21 հուլիսի 2012 - 16:00 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հովհաննես Դավթյան.
2,5 րոպե ձյուդոիստի հետ
Հովհաննես Դավթյանը միշտ շատ հեշտությամբ է պատասխանում ցանկացած հարցերի, և PanARMENIAN.Net- ի բլից-հարցազրույցը բացառություն չէր: Այս անգամ էլ նա խոսեց շատ հանգիստ ու հետաքրքիր:
Բնութագրիր քեզ:
Հանգիստ և նպատակասլաց:

Ի՞նչ սովորություններ ունես:
Եվ լավ և վատ (ծիծաղում է):

Քո ուժեղ կողմերը:
Եթե իմ առջև նպատակ եմ դնում, անպայման այն իրագործում եմ:

Քո սիրած գիրքը:
Ճիշտն ասած, ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում գրքեր կարդալ:

Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում:
Հայկական ֆիլմեր:

Խոհանոցում շա՞տ ես լինում և ի՞նչ ես սիրում պատրաստել:
Հազվադեպ եմ ինչ որ բան պատրաստում, բայց եթե նման բան լինում է, ապա` ձվածեղ:

Ըստ քեզ ամենագեղեցիկ քաղաքը:
Ռիո դե Ժանեյրոն, քանի որ այն նման չէ որևէ քաղաքի և իր գեղեցկությամբ ու գույներով տարբերվում է մյուսներից:

Քո անմոռանալի ելույթը:
2009 թվականի աշխարհի առաջնությունում է եղել, երբ ինձ հաջողվել է բրոնզե մեդալ նվաճել: Մեր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Գեորգի Զանտարային եմ կարողացել հաղթել, այդ պատճառով էլ այդ ելույթն առանձնահատուկ է ինձ համար:

Քո սիրած մարզիկը:
Չունեմ սիրած մարզիկներ:

Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ:
Յուրաքանչյուր պարտություն վատ հիշողություն է դառնում:

Ձյուդոյից բացի քո ամենասիրած 3 մարզաձևերը:
Ֆուտբոլ, ըմբշամարտ և հոկեյ:

Օլիմպիական խաղերում հայ մարզիկներից ո՞ւմ ելույթն է քեզ հատկապես դուր եկել:
Բոլոր նրանց, ում հաջողվել է մեդալ նվաճել:

Երազանքները դառնում են իրականություն, երբ…
Իրականանում են:

Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան…
Մեզ ավելի լավ ենք զգում:

Ես միշտ չէ, որ գիտեմ, թե …
Ես ճիշտ եմ անում:

Առանց երևակայության մարդը …
Միօրինակ ու ձանձրալի է:

Պարտությունները միշտ հիշելով`…
Ուժեղանում եմ:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News