19 սեպտեմբերի 2012 - 16:06 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մատեուշ Պիսկորսկի.
Ալիևի մոտ ճիշտ լինելու մեջ վստահության մակարդակն արդեն վաղուց վերածվել է լկտիության
«Ռամիլ Սաֆարովի գործը» առաջացրել է ամբողջ աշխարհի, համենայն դեպս, դրա մտածելու ունակ մասի անհանգստությունը: Գնալով Ադրբեջանի նախագահին քննադատող ավելի շատ ձայներ են լսվում, որոնք մեղադրում են վերջինիս ստի մեջ: Իլհամ Ալիևի վերջին քայլերը ցույց տվեցին, որ նա Արցախը գրավելու այլ ուղի չի տեսնում, բացի ռազմականից: Այս մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Աշխարհաքաղաքական վերլուծությունների եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին (Լեհաստան)

Ի՞նչն է կարևոր Արցախի համար` անկախության ճանաչումը, թե անվտանգության երաշխիքները:
Ամենակարևորը անվտանգությունն է: Տվյալ պահին ոչ ոք այդ անվտանգությունն իրապես երաշխավորել չի կարող: Ադրբեջանը ագրեսիվ պետություն է, որի ղեկավարությունը արդեն մի քանի տարի է պատրաստվում է ռազմական գործողությունների: Իշխող էլիտայի մոտ առողջ բանականության և տարրական տրամաբանության բացակայությունը խոսում է այն մասին, որ վերջինս հաշվի չի առնելու պոտենցիալ զինված հակամարտության զոհերի փաստը: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ Հայաստան հայրենասիրական շրջանները Արցախի անկախությունն ընկալում են որպես Երևանի գլխավոր խնդիր: Եվ նման մոտեցումը հիմնված է արդարության և սեփական ժողովրդի հետ համակարծիք լինելու զգացման վրա: Սակայն այժմ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ խելագար հարևանը դանակ է թափահարում և սպառնում սպանություններով: Հարկավոր է շտապ հոգեբույժներ և պահապաններ կանչել: Միայն անվտանգության լուրջ երաշխիքներ ստանալուց հետո, Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը զոհերի և արյունահեղության չի հանգեցնի: Ստեփանակերտի և Անդրկովկասի բոլոր պետությունների անվտանգության իրական երաշխավոր կարող է հանդիսանալ միայն Ռուսաստանը, որոշ իմաստով` Իրանի հետ միասին:

Միջազգային հանրությունը շարունակում է քննարկել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը: Ինչքա՞ն երկար դա կտևի և արդյոք կարո՞ղ է այդ հարցը «շատ անհարմար» դառնալ Իլհամ Ալիևի համար:
Սկսենք նրանից, որ ես համոզված եմ, որ ադրբեջանցի այլասերված մարդասպանը ուշադիր հետևում է ինտերնետում իր ազգանունը պարունակող հղումներին: Նրան հաճույք չպատճառելու համար առաջարկում եմ այդ հանցագործին հունգարական ԶԼՄ-ների կողմից մտածված մականունով կոչել` «կացնով մարդասպան»: Ադրբեջանական ղեկավարության մոտ մտավոր կարողությունների բացակայությունը, իհարկե, Բաքվին փակուղի է մտցրել: Նախ, պետք էր մտածել, թե ինչպես Արևմուտքում կընկալվի «կացնով մարդասպանի» ազատ արձակումը: Ապա, պետք էր իմանալ, որ հայկական սփյուռքը ի զորու է արտասահմանում շատ արդյունավետ կերպով անցկացնել PR-քարոզչություն`ամրացնելով Ադրբեջանի իմիջի վատացման էֆեկտը: Հարցն արդեն, մեղմ ասած, անհարմար է նախագահ Ալիևի համար, սակայն թվում է, թե սա Բաքվի իշխող էլիտայում ոչ ոքի չի հուզում: Գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ, եթե առջևում արդար ընտրություններ լինեին, սակայն հաջորդ տարի արդեն իսկ նախապես պարզ է, թե ով է դառնալու նախագահ: Սեփական քայլերի ճշմարտացիությունում վստահ լինելն արդեն վաղուց վերածվել է լկտիության:

Արդյոք չե՞ք կարծում, որ այս առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լավ լծակ է ստեղծվել:
Ալիևն առայժմ պետք է Վաշինգտոնին: Չի կարելի կարծել, որ հունգարական ղեկավարությունը և ադրբեջանական իշխանությունները «կացնով մարդասպանը» օպերացիան իրականացրել են առաց Վաշինգտոնի տեղյակ լինելու: ԱՄՆ պետդեպարտամենտը չափազանց արագ մեկնաբանեց տեղի ունեցածը, որպեսզի հավատալ, որ վերջինս տեղյակ չէր Ալիևի որոշմանը: Ադրբեջանի ղեկավարի խայտառակությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ում արդեն դիտարկում են «ադրբեջանական գարնան» տարբերակը` Ալիևի պաշտոնանակ արվելը և նոր ղեկավարող էլիտայի նշանակումը: Իլհամ Ալիևը թակարդում է, ամենայն հավանականությամբ, չմտածելով անգամ, որ նախորդ տարի նման թակարդում էր հայտնվել նաև Հոոսնի Մուբարաքը, ինչը վերջինիս համար այնքան էլ լավ ավարտ չունեցավ: Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ալիևի արդյունավետ օգտագործումը Իրանի դեմ իր խաղում: Եթե նա գլուխ չհանի, հեշտությամբ կարող է փոխարինվել Վաշինգտոնի մեկ այլ ներկայացուցչով: Այդ ժամանակ ադրբեջանցի առաջնորդը հանկարծ հարգարժան բարեկամից կվերածվի բռնապետի…

Ինչպե՞ս եք տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագան:
ԵԱՀԿ ՄԽ շարունակելու է իր ապարդյուն աշխատանքը, չնայած որ հենց դրա գոյության փաստը բանակցային հարթակի և շփման հնարավորության ստեղծման օրինակ է` առանց հակամարտության իրական լուծման: Ընդ որում, չնայած որ Անջեյ Կասպրշչիկը` որպես հմուտ դիվանագետ լավ է տիրապետում խնդրի մանրամասերին, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ը պարբերաբար քննարկում է հետաքրքիր գաղափարներ, այն չի ներկայացնում հակամարտությամբ հետաքրքրված բոլոր կողմերի շահերը: Ի՞նչի հիման վրա ԱՄՆ ավելի շատ առնչություն ունի հարցին, քան Ստեփանակերտը: Բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների բացակայությունը խոսում է այն մասին, որ տվյալ պահին անգամ կառուցողական երկխոսությունը անհնար է, չեմ խոսում արդեն հակամարտության մասին:

Կարինե Տեր-Սահակյան