5 հուլիսի 2012 - 14:30 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արա Խաչատրյան.
Ծանրամարտի շնորհիվ ես ծանոթացել եմ կնոջս հետ, ու հիմա մենք արդեն երկու երեխա ունենք
Ծանրորդ Արա Խաչատրյանը երկրոդ անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրա հետ և պարզել, թե ինչ է տվել ծանրամարտն իրեն, ինչու չի կարողանում միջազգային մրցաշարերում նվաճել ոսկե մեդալ և ինչ խորհուրդ է տվել Աշոտ Մխիթարյանն իրեն, որը մինչև այսօր հիշում է:
Արա՛, լոնդոնյան խաղերը քեզ համար լինելու են երկրորդը: Պեկինում դու վնասվածք ստացար ու չկարողացար շարունակել ելույթդ:
Պեկինում ծնկի վնասվածք ունեի, բայց դա մի կողմ էի դրել ու մեդալ նվաճելու էի գնացել: Եթե իմանամ, որ մեդալ չեմ բերելու, ես չեմ գնա մրցումների: Իսկ եթե զգում եմ, որ գնում եմ մրցում ու ձեռնունայն եմ հետ գալու` չեմ գնում: Այս անգամ իմ բախտը չբերեց, վնասվածք ստացա ու չկարողացա շարունակել պայքարը:

Կարևոր առաջնությունների ժամանակ, օրինակ Օլիմպիական խաղերի կամ էլ աշխարհի առաջնության, չգիտես ինչու դու վնասվածք ես ստանում: Ըստ քեզ, ինչի՞ց է սա գալիս` սպորտային բախտն է, թե ինչ-որ տեղ անհաջողակ ես:
Երևի սպորտային բախտ չունեմ: Ես միշտ դժվարությունների եմ հանդիպում: Չեմ ուզում ինձ գովաբանել, բայց ես ուժեղ եմ, մարզումների ժամանակ կարողացել եմ բարձրացնել իմ ուզած քաշը, բայց մրցման ժամանակ հաճախ չի ստացվել:

Բայց միևնույն ժամանակ դու նաև հաղթող ու կամային մարզիկ ես, որովհետև այդպիսի բարդ վնասվածքներից հետո կարողանում ես վերադառնալ ու մեդալներ նվաճել: Ինչպե՞ս ես հաղթահարում դժվարությունները:
Կամային մարդ եմ ես, բայց ինձ օգնում է նաև իմ ընտանիքը, ընկերներս ու նաև հայ ժողովուրդը, որն ինձնից սպասումներ ունի: Ես մտածում եմ, որ պետք է լավ ներկայանամ ու արդարացնեմ նրանց սպասելիքները: Իմ նպատակը` սպորտից հաղթանակած հեռանալն է և հուսամ, որ կկարողանամ դա անել:

Հիմա ինչպե՞ս ես քեզ զգում ու արդյո՞ք լիովին ապաքինվել ես:
Հիմա լավ եմ ու ամենակարևորը վնասվածքներ չունեմ:

Այդ ամենն արդեն անցյալում է, ու դու նախապատրաստվում ես լոնդոնյան խաղերին: Ինչպե՞ս են անցել ու անցնում մարզումները:

Տրամադրվում եմ Օլիմպիական խաղերին, գնում եմ միայն մեդալի հետևից: Այսքան փորձությունների միջով եմ անցել, ու Աստված տա, այս անգամ հաջող հանդես գամ:

Անցած Օլիմպիադայի հետ համեմատած` դու և Տիգրան Մարտիրոսյանն եք թիմում մնացել: Շա՞տ է զգացվում թիմի փոփոխությունը:
Ցավոք սրտի մեծ Տիգրանն ու Գևորգ Դավթյանը վնասվածքների պատճառով չկարողացան շարունակել սպորտը և հիմա հավաքականում չեն: Բայց այսօրվա տղաների հետ էլ մենք մի ընտանիքի պես ենք ու շատ լավ ընկերներ ենք:

Դու հանդես էիր գալիս մինչև 77 քաշային կարգում, հիմա արդեն 85-ում: Ո՞ր քաշային կարգում ես քեզ ավելի լավ զգում:
2010-ից փոխեցի քաշային կարգս: Ես բարձրահասակ եմ, ու ինձ պետք է ավելի բարձր քաշում հանդես գալ, բացի դա ես նաև քաշ էի գցում: Սրա պատճառով մեկ քաշային կարգ բարձրացա ու ավելի լավ եմ զգում 85 կգ-ում:

Արա՛, այս ամբողջ ընթացքում դու միշտ արժանացել ես արծաթե մեդալների: Ի՞նչն է քեզ խանգարել նվաճել ոսկե մեդալ:
Բան չի խանգարել, ուղղակի բախտս չի բերել ու վնասվածքներ եմ ունեցել:

Իսկ մինչ այս, քո նվաճած մեդալներից ո՞րն է առանձնանում իր կարևորությամբ քեզ համար:
Ստրասբուրգում նվաճած Եվրոպայի արծաթե մեդալը: Այդ տարի Գևորգը ոսկե մեդալ տարավ, ես արծաթե, իսկ թուրք մարզիկը` բրոնզե: Շատ ուժեղ պայքար էր ու անմոռանալի մեդալ է այն ինձ համար:

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիր զբաղվել ծանրամարտով:
13 տարեկան էի, ընկերս գնում էր ծանրամարտի, ու ես էլ խնդրեցի, որ ինձ հետը տանի, որ նայեմ: Հետո սիրեցի ու որոշեցի մարզվել: Շատ ազարտով մարզաձև է, ծանր քաշ ես հանում ու դրանից էլ մեծ հաճույք ես ստանում:

Արա՛, խոսենք նաև հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանից, որը ցավոք այսօր այլևս չկա: Ինչպե՞ս էիք համագործակցում ու զգո՞ւմ եք նրա պակասը:
Հիմա էլ թիմը` Պողոս Պողոսյանի գլխավորությամբ լավ տեսք ունի: Ցավոք սրտի, ընկեր Աշոտը մեր կողքին չէ, նա հոյակապ մարզիչ էր, լավ հոգեբան ու մանկավարժ: Նա այնպես էր տրամադրում, որ այդ ծանր կիլոգրամները մեր աչքին չէին երևում, գնում ու բարձրացնում էինք:

Իսկ ի՞նչ խորհուրդ է նա տվել, որ մինչև այսօր հիշում ես:
Ընկեր Աշոտը մայրիկիս ասել էր. «Ծառը պետք է ջրես, որ աճի»: Մայրս ինձ ասաց, ու այդ ժամանակից շատ եմ աշխատել ինձ վրա, այդ խոսքերից ավելի ոգևորվել: Ընկեր Աշոտը ինձ դժվարության մեջից քաշեց ու հանեց: Իմ հաջողությունների մեծ մասը նրա շնորհիվ է:

Ծանրամարտը բառիս բուն իմաստով ծանր մարզաձև է: Ինչպե՞ս ես կարողանում հաղթահարել թե հոգեբանական և թե ֆիզիկական ծանրությունը:
Հոգեբանականը ընկեր Աշոտն է մեր մեջ սերմանել ու մինչև այսօր ես պատրաստ եմ: Իսկ ֆիզիկապես` այդ կիլոգրամները մեզ համար սովորական բան են դարձել:

Ի՞նչ է տվել ծանրամարտը քեզ:
Ես մրցումների էի գնացել Սամարա ու այնտեղ կնոջս հետ ծանոթացա ու հիմա արդեն երկու երեխա ունենք:

Եվ վերջում, Օլիմպիական խաղերին շատ քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ սպասելիքներ ունես տղամարդկանց ծանրամարտի հավաքականից:
Բոլոր տղաներն էլ լավ պատրաստված են ու բոլորս էլ գնում ենք մեդալի հետևից:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News