8 հոկտեմբերի 2012 - 21:29 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Արազ Բաղդասարյան.
Պետք չէ «Մեր հանճարները» արձաններին որպես մոնումենտալ քանդակների վերաբերվել
Երևանի քաղաքապետարանի «Մեր հանճարները մեր կողքին են» նախագիծը մայրաքաղաքում մեծ իրարանցում առաջացրեց: Շատերը հավանեցին Երևանի նոր «բնակիչներին», շատերը` հակառակը: Իսկ ամենաթեժ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ մայրաքաղաքի բնակիչները տեղեկացան, որ արձանները ժամանակավոր են: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի հետ, ով պատմեց արձանների և քաղաքապետարանի ապագա ծրագրերի մասին:

Ինչպես հասկացանք Facebook սոցիալական ցանցում արած Ձեր գրառումից` արձանները ժամանակավոր են. Կնշե՞ք, թե ինչքան ժամանակով են դրանք տեղադրված:

Կոնկրետ ժամանակահատված չեմ ուզում նշել: Մինչ այդ, ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հարցի: Տեսա, որ սոցցանցերում քննարկումներ են ընթացել, թե ինչու չենք տեղեկացնում, թե երբ պետք է տեղադրվեն արձանները և ինչքան ժամանակ տեղադրված կմնան: Ուզում եմ նշել, որ մենք 2 բան կարող էինք անել: Առաջինը՝ մենք կարող էինք հրավիրել բոլորին խորհրդակցության և ասել, որ տեղադրվելու են այսպիսի արձաններ, այսինքն` տեղեկացնել: Երկրորդը` քանի որ սա ընդունում ենք որպես շատ բարի և լավ գործ` կարող էինք անակնկալի տեսքով մատուցել մեր քաղաքացիներին: Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակը: Այսինքն` որոշեցինք մինչև Էրեբունի-Երևան տոնակատարությունը պարբերաբար տեղադրել, որպեսզի մարդիկ տեսնեն այդ քանդակները և ` ուրախանան, ինչու չէ` նաև իրենց գրառումներն անեն դրանց վերաբերյալ: Նշեմ, որ քանդակները կմնան Երևանում երևի մինչև ձմռան ամիսների սկիզբը և ձմռան ամիսներին կտեղափոխվեն մեկ այլ վայր: Հետագայում կամ կրկին դրանք կտեղադրվեն կամ նոր քանդակներ կլինեն :

Չե՞ք կարծում, որ արձանները հանելը կարող է ևս մեկ բողոքի պատճառ դառնալ:

Պետք չէ արձաններին որպես մոնումենտալ քանդակների վերաբերվել: Ես իմ գրառման մեջ նշել էի և կկրկնեմ, որ սրանք քաղաքային ինստալյացիաներ են, արտաքին ձևավորման տարրեր, և որպես այդպիսիք, որոշակի ժամանակահատված պետք է տեղադրված լինեն: Որոշ ժամանակ անց, նրանք պետք է տեղափոխվեն, որովհետև ցանկացած արտաքին ձևավորում չի կարող մշտական լինել: Եթե հետո հասարակական պահանջ լինի` կրկին կտեղադրենք: Կարծում եմ, որ բողոքի ալիք չի լինի: Ցանկացած աշխատանք կատարվում է քաղաքացիների համար, և նրանց աչքը որոշակի ժամանակահատված անց «կշտանում» է:

Շատ էին դժգոհությունները կապված արձանների բաղադրանյութի հետ: Չե՞ք կարծում, որ ավելի լավ կլիներ արձանների թիվը քիչ անել, բայց ավելի ամուր ու դիմացկուն նյութից պատրաստել:
Ուղղակի ծիծաղելի են այդպիսի քննադատությունները (կներեք այսպես արտահայտվելու համար): Ուզում եմ հարցին ուրիշ տեսանկյունից նայենք: Խնդիրը նրանում չէ, որ Երևանի քաղաքապետարանը գումար չուներ այս քանդակներն այլ նյութերից պատրաստելու համար: Այս քաղաքային ինստալյացիաները կարող էին պատրաստված լինել նաև թղթից: Նախ և առաջ ունենք մի բաղադրանյութ, որը բավականին ամուր է` կավի և այլ նյութերի համադրություն է: Այս նյութը, երևի , ավելի պինդ է, քան պետք է լիներ: Ուղղակի ուրախ եմ, որ այս արձանները պատրաստվել են այնպիսի մասնագիտական մոտեցումով, որ դրանք կարելի է շփոթել բրոնզի հետ, և մարդկանց մոտ կարծիք է առաջանում, որ ավելի լավ էր բրոնզից պատրաստել: Պետք չէ այս արձանների վրա առկա թերություններին նայել որպես մոնումենտալ արձանների թերությունների:

Այս ինստալյացիաները տեղադրելու նպատակը երկուսն է եղել. նախ` քաղաքին որոշակի կոլորիտ հաղորդել, որ զգացվի մեր հանճարների ներկայությունը, իրենց շունչը քաղաքում, որպեսզի տեսնելով այս քանդակները` քաղաքում զբոսնելու ցանկությունը մեծանա: Երկրորդ հերթին արդեն դաստիարակչական և կրթական բնույթ են կրում: Երեխայի ձեռքը բռնած անցնելիս` եթե անգամ գեղագիտական հաճույք չստանան, ապա գոնե կնշեն, որ տեղադրված է Սևակի կամ Տիգրան Պետրոսյանի արձանը: Հուրախություն նշեմ, որ այս երկու ֆունկցիաներն էլ լիովին իրենց արդարացրել են:

Մհեր Մկրտչյաի և Եղիշե Չարենցի արձանները վերահսկվում են տեսախցիկներով: Երեկ տեղադրված արձաններն է՞լ են վերահսկվում:
Ցավոք, պետք է նշեմ, որ վանդալային դեպքեր եղան և մենք ստիպված էինք ընդունել տեսախցիկներով արձանները վերահսկելու որոշումը: Այո, երեկ տեղադրված երեք արձաններն էլ վերահսկվում են տեսախցիկով:

Մոտ ապագայում քաղաքապետարանը նախատեսու՞մ է նման այլ նախագծեր իրականացել:
Քաղաքապետարանում անընդհատ քննարկումներ են տեղի ունենում: Ի դեպ, դրանք փակ չեն. հրավիրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են մասնակցել և իրենց լուման ներդնել քաղաքի արտաքին ձևավորման գործում: Իհարկե, նոր նախագծեր լինելու են:

Փակագծերը չե՞ք բացի:
Չեմ բացի. Ինչպես արձանների դեպքում փակագծերը չբացվեցինք, այնպես էլ՝ հիմա: Շաբաթվա վերջին Էրեբունի-Երևան տոնակատարությունն է, և այժմ չարժի խոսել այլ նախագծերի մասին: Եկեք նշենք մեր մայրաքաղաքի տոնը և հետո արդեն խոսենք հետագա պլանների մասին:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News