«Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը կարծում է, որ Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը իրական է: «Իրանի հետ համագործակցության շուրջ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանք մենք չենք ստեղծում»,- հայտարարել է նա մամուլի ճեպազրույցի ընթացքում`«ՀԿԵ» ՓԲԸ նոր գլխավոր տնօրենին ներկայացնելուց հետո: «Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, իսկ այս նախագիծը կարող է իրականացվել միայն միջպետական համաձայնությունների հիման վրա»,-ընդգծել է Յակունինը:
Իր հերթին ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքներում Չինաստանի հնարավոր ներդրումների մասին հարցին, ընդգծել է, որ բանակցություններ տարվում են բոլոր հետաքրքրվող ներդրողների հետ: Արդյունքները կհայտարարվեն հստակ արդյունքներից հետո միայն: Նախարարը հայտնել է նաև, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը կարժենա մոտավորապես 1,7-2,8 մլրդ դոլար:
Պետք է նշել, որ ինչպես Հայաստանի նախագահը, այնպես էլ վարչապետը և տրանսպորտի նախարարը լիովին գոհ էին ՀԿԵ նախկին ղեկավար Շևքեթ Շայդուլինի աշխատանքի արդյունքներից, ինչի համար շնորհակալություն են հայտնել նրան՝ հաջողություններ մաղթելով նոր աշխատանքի վայրում:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մտադիր է գնահատել գործող Հայկական ԱԷԿ շահագործման ժամկետների երկարացման հնարավորությունները: Այդ մասին փետրվարի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով, 2011-ի ընթացքում զգալի աշխատանք է տարվել նրա անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, «բայց դեռ շատ անելիքներ կան», այդ թվում՝ մշակել միջոցառումների շարք այդ ուղղությամբ: «Հաշվի առնելով բոլոր այդ աշխատանքները և այն, որ միջազգային փորձը թույլ է տալիս այտոմակայանի կյանքի երկարացում, մենք կփորձենք երկարացնել մեր կայանի կյանքը 10 տարով, այդ թվում՝ անհրաժեշտ ներդրումներ կատարելու հաշվին, մինչև նոր էներգաբլոկ կառուցելը»,- բացատրել է նա:
Անդրադառնալով նոր ատոմակայանի գործարկման ժամկետներին՝ Մովսիսյանը ենթադրել է, որ դա կլինի 2019-2020 թթ. և հավելել, որ դրա կառուցման ծրագիրը չի ուշանում, ուղղակի «ներդրողներն ավելի պահպանողական են դարձել ատոմակայանների մեջ ներդրումների հանդեպ ճապոնական Ֆուկուսիմայի դեպքերից հետո»:
Այնուամենայնիվ, նախարարը որոշակի առաջընթաց է տեսնում այդ գործում, քանի որ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի վերջերս կատարած այցի ժամանակ հաստատվել են նոր էներգաբլոկի շինարարության նախագծի մինչև 50 տոկոս ֆինանսավորման վերաբերյալ պայմանավորվածությունները: Մովսիսյանը հավելել է, որ ռուսական կողմն առաջարկում է Հայաստանին, որ ինքը հայթայթի մնացած միջոցնցերը և չներգրավի ներդրողների: «Բայց մենք լավ պայմանների դեպքում չենք բացառում այլ ընկերությունների մասնակցության հնարավորությունը»,- ասել է նա: