«Այսօր մենք ընտրությունների գնում են ավելի լայն ցուցակով և ներառել ենք մարդկանց, ովքեր սատարում են նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, պատրաստ են իրենց ավանդն ունենալ այդ ծրագրերի իրագործման մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հիշեցրել է, որ ՀՀԿ-ն նախկինում նույնպես իր ցուցակների մեջ ընդգրկել է մարդկանց, ովքեր կուսակցության անդամներ չեն, մասնավորապես 2003-ի և 2007-ի ընտրություններում:
Սակայն ամենամեծ զարմանքն առաջացրել է ցուցակում այնպիսի «քաղաքական դինոզավրերի» հայտնվելը, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և Հայկ Բաբուխանյանը: Ինչպես հայտնի է, Սթիվեն Սփիլբերգը ցանկանում է մոտ ապագայում նկարահանել «Յուրային դարաշրջանի այգի» ֆիլմի չորրորդ մասը, սակայն, երևում է, Հայաստանում նրանից առաջ կընկնեն և արդեն մայիսին մեր ապագա խորհրդարանը ոչնչով չի զիջի «Յուրային դարաշրջանից» գտածո կերպարների քանակությամբ:
Լուրերն այն մասին, որ վերհիշյալ անձինք կմտնեն խորհրդարան, պտտվում էին արդեն վաղուց, սակայն, չգիտես ինչու, անհավատալի էր, որ ՀՀԿ ղեկավարությունը կգնա այդ քայլին: Բանը նույնիսկ այն պիտակների մեջ չէ, որոնք ժամանակին միմյանց «շնորհում» էին այդ ընդդիմադիր քաղաքական գործիչները և իշխանությունն՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Բանն այն է, թե ինչ կարող են տալ առանց այդ էլ հզոր ՀՀԿ-ին այդ քաղաքական գործիչները, ովքեր այս տարիներին տապալել են իրենց քաղաքական գործունեությունը, նախկինում եղել են բավական ուժեղ քաղաքական ուժերի առաջնորդներ, իսկ հիմա ի վիճակի չեն առանց ՀՀԿ աջակցության մտնել խորհրդարան:
Այդ քաղաքական գործիչները բացատրում են ՀՀԿ ցուցակ մտնելն ազգային-պահպանողական ուժերի ջանքերը միավորելու ցանկությամբ: «ՀՀԿ-ն և «Սահմանադրական իրավունք» միությունն» ունեն շատ նման քաղաքական պլատֆորմներ, գաղափարական հիմք՝ դա ազգային-պահպանողական գաղափարախոսությունն է, որը մենք ներկայացնում ենք: Ուստի ես լիովին բնական եմ համարում այն, որ ՍԻՄ-ն ընտրությունների կգնա ՀՀԿ-ի հետ, նրա ցուցակով: Ես կարծում եմ, որ դա բացատրելի է թե գաղափարախոսական, թե քաղաքական չափանիշներով»,- հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
Այս ամենից հետո միայն մեկ հարց է մնում, իսկ ինչպես կընդունեն ՀՀԿ-ի շարքային և ոչ այդքան անդամներն այն, որ իրենց ջանքերի շնորհիվ, բայց իրենց փոխարեն ապագա խորհրդարան կմտնեն ինչ-որ ձախակողմյան մարդիկ: Շատ փորձագետներ կարծում են, որ Գեղամյանը և մյուսներն ավելի շատ ծանր բեռ կլինեն ՀՀԿ-ի համար, քան իրական աջակցություն գալիք ընտրություններում: «ՀՀԿ-ի համար նրանք խնդիր կլինեն, քանի որ նրանք արդեն վիրտուալ մարդիկ են: Ես հասկանում եմ՝ այդ մարդիկ խորհրդարան են գնում միայն նրա համար, որպեսզի խոսեն Հայ ազգային կոնգրեսի դեմ: Այսինքն, նրանք մարդիկ են, ովքեր օգտագործվելու են ՀԱԿ դեմ խորհրդարանի ամբիոնից: Բայց այստեղ Հանրապետական կուսակցությունը պետք է հաշվարկի բոլոր պլյուսները և մինուսները: Ես կարծում եմ, որ նրանց՝ ցուցակի մեջ մտնելով մինուսներն ավելի շատ կլինեն, քան պլյուսները»,- ժամանակին այս հարցի շուրջ իր կարծիքը հայտնել է հայ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Դե, իսկ վերջում ցանկանում ենք քաղաքական կանխատեսում կատարել Գեղամյանի, Հարությունյանի և Բաբուխանյանի «փառավոր գործի» հնարավոր ժառանգորդների մասին 2017-ի ընտրություններում: Լիովին հավանական է, որ նման տեմպերով նրանց կլրացնի, բայց ամենայն հավանականությամբ նույնիսկ կփոխարինի «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: