27 հունվարի 2012 - 22:52 AMT
ՀՈԴՎԱԾ
Շախմատի Հայաստանի առաջնության հաղթողներ դարձան Տիգրան Պետրոսյանը և Մարիա Կուրսովան, իսկ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Վեյկ ան Զեեի մրցաշարը
Հունվարի 20-27-ի հիմնական շախմատային իրադարձությունների ամփոփում
Հունվարի 22-ին ավարտվեց շախմատի Հայաստանի 72-րդ առաջնությունը: Հայաստանի չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը, ով այդ տիտղոսը նվաճում է արդեն երկրորդ անգամ: Պետրոսյանի համար որոշիչ էր վերջին տուրը, որտեղ նրա մրցակիցն էր երկրի անցած տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը: Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ և 7 միավորով նվաճեց ոսկե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Հովհաննիսյանհը, երրորդ տեղը՝ Սամվել Տեր-Սահակյանը:

«Ինձ համար առաջնությունը հեշտ չէր, քանի որ առաջին տուրում պարտություն էի կրել Արտաշես Մինասյանից: Թվում էր, որ ես կորցրել եմ շանսերը, բայց հավաքվեցի և հաջորդ տուրերում կարողացա ինձ լավ դրսևորել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է 2012թ. Հայաստանի շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:11 տուրերում Պետրոսյանը զիջեց միայն առաջին տուրում, իսկ 5 պարտիաներում հաղթանակներ տարավ և 4 անգամ միավորները կիսեց մրցակիցների հետ:

Առաջնությունում հաղթանակ տանելու շնորհիվ Պետրոսյանը Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ելույթ ունենալու իրավունք է վաստակել: 2008 թվականին Դրեզդենում Պետրոսյանը հավաքականի հետ միասին Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի հաղթող դարձավ: «Հավաքականի անդամները շնորհավորեցին ինձ հաղթանակի առթիվ, և ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ Հայաստանի հավաքական: Այս տարի Օլիմպիադան տեղի կունենա Թուրքիայում, մենք, իհարկե, կանենք ամեն ինչ հաղթելու համար, և եթե մեզ մոտ ստացվի, ապա անպայման մեդալներ կնվաճենք»,- հավելել է Պետրոսյանը:

Հայաստանի 67-րդ չեմպիոնուհի է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Մարի Կուրսովան, ով երկրի առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ:

Կուրսովան հնարավոր 11-ից հավաքել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը` 8.5 միավորով, զբաղեցրել է Աննա Հայրապետյանը, ով իրավունք է ստացել հանդես գալու Հայաստանի հավաքականում: Եվգենիա Դոլուխանովան 6.5 միավորով նվաճել է բրոնզե մեդալ:

Այս երեք շախմատիստուհիները իրավունք են ստացել հանդես գալու Հայաստանի 2013թ առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցրածները` Եվրոպայի 2012թ անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցրածները փետրվարին Մոսկվայում կմասնակցեն Aeroflot open առաջնությանը:

Հայաստանի առաջնության ավարտից հետո հայտնի են դարձել տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը, որոնք մասնակցելու են համաշխարհային օլիմպիադային: 40-րդ շախմատային համաշխարհային օլիմպիադան տեղի է ունենալու օգոստոսին Ստաբուլում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ մեկնելու է Ստամբուլ հետևյալ կազմով՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան և Տիգրան Պետրոսյան:

Կանանց հավաքականի կազմում հանդես են գալու Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը:

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը տեղի կունենա բուլղարական Պլովդիվում մարտի 19-ից ապրիլի 1-ը: Հայաստանի 72-րդ առաջնության ավարտից հետո, որտեղ չեմպիոն դարձավ Տիգրան Պետրոսյանը, հայտնի դարձան այն շախմատիստների անունները, ովքեր կներկայացնեն Հայաստանն այդ մրցաշարում:

Մարտի 1-9-ը Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:

Իսկ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը տեղի կունենա մարտի 19-ից ապրիլի 1-ը բուլղարական Պլովդիվում: Մրցաշարում ելույթ կունենան գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել-Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը:

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատային ավանդական փառատոնը, որտեղ «Տատա սթիլ» գլխավոր առաջնությունում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Հաղթելով ադրբեջանցի Վուգար Գաշիմովին՝ հայ գրոսմայստերը դարձել է փառատոնի միանձնյա առաջատարը: Արոնյանն իր հաշվին ունի 4,5 միավոր:

Արոնյանի հաղթանակը Գաշիմովի հանդեպ ճանաչվել է օրվա լավագույն պարտիան, և հայ շախմատիստը ստացել է հատուկ դրամական պարգև:

Ֆաբիանո Կարունայի նկատմամբ Արոնյանի հաղթանակը գլխավոր А առաջնությունում ճանաչվել է լավագույնը:

Կարունայի հետ հանդիպումից հետո, Արոնյանն ասել է, որ բավականին արագ լավ դիրք գրավեց: «Մրցակիցը սխալվեց և թվաց, թե ես լավ դիրքում եմ, սակայն ես սկսեցի անվստահ խաղալ: Կարծում էի, թե պարտիան երկու խաղից կավարտվի, սակայն պարզվեց, որ պետք է ապացուցել քո հաղթողի հավակնությունը: Առաջնությունը երկար է և անսխալ չէր անցնի, սկայն ուրախ եմ, որ արդյունքը լավն է»,-Արոնյանի խոսքը հայտնում է chess-news.ru-ն:

Հունվարի 27-ին 11-րդ փուլում Արոնյանը պարտվեց Դավիթ Նավարային (Չեխիա), հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը: Սակայն, չնայած անհաջողությանը, Արոնյանը 7,5 միավորով պահպանել է միանձնյա առաջատարի դիրքերը, քանի որ երկրորդ տեղում գտնվող Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) նույնպես զիջել է Բորիս Գելֆանդաին (Իսրայել):

ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշում գրոսմայստեր Լևոն Արոնյանի ցուցանիշը, ով հաջող ելույթներ է ունենում Վեյկ ան Զեեի մրցաշարում, հասել է 2826,5 միավորի, ըստ 2700chess.com-ի:

Այս պահի դրությամբ, աշխարհի ուժեղագույն շախմատիստների պաշտոնական վարկանիշում Արոնյանը երկրորդ տեղում է: Վարկանիշը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը 2835 միավորով:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News