսքիվելին հաղթելուց հետո:

36-ամյա Դարչինյանը, որը ևս ձախլիկ է, այս քաշում կոչումների համար պայքարել է 3 անգամ`Ժոզեֆ Ագբեկոյի, Աբներ Մարեսի և Անսելմո Մորենայի դեմ և միավորներով պարտվել: Ընդ որում, նա ավելի թեթև երկու կարգերում հաղթանակ է տարել:

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա Վիկի համար տիտղոսային մենամարտի հասնել: Վիկն այնքան էր ուզում ևս մեկ հնարավորություն ստանալ, որ մենք համաձայնեցինք մարտին քիչ գումարով»,- Դարչինյանի փրոմոութեր Հարի Շոուի խոսքը հաղորդում է pro-box.ru-ն:

Հունվարի 14-ին Օֆֆենբուրգի (Գերմանիա) «Բադեն-Արենա» համալիրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կայացավ: Երեկոյի շրջանակում հանդիպեցին աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ու Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասը՝ պայքարելու WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:

«Ակնհայտ էր, որ Ֆարիասը փորձել էր լավ պատրաստվել այս մենամարտին, բայց ես նույնպես երկար ժամանակ շատ ջանք ու եռանդ էի գործադրել: Ինձ համար նոր հաղթանակների մեկնարկը տրված է: Ինչպես արդեն ասել եմ՝ հենց այս տարի ես կրկին վերանվաճելու եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- նշել է Արթուր Աբրահամը:

Աբրահամը հենց սկզբից վերահսկում էր մենամարտը: Հինգերորդ ռաունդում Ֆարիասը երեք անգամ նոկդաունի ենթարկվեց, և անմիջապես երրորդ անկումից հետո մրցավարը որոշեց դադարեցնել մենամարտը: Աբրահամը ռինգ դուրս եկավ ութամսյա ընդմիջումից հետո: Անցյալ տարվա մայիսին նա մրցավարների միաձայն որոշմամբ պարտություն էր կրել ամերիկացի Անդրե Ուորդից:

Թենիս. Հունվարի 16-ին Մելբուրնում ընթացող Australian open մրցաշարում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը առաջին շրջանում հաղթանակով է մեկնարկել:

Երկու սեթերում նա 6:4 և 4:2 հաշվով հաղթանակ է տարել Յակո Նիեմինենի նկատմամբ (Ֆինլյանդիա): Դա թենիսիստների 12-րդ հանդիպումն էր և 8:4 հաշվով առջևում է արգենտինացին: Երկրորդ շրջանում Նալբանդյանը կխաղա Ջոն Իսների դեմ` ԱՄՆ, ով 6:4, 6:4 և 7:6 հաշվով հաղթել է Միտչել Բենջամինին` Ավստրիա:

Ավստրալիայի բաց առաջնությունը` Australian open-ը, Մեծ սաղավարտի 4 առաջնություններից մեկն է: Այն ամեն տարի անցկացվում է Մելբուրնում և համարվում է թենիսի խաղաշրջանի Մեծ սաղավարտի առաջին առաջնությունը: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 12 մլն դոլար:

Երկրորդ շրջանում Նալբանդյանը հանդիպել է Ջոն Իսների հետ` ԱՄՆ: Հանդիպումը տևել է մոտ 6 ժամ: Արգենտինացին հաղթել է առաջին սեթում 6:4 հաշվով, ապա զիջել է 3:6 հաշվով: Նա նաև ուժեղ է եղել երրորդ սեթում` 6:2, սակայն դարձյալ նախաձեռնությունը թողել է հակառակորդին և վերջին երկու սեթերում զիջել է 6:7, 8:10 հաշվով:

«Գծային մրցավարն ասել է, որ աութ է եղել, սակայն աշտարակի մրցավարը չեղյալ է համարել նրա որոշումը: Շատ աղմկոտ էր, այդ պատճառով ես հարցրի, թե ինչ է կատարվում: Մրցավարն ինձ ասաց, որ ինքը չեղյալ է համարել գծային մրցավարի որոշումը: Ես գնացի նայելու գնդակի հետքը, ապա «չելենջ» խնդրեցի: Սակայն մերժվեցի: Ինձ ասվեց, որ շատ ուշ է: Սակայն նման բաներ մշտապես լինում են, երբ խաղացողները նայում են նշանը, ապա «չելենջ» են պահանջում»,- Նալբանդյանի խոսքը փոխանցում է sports.ru-ն:

Նալբանդյանի խոսքով, դա Մեծ սաղավարտի առաջնություններից է և նման սխալն չի կարելի թույլ տալ. «Ես չեմ հասկանում, նա ուզո՞ւմ էր, որ իր մասին գրեին թերթերում, որպեսզի վաղը բոլոր տեղերում նրա նկարները լինեին: Անհավանական է: Իհարկե, ես դրա պատճառով չէ, որ պարտվեցի, սակայն դա շատ տհաճ իրավիճակ էր»:

Թենիսիստի կարծիքով, այդ մրցավարը չի կարող աշխատել նման խաղերում: «Ես երբեք նման բան չէի տեսել: АТР պետք է ստուգի, թե ինչպես է այնտեղ ընթանում մրցավարների հետ աշխատանքը»,- հավելել է նա:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News