9 հունվարի 2013 - 18:45 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռուբեն Այվազյան.
Դեմ եմ, որ մտնեմ կուսակցության մեջ ու հարվածեմ թիկունքից
Գալիք նախագահական ընտրություններում ինքնաառաջադրված թեկնածու, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը հանում է իր թեկնածությունը և չի պատրաստվում մտնել նախընտրական պայքարի մեջ: Նման որոշում նախագահի արդեն նախկին թեկնածուն կայացրել է իր ԲՀԿ-ական ընկերների հետ քննարկումներից հետո: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Այվազյանը հիշեցրեց, որ ընտրագրավը մուծելու հետ կապված խնդիրներ են եղել, քանի որ իր գույքը կալանքի տակ էր: Սակայն այդ խոչընդոտը չէր ընտրապայքարից հրաժարվելու պատճառը: Նա նշեց, որ իրեն օգնելու և ընտրագրավի գումարը վճարելու մի քանի առաջարկներ է ստացել: Դրանցից մեկն էլ մերժել է, քանի որ գումարի դիմաց նրան խնդրել են ընտրվելու դեպքում պաշտոններ տալ: Իսկ, ինչպես Ռուբեն Այվազյանն է ասում, իր ծրագրի հիմքում ընկած էր կոռուպցիայի դեմ պայքարը:
Պարոն Այվազյան, ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ պայքարից:
Օրենքներով և Սահմանադրությամբ չէր արգելվում, որ ես առաջադրվեմ: Ես ԲՀԿ նախագահության և քաղխորհրդի անդամ չեմ: Առանց որևէ խոչընդոտի կարող էի առաջադրվել, սակայն որոշ լրատվամիջոցներ սխալ ներկայացրեցին իմ առաջադրումը, և անգամ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ, կարծես, անտեսում եմ ԲՀԿ-ի որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ես դեմ եմ, որ մտնեմ մի կուսակցության մեջ ու իրենց թիկունքից հարվածեմ: Սիրուն բան չի ստացվում:

Դուք ավելի վաղ հայտարարել էիք, որ տեղյակ եք ԲՀԿ որոշման մասին և գիտեք, որ ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու չի առաջադրելու և որևէ մեկին չի սատարելու ու եթե կուսակցությունում քննարկեն հարցը, կարող են հեռացնել Ձեզ ԲՀԿ-ից: Ինչպե՞ս ստացվեց, որ հիմա նման որոշում կայացրեցիք:
Իմ կուսակցական ընկերների հետ խոսելուց հետո պարզվեց, որ ԲՀԿ-ում նման որոշում կայացնելու իրավունք չունեն: Ճիշտ չներկայացվեց իրավիճակը և մի տեսակ ակամա վիրավորական կամ սխալ ընկալում առաջացավ:

Ձեր որոշումը կայացրեցիք միայն ընկերների հետ քննարկումներից հետո, թե՞ հարցը ԲՀԿ ավելի բարձր օղակներում էլ է քննարկվել:
Ես չեմ կարող ասել իմ ընկերները քաղխորհրդի անդամ հանդիսանում են, թե՝ ոչ: Բայց որ նրանք բարձրաստիճան դիրքերում են, դա միանշանակ է:

Ձեր թեկնածությունը դնելու և հանելու ընթացքում ԲՀԿ-ից արձագանքներ եղե՞լ են:
Իմ թեկնածությունը դնելուց առաջ որևէ արձագանք չի եղել: Ես որևէ մեկին չեմ ասել, անգամ ընտանիքիս անդամներն են հեռուստատեսությունից իմացել: Երկու տարվա ընթացքում ես ծրագիր գրեցի: Տեսնում էի, որ օրենքի ուժով Հայաստանը թալանվում էր:

Ափսոսո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն նման դիրքորոշում է հայտնել, իսկ դուք էլ դուրս եք գալիս պայքարից:
Ես պաշտոնի համար չեմ առաջադրվել: Ինձ համար կարևորը այն էր, որ իմ գրած ծրագիրը կյանքի կոչվեր և կարողանայի այս դժվարին իրավիճակից դուրս բերել երկիրը: Կուզենայի, որ թեկնածուներից գոնե մեկը ընդուներ այն և ես նրա հետ միասին իրականացնեի դա:

Եվ վերջում՝ ըստ Ձեզ, ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում և ինչպիսի՞ ելք կունենան դրանք:
Ընտրությունները կլինեն ազատ, բայց ոչ՝ մրցակցային: Որոշ մարդիկ չառաջադրվեցին, մրցակցային չեն: Իսկ առաջադրված թեկնածուներն էլ իրենց ծրագրերում «ջուր են ծեծում» և նոր բան չեն ասում: Ընտրապայքարի մեջ մտած շատ թեկնածուներ «դեկորացիա» են, որ ցույց տան, որ արդար, ժողովրդավարական ընտրություններ են:

Մարի Թարյան / PanARMENIAN News