26 հունիսի 2012 - 18:03 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նորայր Բախտամյան.
Ես հրաձգարան գնացի նրա համար, որ ունենամ իմ փամփուշտներն ու կարողանամ կրակել
PanARMENIAN.Net –ը «Հայաստանի Օլիմպիական հավաքական» խորագրի առաջին հարցազրույցը ներկայացնում է հայ ամենափորձառու մարզիկներից մեկի` հրաձիգ Նորայր Բախտամյանի հետ: Նորայրը, որի համար լոնդոնյան խաղերը կլինեն թվով երրորդը, կպատմի, թե ինչ որակներ է իր մեջ զարգացրել հրաձգությունը, ինչու էր դադարել մարզվել հրաձգությամբ, ինչպես էր համատեղում հերթափոխով աշխատանքն ու մարզումները, և վերջապես, ինչպիսի տրամադրվածությամբ է մեկնում Լոնդոն:
Նորա'յր, երևի սկսենք ամենասկզբից: Ե՞րբ և ինչո՞ւ ես ընտրել հրաձգությունը:
Հրաձգությամբ սկսել եմ մարզվել 15 տարեկանից: Մինչ այդ ես սամբոյով էի պարապում, բայց միշտ զենքեր էի սարքում ու կրակում: Երբ ավարտվեցին փամփուշտներս, ստիպված տարբեր ձևեր էի ման գալիս, թե որտեղից կարող եմ ձեռք բերել: Ու մի օր էլ դասընկերս ասաց, որ ինքը հրաձգության է գնում: Ես չգիտեի, թե ինչ է դա, ու հրաձգարան գնացի զուտ նրա համար, որ ունենամ իմ փամփուշտներն ու կարողանամ նորից կրակել: Պարզվեց, որ ես լավ եմ կրակում ու մի տարի անց արդեն դարձա սպորտի վարպետի թեկնածու, սկսեցի մրցումների մասնակցել ու այսպես ամեն ինչ սկսվեց:

Իսկ սամբոյի է՞լ էիր քո նախաձեռնությամբ գնացել:
Այո: Այդ ժամանակ երեխաները սամբո, ձյուդո, ըմբշամարտ էին պարապում, բոլորս էլ սիրում էինք կռվել ու այդպիսի մարզաձևերի էինք ուզում հաճախել: Ես էլ էի ակտիվ երեխա, բայց հրաձգությունն իմ մեջ շատ բան փոխեց: Ես հիմա ավելի հանգիստ եմ, ծանր ու թեթև անող: Այս մարզաձևը ստիպում է, որ դու լինես հանգիստ, մրցաշարի ժամանակ մրցակից չունես, որ օգտվես կամ օգտագործես նրա սխալները ու կռիվ ես տալիս քո «եսի» հետ: Դու ես ու քո սխալները ու պետք է հասկանաս, թե ինչ ես անում: Եթե սամբիստ լինեի, չգիտեմ` ինչպիսին կլինեի:

Հիշո՞ւմ ես առաջին մարզչիդ ու ի՞նչ ես նրանից սովորել, որ մինչև այսօր հիշում ու կիրառում ես:
Հրաձգությամբ սկսել եմ մարզվել Զեյթունի ԴՕՍԱՖ ընկերության մարզադպրոցում Խորեն Իգիթյանի մոտ: Ամենակարևորը, որ ես նրանից սովորել եմ, համբերությունն է: Մի բան է տպավորվել իմ մեջ: Փոքր էի ու նոր զենք էին ինձ տվել: Մի օր վատ կրակեցի ու զենքը խփեցի սեղանին: Իրականում ես շատ վտանգավոր վարվեցի: Մարզիչս, որը կարծես իմ մեծ եղբայրը լիներ, երբեք ինձ վրա չէր բարկացել ու վատ խոսք չէր ասել: Բայց այդ օրը մոտեցավ ինձ ու ասաց. «Այնքան կծեծեմ, որ քեզ չես ճանաչի»: Հիմա, եթե այդպիսի պահեր են լինում, ես կարողանում եմ ինձ զսպել:

Սպորտային քո առաջին լուրջ հաջողությունը ո՞րն ես համարում:
Երբ 1988 թվականին պատանեկան խաղերի հաղթող դարձա: Չնայած մինչ այդ Հայաստանի առաջնությունում մեդալներ նվաճել էի, բայց առաջին լուրջ նվաճումը դա եմ համարում:

Նորա'յր, Հայաստանի անկախացումից հետո դու մի քանի տարի ելույթ չէիր ունենում: Ինչո՞ւ թողեցիր մարզումները:
Այդ ժամանակ մեր երկրում ինչքան զենք ու զինամթերք կար, բոլորը հավաքեցին, փակվեցին բոլոր հրաձգարանները: Հայաստնաում արգելվեց այս մարզաձևը: Ես աշխատում էի ներքին գործերի վարչությունում: Մեր վարչության պետ Տիգրան Եսայանը շատ էր սիրում սպորտ, ու, որ իմացավ ես ով եմ, ստիպեց, որ կրկին զբաղվեմ հրաձգությամբ: 1998-ին երկար ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի առաջնությանն ու, մեկ տասնորդական միավոր զիջելով մրցակիցներիս, Օլիմպիական ուղեգիրը բաց թողեցի ձեռքիցս: Դրան նպաստեցին մարզումների քիչ լինելը, մեծ ընդմիջումը, որ տվել էի այս ընթացքում:

Բացակայության ընթացքում կարոտո՞ւմ էիր մարզումները:
Շատ էի կարոտում: Միգուցե դա էր նաև պատճառը, որ հետ վերադարձա: Միևնույն ժամանակ դժվար էր ինձ համար` ես համատեղում էի հերթափոխով աշխատանքս ու մարզումները: Եսայանն անում էր ամեն ինչ, որ իմ աշխատանքը թեթև լինի: Նա ինձ շատ է օգնել, որ ես հետ վերադառնամ մեծ սպորտ ու կրկին հաջողություններ գրանցեմ:

Օլիմպիական մյուս ցիկլն ավելի հաջող ստացվեց քեզ համար և 2004-ին մեկնեցիր Աթենք:
Աշխարհի առաջնությունում ես առաջին տեղով մտա եզրափակիչ, իսկ այնտեղ 6-րդ տեղը զբաղեցրի: Չնայած դրան, կարողացա Օլիմպիական ուղեգիր նվաճել: Բնականաբար ուրախ էի, չէ՞ որ առաջին անգամ ելույթ էի ունենալու Օլիմպիական խաղերում:

Աթենքում զբաղեցրիր 4-րդ ու 7-րդ տեղերը: Գո՞հ էիր քո ցույց տված արդյունքից:
Գոհ էի մինչև եզրափակիչ: Ասում են Օլիմպիադայում կարևոր է մասնակցությունը, բայց ամեն մի մարզիկ ցանկանում է մրցանակային տեղ զբաղեցնել: Ես էլ էի ձգտում, որ մեդալ նվաճեմ, բայց եզրափակչում հոգեբանորեն դժվար էր: Ուղղակի պետք է քար սիրտ ու համբերություն ունենաս: Ես մինչև եզրափակչ լավ եմ հանդես գալիս, իսկ հետո չի ստացվում:

Արի խոսենք նաև 2008-ի Պեկինի Օլիմպիադայից:
Այստեղ ես 11 և 14 տեղերը զբաղեցրի, ու կրկին ինձ խանգարեց հոգեբանական վիճակը: Երբ ցանկությունը շատ մեծ է լինում, հաճախ խանգարում է:

Քիչ ժամանակ է մնացել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկին: Հայ մարզիկներից առաջինը դու ուղեգիր նվաճեցիր: Որպես փորձառու մարզիկ, որն արդեն երրորդ անգամն է ելույթ ունենալու քառամյակի ամենակարևոր միջոցառմանը, լարվածություն զգո՞ւմ ես:
Բոլոր մարզիկների համար էլ Օլիմպիադան բարձրունքն է, ու բնական է, որ բոլորս էլ ուզում ենք մեդալներ բերել: Շատ եմ ուզում, որ լավ մասնակցություն ունենամ, դրա համար էլ նպատակադրված մարզվում եմ ու լարվածություն չեմ զգում:

Իսկ ինչո՞վ են լոնդոնյան խաղերը տարբերվելու քո մասնակցած մյուս երկու խաղերից:
Ես արդեն մեծ փորձ ունեմ, ու ինչ-որ բանով էլ չեն կարող ինձ զարմացնել: Ես ավելի շատ հիմա միայն մտածում եմ իմ ելույթի ու լավ մասնակցության մասին: Ես ինչ մրցման էլ մասնակցել եմ` Հայաստանի կամ էլ աշխարհի առաջնություն, վերաբերմունքս լուրջ է եղել: Երկար տարիներ մենակ եմ ներկայացրել Հայաստանը, ու իմ մեջ մտած է, որ ես պետք է անեմ ամեն ինչ, որ իմ երկիրը լավ ներկայանա: Մինչև հիմա էլ անում եմ հնարավորը, որ լավ արձագանքներ բերեմ իմ երկրի հասցեին:

Եվ վերջում, հայ մարզասերները քեզ կտեսնե՞ն նաև չորս տարի անց` Ռիո դե Ժանեյրոյի խաղերին:
Կախված է Լոնդոնի խաղերի մասնակցությունից: Բոլորը մտածում են, որ հրաձգությունը հեշտ է, բայց ես արդեն 41 տարեկան եմ ու ամեն օր մարզվում եմ: Բնական է, որ օրգանիզմդ էլ պետք է առողջ լինի, եթե ների առոջղությունս ու լավ մարզավիճակում լինեմ` կմասնակցեմ:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News