30 հունիսի 2012 - 11:45 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հռիփսիմե Խուրշուդյան.
Ես երբեք չեմ լսել մարդկանց կարծիքներն ու շարունակել եմ զբաղվել ծանրամարտով
Պեկինի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը հույս ուներ, որ կկարողանա կրկին մեկնել Օլիմպիադա ու մեդալ նվաճել: Ձեռքի կոտրվածքից հետո նա կարողացավ ապաքինվել ու անհամբերությամբ է սպասում Լոնդոն մեկնելուն: Մարզուհին PanARMENIAN.Net-ին պատմել է, թե ինչու էին բոլորը դեմ, որ նա զբաղվի ծանրամարտով, ինչ է կրում հարթակ դուրս գալիս, ով է օգնում նրան պարտությունները հաղթահարել, թե ինչու է ուզում գիրանալ և երբ է պլանավորում ամուսնանալ:
Դու Հայաստանում առաջին աղջիկն էիր, ով սկսել է զբաղվել ծանրամարտով: Ինչպիսի՞ն էր մարդկանց վերաբերմունքը և դժվար չէր դիմակայել բոլոր կարծիքներին:
Շատ դժվար էր, քանի որ մարդիկ դեռ սովոր չէին, որ աղջիկները ևս կարող են զբաղվել ծանրամարտով: Եվ, բնականաբար, որոշ դժվարություններ հաղթահարել եմ ու երբեք չեմ լսել մարդկանց կարծիքները: Ինձ խորհուրդ էին տալիս մարմնամարզությամբ զբաղվել, որպեսզի ավելի գեղեցիկ կառուցվածք ունենամ, բայց ես անդրդվելի էի:

Իսկ ինչպե՞ս ես հայտնվել ծանրամարտի դահլիճում:
Սիրել եմ սպորտով զբաղվել, բայց պատահական է ստացվել, որ ծանրամարտն եմ ընտրել ու արդեն 14 տարի է , որ այս մարզաձով եմ զբաղվում: Առաջին մարզիչս Սուրեն Եսայանն է եղել, 2004 թվականից ինձ մարզում է Արման Ղազարյանը:
Կարծում ես ծանրամարտը չի՞ խանգարում կանացի լինել:
Մասնագիտությունը կապ չունի արտաքին տեսքի հետ, աղջիկը ամեն դեպքում պետք է հետևի իրեն և միշտ գեղեցիկ տեսք ունենա:

Ելույթների ժամանակ դու միշտ փորձում ես գեղեցիկ տեսք ունենալ: Իսկ կա՞ որևէ բան, որ միշտ պետք է կրես կամ ունենաս քեզ հետ պամոստ դուրս գալիս:
Այո, իմ նշանածի նվիրած խաչն է, որ միշտ կրում եմ ելույթ ունենալիս, և այն ինձ հաջողություն է բերում: Մինչև նշանվելն էլ կրել եմ մայրիկիս նվիրած խաչը:

Ասում են, որ մրցաշարերից առաջ ծանրորդները չպետք է անհանգստանան: Դու համաձա՞յն ես այս մտքի հետ:
Համաձայն եմ, որովհետև դա, իսկապես, շատ է խանգարում է: Բայց շատ կարևոր է նաև ներքին հանգստությունը, որը ժամանակի ընթացքում աստիճանաբար են պրոֆեսիոնալ մարզիկները ձեռք բերում:

Տարվա մեծ մասը դուք հավաքներ ենք անցկացնում,այսինքն անընդհատ մարզվում եք, ինչպե՞ս ես կարողանում այդքան ժամանակ բացակայել տնից:
Արդեն սովորել եմ, կատակով միշտ ասում եմ, որ բանակային ռեժիմով եմ ապրում: Դե 14 տարիների ընթացքում սովորել եմ, սակայն սկզբում շատ ծանր էի տանում տնից բացակայությունը: Շատ էի կարոտում ընտանիքիս անդամներին, ջերմություն էի ունենում: Առաջին հավաքին մասնակցել եմ 15 տարեկանում, թիմում ես ամենափոքրն էի: Այդ ժամանակ տանը չեմ եղել մոտ 3 ամիս, ու շատ դժվար էր:

