9 հուլիսի 2012 - 09:24 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լևոն Ջուլֆալակյան.
Ես վստահում եմ իմ տղաներին, նրանք միշտ ելք են գտնում ու պատվով են դուրս գալիս
Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչն Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն է: Մեր այս հավաքականը բազմաթիվ անգամներ ուրախացրել է բոլորիս` պարգևելով տարբեր գույնի մեդալներ: PanARMENIAN.Net-ը զրուցել է Ջուլֆալակյանի հետ, որը խոսել է թիմում տիրող մթնոլորտի, ըմբիշների հաջողության գաղտնիքի, Օլիմպիական զգացողությունների ու իր տղաների պատրաստվածության մասին:
Քառամյա այս ցիկլը, որի ընթացքում հունահռոմեական հավաքականը բազմաթիվ մեդալներ նվաճեց, արդեն անցյալում է: Հետ նայենք ու գնահատենք ձեռք բերածը, որպես գլխավոր մարզիչ գո՞հ եք:

Ընդհանուր առմամբ արդյունքներից գոհ եմ, մեր թիմը տարբեր առաջնություններից միշտ վերադարձել է մեդալներով: Այսօր ցանկացած երկրի հունահռոմեական ըմբշամարտի հավաքական կերազեր մեր թիմի հաջողություններից ունենալ: Իրոք, այս քառամյա ցիկլը նորմալ անցել է, մեդալները շատ են ուրախացրել շատերին, ու ես գոհ եմ:

2008-ին հունահռոմեական հավաքականն Օլիմպիական խաղերում 6 ներկայացուցիչ ուներ: Այս անգամ թիվը դարձել է 4-ը: Ինչպե՞ս սա կբացատրեք:
Եթե ամեն ինչ ճիշտ ընթանար, մենք այս տարի 7 ուղեգիր կունենայինք: Բայց ամեն դեպքում, որակային առումով մենք բացարձակ չենք զիջում նախորդ խաղերին: Ցավոք, ինչ-որ տեղ խանգարող հանգամանքներ եղան, ես չեմ ուզում խորանամ ու բողոքական լինեմ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի հունահռոմեական հավաքականն այն ընտրանիներից է, որը ցանկացած առաջնությունից մեդալով է վերադառնում: Սա լրացուցիչ ճնշում չի՞ գործադրում թիմի վրա:
Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր հավաքականից սպասելիքները շատ են ու պարտավոր ենք միշտ մեդալներ բերել: Թիմն այսքան տարի պատվով է ներկայացել: Պատասխանատվությունը մեծ է, բայց կարևոր է նաև ճիշտ մոտենալ մրցումներին ու վստահ, առանց կասկածելու մենամարտել ու հաղթել:

Այս տարվա Օլիմպիադայի մասնակիցները բազմաթիվ մեդալներ են նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Որպես մարդ, ով լավ է ճանաչում այս տղաներին, կբնութագրե՞ք նրանց:
66 քաշային կարգում հանդես է գալու Հովհաննես Վարդերեսյանը, որը երիտասարդ է ու փորձի պակաս ունի: Բայց նրա որակները շատ բարձր են ու ըմբշամարտին հատուկ, անզիջում պայքարող մարզիկ է: Բնականաբար, թերություններ ունի, բայց դրանք կուղղվեն: Անկախ նրանից՝ ով է նրա մրցակիցը, նա մինչև վերջ պայքարում է, ու նման կարգի մարզիկները հասնում են արդյունքի: Մյուս քաշային կարգի ըմբիշները՝ Յուրին, Արսենն ու Արթուրը, ավելի մեծ փորձ ունեն` Եվրոպայի, աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մեդալակիրներ են: Նրանք համաշխարհային գորգի վրա ունեն իրենց ճանաչումն ու դիրքը: Օլիմպիական խաղերն ամեն դեպքում առնաձնանում են ու կարևոր է, որ նրանք մոտենան խաղերին այնպես, ինչպես մյուս մրցաշարերին: Եթե այդ ձևով մոտենան, ամեն ինչ լավ կլինի:

Հավաքականում շատ ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում: Ո՞րն է գաղտնիքը:
Իրոք, հավաքականի բոլոր տղաներն էլ լավ ու դաստիարակված տղաներ են: Մեզ մոտ շատ կարևոր է կարգ ու կանոնը, կարգապահությունը: Ընդհանրապես, աշխարհում բոլոր ըմբիշներն իրար հետ ընկերական ու ջերմ են, բայց մեր թիմը այդ առումով ավելի ջերմ ու լավն է:

