4 մայիսի 2012 - 15:07 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.
2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra ՀԱԿ
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում շանսերի մասին: Հաջորդ կուսակցությունն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) է:
Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ ընտրացուցակը:

Կարեն Քոչարյան. ՀԱԿ ցուցակը սպասելի էր՝ դա նրանց առաջնորդներն են վերջին մի քանի տարիների ընթացքում, սկսած 2007-2008թթ., ովքեր հայտնվել են հանրահավաքներում և տարբեր մեդիաներում և հնչեցրել իրենց դիրքորոշումները, և այս ցուցակում անսպասելի ոչինչ չկա: Իմ կարծիքով, հենց նրանք խնդիրներ ունեն իրենց ցուցակի հետ, որովհետև ներսում խնդիրներ կան: Իրականում այնտեղ 2-3 կուսակցություններ են, իսկ մնացածներն ինչ-որ վիրտուալ կուսակցությունների առաջնորդներ են: Իրական կուսակցությունը ՀՀՇ-ն է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ և «Հանրապետությունը»՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ:

«Հանրապետությունից» ընտրացուցակի մեջ մտել է միայն Արամ Սարգսյանը, իսկ կուսակցության այլ անդամներ ցուցակում չկան: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ կան լուրջ տարաձայնություններ: Դա նշանակում է, որ Արամ Սարգսյանը հասկացնել է տալիս, որ զուտ մարդկային նկատառումներից ելնելով, ես նկատի ունեմ ազնվությունը, նա մինչև ընտրությունները դուրս չեկավ ՀԱԿ կազմից: Կարծում եմ, որ նա կհրաժարվի պատգամավորի լիազորություններից, կվերադարձնի մանդատը և դուրս կգա ՀԱԿ-ից: Դա իհարկե լուրջ խնդիր կլինի ՀԱԿ համար: Այն առումով, որ ինչպես «Ազատ դեմոկրատներն» են «Ժառանգության» համար, այնպես էլ «Հանրապետությունը» ՀԱԿ-ի համար՝ սա լուրջ կազմակերպչական ռեսուրս է:

Ընդ որում խնդիրը միայն «Հանրապետության» հետ չէ, որովհետև այնտեղ ակնհայտորեն խնդիրը Գագիկ Ջհանգիրյանի հետ էր, ով չդարձավ շտաբի պետ, և երևում էր, որ այդ դերը ստիպված իր վրա վերցրել է Լևոն Զուրաբյանը: Այնտեղ կան ինչ-որ ներքին խնդիրներ, և դա իհարկե երևան կգա ընտրություններից հետո:

Ա. Իսկանդարյան. Ցուցակը սպասելի էր: ՀԱԿ-ն աշխատում է նրա վրա, որ տալիս է այն մարդկանց, ում իրենց էլեկտորատը գիտի: Պետք է որոշել այն, ինչ ինձ համար շատ կարևոր է թվում նախընտրական քարոզարշավի համար՝ ՀԱԿ-ն իրականում մրցակցում է «Ժառանգության» հետ, իսկ, ասենք, հանրապետականները՝ «Բարգավաճ Հայաստանի»: Իրական մրցակցություն ՀՀԿ և ՀԱԿ միջև կամ ԲՀԿ և «Ժառանգության» միջև չկա: Նրանք աշխատում են տարբեր գործիքներով, մեկի մոտ զգալիորեն միացած է վարչական ռեսուրսը, մյուսների մոտ՝ հանրային ռեսուրսը: Թե ինչպես է դա օգտագործվում, այլ հարց է, բայց այն միացած է և նրանք աշխատում են դրա վրա: Ինձ չի թվում, որ ՀԱԿ-ը մեծ հեռանկարներ ունի մարզերում, իսկ այն հեռանկարները, որոնք կան, դրանք Երևանում են: Այսինքն կան տարբեր գործիքներ, աշխատանքի տարբեր կառուցվածքներ:

ՀԱԿ-ում հսկայական դեր է խաղում Հայաստանի առաջին նախագահի անձը: Այսինքն եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, ես նրանց 7 տոկոսին մոտենալու ավելի քիչ շանսեր կտայի: ՀԱԿ-ը կանխատեսելի է աշխատում, աշխատում է բողոքական հռետորության վրա, ինչպես, ի դեպ, «Ժառանգությունը»:

Առայժմ ես որոշակի պասիվություն եմ տեսնում ՀԱԿ աշխատանքում, նրանց ռազմավարության մեջ բացակայում է սովորական ագրեսիվությունը: Հնարավոր է, անդրադառնում է այն, որ ՀԱԿ-ի ֆինանսական հնարավորություններն այդքան մեծ չեն, որքան ՀՀԿ-ի համար ԲՀԿ-ի:

Ձեր կարծիքը ՀԱԿ նախընտրական ծրագրի մասին:

Կարեն Քոչարյան. Դե, ՀԱԿ-ը որպես այդպիսին ծրագիր չունի, կա միայն մեկ ծրագիր՝ իշխանափոխություն, ՀԱԿ-ի միակ ծրագիրը: Ինչ վերաբերվում է «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսին, ապա ցանկացած կարգախոս աշխատում է որոշակի ժամանակահատվածում և օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների առկայության դեպքում: Եթե այդ կարգախոսը լիներ 2008-ին, ապա հնարավոր է աշխատեր այնպես, ինչպես «Հաղթելու ենք»: Բայց երբ դու երկխոսության մեջ ես մտնում նույն ռեժիմի հետ, իսկ հետո այդ երկխոսությունը չի ստացվում և վեց ամիս անց դու ասում ես «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին», այդ դեպքում ես չեմ կարող հասկանալ, այն կաշխատի, թե ոչ: Ամեն դեպքում, նույնիսկ եթե այն աշխատի, ապա ավելի թույլ, քան եթե չլիներ իշխանությունների հետ երկխոսությունը: Վեց ամիս առաջ դու քո պոտենցիալ էլեկտորատին, որն այդ ժամանակ էլեկտորատ չէր, այլ ժողովուրդ, տուն ես ուղարկում, որովհետև դու ցանկանում ես երկխոսության մեջ մտնել իշխանության հետ, և դու այդ մասին ասում ես: Ես չեմ ասում, որ նրանք դա գաղտնի են արել, նրանք բացահայտ գնացել են երկխոսության և բացահայտ ասել. հիմա պետք չէ հանրահավաքներ անցկացնել, գնացեք տուն, երբ պետք լինի, մենք ձեզ կկանչենք:

Ա. Իսկանդարյան. Եթե «մենք ցանկանում ենք փոխել ամեն ինչ» արտահայտությունը գաղափարախոսություն է, ապա դա գաղափարական կուսակցություն է, թեև ես այն գաղափարախոսություն չէի անվանի: ՀԱԿ հռետորության այն մասը, որն ասում է, որ ողջ համակարգը ենթակա է փոփոխության, այսինքն նախագահն անօրինական է, պետք են վաղաժամկետ ընտրություններ, ներկա խորհրդարանն անօրինական է, պետք է տեղի ունենան արդար ընտրություններ, սահմանադրությունն այդքան օրինական չէ, և այլն, ՀԱԿ-ի հռետորության համար ավանդական այդ մասն իրականում հակասում է նրան, որ այդ նույն սահմանադրոյւթյան համաձայն այս ընտրություններին ՀԱԿ-ն ամեն դեպքում մասնակցում է: Թեև նրանք ասում են, որ դա այդպես չէ, հենց դա հակասություն է և նրանք փորձում են դրանից ամեն կերպ խուսափել և հայտարարում են. մենք ցանկանում ենք փոփոխություններ, մենք ցանկանում ենք, որպեսզի ամեն ինչ այլ կերպ լինի: Դա կրկին այդքան կոնկրետ չէ, այսինքն դա իրականում ծրագիր չէ: Նրանք ասում են կարդացեք մեր փաստաթղթերը, որոնք ծավալով շատ մեծ են, և բնականաբար ոչ ոք դրանք երբեք չի կարդա: «Ամեն ինչին դեմը» իրականում գաղափարախոսություն չէ, բայց հենց այդ դաշտում նրանք աշխատել են և շարունակում են աշխատել:

Ձեր կարծիքով, ինչպիսին են ՀԱԿ-ի շանսերը գալիք խորհրդարանական ընտրություններում:

Կարեն Քոչարյան. Ես արդեն ասել եմ, թեև դա նրանց դուր չի եկել, ամեն դեպքում, նրանք դա արտահայտել են մամուլում և սոցիալական ցանցերում: ՀԱԿ-ի խնդիրն այն է, որ եթե նրանք 2008-ին ցանկանում էին վերցնել իշխանությունը, ապա հիմա նրանք լուրջ պայքար պետք է մղեն ընդդիմության մեջ առաջնորդության համար: Իմ կարծիքով, նրանք կորցրել են ընդդիմության առաջնորդի դիրքերը: Եվ հիմա կարծում եմ, որ տվյալ փուլում, ես չեմ ասում, որ դա դոգմա է, ընդդիմության առաջնորդը ոչ թե ՀԱԿ-ն է, այլ «Ժառանգությունը»: Ուստի ՀԱԿ-ը մեդիայի օգնությամբ և իր առաջնորդների հայտարարությունների միջոցով ավելի շատ քննադատում է «Ժառանգությանը», քան, ասենք, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցությանը: Նրանք հասկանում են, որ կորցնում են իրենց դիրքերն ընդդիմության մեջ: Միաժամանակ ես համոզված եմ, որ իրենց 7 տոկոսը նրանք անպայման կհավաքեն:

Ա. Իսկանդարյան. ՀԱԿ-ը, իհարկե, կանցնի խորհրդարան: Ինձ թվում է, որ ՀԱԿ-ը կարող է հաղթահարել 7-տոկոսանոց արգելքը և անցնել խորհրդարան: Իսկ ահա հետագայում նրանց համար ձեռնտու կլինի ձայների այն քանակությունը, որը կստանան, դա ինձ համար հարց է; Եվ այդ առումով ՀԱԿ-ը հետաքրքրիր է ոչ թե մայիսի 6-ին, այլ 7-ին կամ 8-ին: Հասկանալի է, որ այդ կուսակցության առաջնորդներն ինչ-որ կարմիր գիծ ունեն գլխում. եթե ստացվի այդ կարմիր գծից քիչ, այսինքն «X մինուս մեկ պատգամավոր», ապա նրանք չեն համաձայնվի մտնել խորհրդարան, Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների օրինակով: Եթե ստացվի այդ գծից բարձր, ապա այդ ժամանակ կհամաձայնվեն մտնել խորհրդարան: Բայց ահա թե ինչպիսին է այդ կարմիր գիծը, պատգամավորների որ թիվն է նրանց համար այդ կարմիր գիծը ՝ 15 կամ 20, ես չգիտեմ: Մենք դա կտեսնենք մայիսի 7-ին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News