Առաջին բանը, որ անում ես երկարատև մարզումներից տուն վերադառնալուց հետո:
Աշխատում եմ ժամանակիս մեծ մասն ընտանիքիս հետ անցկացնել:

Կին ծանրորդներն ուժի և հզորության խորհրդանիշ են, ըստ քեզ դա նշանակո՞ւմ է, որ դուք որոշ տղամարդկանցից ուժեղ եք:
Կին ծանրորդները միայն սպորտում են ուժեղ, օրինակ, առօրյա կյանքում ես այդքան էլ ուժեղ չեմ: Դեռ ուժս ցույց տալու առիթ չի եղել, բայց ընդունում եմ, որ սովորական աղջիկների և մարզուհիների միջև տարբերություններ կան:

Ե՞րբ եղավ առաջին անգամ, երբ զգացիր, որ քեզ այս մարզաձևում մեծ հաջողություններ են սպասվում:
2001 թվականից ես միջազգային ասպարեզ եմ դուրս եկել, սակայն այդ ժամանակ դեռ չէի սիրում ծանրամարտը և համարում էի, որ սիրողական եմ մարզվում: 2003 թվականից եմ սկսել սիրել իմ գործն ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել: Իմ առաջին մարզիչը միշտ ասել է, որ ես բարձրակարգ մարզիկ եմ դառնալու, սակայն ես դեռ չէի հավատում իմ ուժերին: Առաջին հաջողությունների հետ եկան նաև ներքին հավատն ու վստահությունը:

Շատ մարզիկներ խոստովանում են, որ սովորաբար խոշոր մրցաշարերից առաջ փորձում են մտածել կողմնակի բաների մասին` այդպիսով տրամադրելով իրենց, ոմանք ելույթից առաջ ուսումնասիրում են դահլիճը, հարթակը: Քեզ մոտ այդ գործընթացն ինչպե՞ս է արվում:
Ես արդեն 11 տարի է այդ հարթակը զգում եմ, և տարբերություն չկա, թե որ երկրում է այն գտնվում: Կարծում եմ, եթե մարզիկը ուժեղ է, կբարձրացնի այն:

Ինչպե՞ս ես սովորաբար անհաջողությունները հաղթահարում և ո՞վ է օգնում քեզ:
Միշտ շատ ծանր եմ տանում, և մոտ մեկ ամիս է տևում այդ սթրեսը: Բռնցքամարտիկի պես նոկաուտ եմ ստանում: Միայն մարզչիս եմ հարցնում, թե արդյոք լավ կլինի հաջորդ մրցաշարի ժամանակ: Նա միշտ ասում է, եթե վստահ լինեմ իմ ուժերին, հաջողությունների կհասնեմ: Նա ինձ հիշեցնում է, որ այդ անհաջողությունն արդեն անցյալում է, և պետք է պատրաստվել առաջիկա փորձություններին: Նրա հետ զրույցն ինձ միշտ օգնում է: Արմանը գիտի ինչպես ինձ տրամադրել, ասելով, որ լավագույնը դեռ առջևում է:

Դու մեկ անգամ արդեն մասնակցել ես Օլիմպիական խաղերի, սակայն այն ժամանակ ամեն ինչ հապճեպ էր ստացվել: Այս անգամ ի՞նչ կարող են ակնկալել հայ մարզասերները քեզանից:
Այս անգամ վնասվածքից հետո ես առաջին անգամ պետք է դուրս գամ հարթակ: Արդեն 7 ամիս է անցել ձեռքիս վիրահատությունից հետո: Ես գնում եմ Լոնդոն մեդալի համար, որովհետև նման վնասվածքից հետո մեդալ վերցնելը քաջություն կլինի: Վնասվածքից հետո էլ շատ դժվար էր վերականգնվել, երբ առաջին անգամ մոտեցա ծանրաձողին ու պետք է բարձրացնեի այն քաշը, որի ժամանակ վնասվաք եմ ստացել, շատ դժվար էր: Բայց հենց այսօր այդ քաշը արդեն “ենթարկեցի ինձ” ու մեծ վստահություն ձեռք բերեցի:

Երբ վնասվածք ես ստանում, բնականաբար, ցավ է լինում, բայց մարզիկը երևի նաև վախենո՞ւմ է, որ զրկվում է մեդալների համար պայքարել:
Այդ ժամանակ երկու ցավ իրար են խառնվում: Դու ողջ ժամանակդ անցկացնում ես մարզադահլիճում, ծանր մարզումներ ես անցկացնում, և մի քանի վայրկյանի ընթացքում ամբողջ աշխատանքդ ջուրն է ընկնում: Շատ ծանր է, բայց կարևոր է, որ դրանից հետո կարողանաս վերականգնվել ու կրկին դուրս գալ հարթակ:

2008-ի Օլիմպիական խաղերից ի՞նչ դասեր ես քաղել ու ի՞նչ ես սովորել:
Երբ այն ժամանակ իմացա, որ ես պետք է Մելինե Դալուզյանին փոխարինեմ, չէի հասկանում, թե ինչ է կատարվել: Ավելի ուշ իմացա նրա հիվանդության մասին, և արդեն պարզ էր, որ էլ փոխարինող չկա: Նազիկն էլ այդ ժամանակ վնասվածք ուներ, ու ստիպված ես մեկնեցի Օլիմպիական խաղեր: Մինչ այդ իմ վերջին մրցաշարում ես 0 էի ստացել, ու շատ դժվար էր նման արդյունքով մասնակցել Օլիմպիադայի: Եվ պեկինյան խաղերն ինձ համար այդքան էլ հաջող չէին, բայց ես հույս ունեի, որ ինձ դեռ հնարավորություն կնձեռնվի մասնակցել Օլիմպիադայի:

Դու հիմա ծանրքաշային կարգում ես հանդես գալիս և մրցում ես քեզանից ավելի ծանր մարզուհիների հետ: Ինչո՞ւ որոշեցիր այս քաշ տեղափոխվել:
Շատ դժվար է, որովհետև անձնական քաշով ես շատ եմ թեթև նրանցից: Իմ մրցակիցները 100 և ավելի կգ են, իսկ ես դեռ 87 կգ եմ, դե արի ու նրանց հետ պայքարի (ծիծաղում է): 75 կգ քաշային կարգում ես 7-8 կգ քաշ էի կորցնում, այդ պատճառով էլ որոշեցի փոխել քաշային կարգս:

Իսկ դժվա՞ր չէ միշտ անհրաժեշտ քաշը պահել: Ի՞նչ ես դու դրա համար անում:
Շատ մեծ ջանքեր եմ գործադրում: Օր ու գիշեր սնվում եմ, բայց միևնույն է քաշս էլի չի բարձրանում: Փորձում եմ գոնե 100 կգ կշռել: Հետո ես շատ հեշտ եմ նաև կգ-ներ կորցնում, այդ պատճառով էլ չեմ վախենում գիրանալուց: Բոլորն էլ զարմանում են, որ գիրանում եմ, քանի որ հիմա բոլորը ցանկանում են նիհարել:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի Օլիմպիական հավաքականի հնարավորությունները և ըստ քեզ ովքե՞ր կկարողանան մեդալներով վերադառնալ:
Բոլոր մարզիկներն էլ մեծ ջանքեր են գործադրում և պատրաստվում են խաղերին, հուսով եմ, որ մեդալներով պետք է վերադառնանք, բայց չեմ կարող ասել, ում կհաջողվի նվաճել դրանք: Թող բոլորն էլ կարողանան կանգնել պատվոհարթակին:

Խոսենք նաև քո անձնական կյանքից: Դու նշանված ես, ե՞րբ եք պլանավորում ամուսնանալ և ինչպե՞ս ես պատկերացնում քո կարիերան դրանից հետո:
Օլիմպիական խաղերից հետո ենք ամուսնանալու, բայց դեռ կոնկրետ օր չենք որոշել: Էլի շարունակելու եմ մարզվել, նշանածս էլ է ծանրորդ, նա հասկանում և աջակցում է ինձ:

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել արձակուրդդ և կարողանո՞ւմ ես երկար ժամանակ մարզադահլիճ չմտնել:
Մարզադահլիճը իմ տունն է, 2-3 օրից հետո չեմ կարողանում չգնալ մարզվելու: Պասիվ հանգիստ եմ սիրում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News