29 հունվարի 2013 - 10:27 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Տիգրան Պետրոսյան.
Իմ անունն ինձ հետապնդում է մանկությունից
Միշտ դրական ու լավ տրամադրություն ունեցող Տիգրան Պետրոսյանի հետ հաճելի և ուրախ է հարցազրույց անցկացնել: Այս անգամ ևս նա անմիջական, բովանդակալից ու հետաքրքիր պատասխաններ տվեց PanARMENIAN.Net-ի թեստ-հարցազրույցին: Եվ բնավ էլ պատճառն այն չէր, որ մի քանի օր առաջ էր դարձել Հայաստանի չեմպիոն: Մենք վերսկսում ենք Հայաստանի շախմատի հավաքականի անդամների հետ հարցազրույցների շարքը:
Հայաստանի չեմպիոն:
Հպարտություն, հզորություն:

Վերադարձ հավաքական:
Ուրախ, հաճելի զգացողություններ և պատասխանատվություն:

Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող:
Ուժեղագույններից մեկը լինելու ձգտում:

Վլադիմիր Հակոբյան:
Ավագ ընկեր, կոլեգա և շատ հաճելի անձնավորություն:

Արշակ Պետրոսյան:
Մարզիչ, ով միշտ դժվարին պահին կողքիդ է:

Մատ:
Շախի տրամաբանական շարունակություն:

Վերջնախաղ:
Պարտիան ավարտին մոտեցնելու և հանգստանալու ձև: Եթե իմ օգտին է պարտիան` արագացնում եմ վերջնախաղը:

Ձի:
Իմ սիրած շախմատային ֆիգուրը, որն ավելի մանևրային է, կարող ես ավելի հետաքրքիր մտահաղացումներ անել: Ձին ճարպիկ է ու դժվար է նրան կասեցնելը:

Ոչ ոքի:
Չիրականացված մտահղացումներ:

Տիգրան Պետրոսյան:
Անուն, որն ինձ հետապնդում է մանկությունից և որն արդեն դարձել է իմ կյանքի անբաժանելի մասնիկը:

Մաֆիա:
Խաղ, որի շնորհիվ կարողանում եմ ցրվել և ընկերական շարջապատում շատ լավ ժամանակ անցկացնել:

Ամուսնություն:
Կյանքի կարևոր իրադարձություն:

Շախմատային խորամանկություն:
Հնարավոր է, որ երկար մտածեմ, ու մրցակցին թվա, թե չգիտեմ այդ դիրքը և արդեն ավելի թուլացած խաղա: Բայց իրականում ես լավ ծանոթ եմ լինում այդ դիրքին ու խաղը թեքում եմ իմ օգտին:

Ֆուտբոլ:
Իր հետաքրքրությամբ երկրորդ սպորտն է, եթե շախմատը սպորտ համարենք, որ ես սիրում եմ: Հետևում եմ բոլոր առաջնություններին ու հատկապես Իսպանիայի և Անգլիայի լիգաներին: Բացի այդ, ես էլ եմ սիրում խաղալ:

Հիասթափություն:
Այս զգացողությունն ունենում եմ վատ խաղացած պարտիայի կամ կյանքում կայացրած սխալ որոշման ժամանակ:

Ճանապարհորդություն:
Մրցաշարեր շատ են լինում, ու ես տարեկան 6-7 երկիր եմ մեկնում: Նոր բաներ եմ սովորում ու փորձում կիրառել Հայաստանում:

Խոհանոց:
Ուտելու հետ սեր ունեմ: Ցանկացած լավ առիթ ընկերներով նշում ենք ու համտեսում ենք տարբեր խոհանոցների ուտեստներ:

Շախմատային սովորություն:
Մշտապես փորձում եմ մի քանի քայլ առաջ մտածել: Նույնը փորձում եմ անել նաև կյանքում:

Գիրք:
Ցավոք, հիմա սկսել եմ քիչ կարդալ: Երկու ամիսը մեկ գիրք եմ կարդում, ուղղակի ժամանակս է քչություն անում:

Սիրած շախմատիստ:
Կապաբլանկայի խաղն եմ սիրում, Ալյոխինի, Կասպարովի: Այսօր չեմ կարող առանձնացնել մեկին ու դասել թվարկածս շախմատիստների դասին:

Ֆիլմ:
Սա ևս անբաժանելի մաս է իմ կյանքում, սիրում եմ բարդ ֆիլմեր: Մրցաշարերի ժամանակ օրն ամենաքիչը երկու ֆիլմ նայում եմ: Իսկ երբ տանն եմ, երեկոյան գրեթե միշտ կնոջս հետ ենք նման դիտումներ կազմակերպում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News