Հավաքականի տղաները խոստովանեցին, որ դուք միշտ տարբեր զրույցներ եք ունենում նրանց հետ, և այն, որ իրենք հավատում են իրենց ուժերին, նաև ձեր շնորհիվ է:
Մենք շատ ենք զրույցում, թեկուզ մարզումներից դուրս: Ես փորձում եմ տղաների մոտ հավատը, վստահությունը, մարտունակությունը բարձրացնել: Ես իմ էությամբ չեմ սիրում պարտվել, բայց պարտություններից միշտ կարողացել եմ ճիշտ հետևություններ անել: Այդ ամենը փորձում եմ իմ տղաներին փոխանցել: Հիմնականում կարևոր է բարոյական պատրաստվածությունը ու մարտական ոգին: Մեզ մոտ այսպես է դրված` պարտվելը կա ու կա, եթե կարելի է հաղթել, էլ ինչո՞ւ պարտվել: Աշխատում եմ, որ մեր տղաները վստահ լինեն իրենց հաղթանակին, անկախ նրանից՝ ով է մրցակիցը: Հավատ եմ ներշնչում իրենց, ու ամենակարևորը՝ ես էլ իրենց եմ հավատում:

Դուք Օլիմպիական չեմպիոն եք և շատ լավ եք պատկերացնում մարզիկի հոգեվիճակը Օլիմպիադայից առաջ: Կա՞ տարբերություն՝ Օլիմպիական խաղերում ներկայանալ որպես մարզիչ և որպես մարզիկ:
Որպես մարզիկ ես միշտ վստահ էի, որ պետք է հաղթեմ: Հուզմունք եղել է, բայց մարտական է եղել, ոչ թե վախի: Ես կարողացել եմ շատ հանգիստ քնել, գորգ դուրս գալ: Հիմա ես իմ մարզիկին իմ ներքին այդ զգացողությունները ուզում եմ տալ, բայց արդեն գորգի վրա ոչ թե ես եմ, այլ մեկը, ով ուրիշ հոգեբանություն, մտածելակերպ ունի: Վերջնականապես չես կարող համոզված լինել, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Որպես մարզիկ ինձ համար ավելի հեշտ էր, քան որպես մարզիչ, որովհետև այն ժամանակ ես միայն ինձ համար էի պատասխան տալիս, իսկ հիմա` ամբողջ թիմի: Բայց ես լավատես եմ, ու վստահում եմ իմ տղաներին, նրանք միշտ ելք են գտնում ու պատվով են դուրս գալիս:

Ձեր գլխավորությամբ Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեևը անցյալ Օլիմպիադայից մեդալներով վերադարձան: Ինչպիսի՞ն են այն մարզչի զգացողությունները, ում սանը մեդալակիր է դառնում:
Հաղթանակը միշտ կարևոր է եղել ինձ համար: Երբ ես հաղթել եմ, հոգեպես ինձ բավարարված եմ զգացել: Ես հանգիստ էի ընդունում հաղթանակը, քանի որ նախքան հաղթելը ես հոգեպես պատրաստ էի այդ հաղթանակին: Դա փոխանցվել է նաև որպես մարզիչ, ես բավարարված եմ զգում, որ տղաներս հաղթում են ու ուրախացնում ենք մեր ժողովրդին: Մենք կարողանում ենք հաղթել, դրոշը բարձրացնել, ես ուրախանում եմ, որ մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ ուժեղ ենք ու մեր երկիրը լավ ենք ներկայացնում:

Գիտեմ, որ դուք նախապես չեք սիրում կանխատեսումներ անել: Բայց էլ ով, եթե ոչ Դուք, քանի որ շատ լավ եք ճանաչում մեր թիմին: Ի՞նչ տրամադրվածությամբ ու ակնկալիքներով եք մեկնելու Լոնդոն:
Տրամադրվածությունն ինչպես միշտ մարտական է, գնում ենք միայն հաղթելու նպատակով: Աստված տա, որ առանց վնասվածքների մոտենան բոլոր տղաները և կարողանան ձեռք բերեն այն մարզավիճակը, որը պետք է Օլիմպիական չեմպիոն դառնալու համար: Մեր տղաները շատ բանի են ընդունակ, մի քիչ էլ սպորտային հաջողություն լինի, Աստված մեր կողքին լինի, ամեն ինչ լավ կլինի:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News