31 հունվարի 2013 - 19:24 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ալեքսանդր Քանանյան.
Մենք ցույց կտանք, որ կուսակցությունը օլիգարխի ՍՊԸ չէ
Հայաստանի քաղաքական դաշտի թափուր ազգային բևեռը, կարծես, լցվում է: Գոնե այդպիսի հավակնություններ ունի նորաստեղծ «Հայազն» կուսակցությունը: Կուսակցության գաղափարախոսության, անելիքների և ասելիքների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է «Հայազն»-ի հիմնադիրներից Ալեքսանդր Քանանյանի հետ, ով այսօր կուսակցության անդրանիկ նիստում ընտրվել է վարչության անդամ:
Ինչու՞ որոշեցիք ստեղծել նման կուսակցություն, ո՞րն է լինելու ձեր անելիքը և ինչո՞վ եք տարբերվելու մյուս կուսակցություններից:
Մենք ձևավորում ենք մի կուսակցություն, որի ներքին տրամաբանությունն ու փիլիսոփայությունը անկուսակցական է լինելու: Մենք մտադիր ենք համընդհանուր, ազգային դաշտի վերափոխման միջոցով հասնել սահմանադրական այնպիսի բարեփոխումների, որոնք հանգեցնելու են այդ թվում և բացառապես կուսակցական մրցակցության հիման վրա գոյացած պետական համակարգի ամբողջական փոփոխության: «Հայազնը» լինելու է մի կուսակցություն, որը գործելու է բացարձակ ներքին ժողովրդավարական սկզբունքներով, ինքնաֆինանսավորվելու է իր անդամների կողմից, որևէ «պապա» չի ունենալու և թափանցիկությամբ ցույց է տալու, թե տեսականորեն ինչպիսին պետք է լիներ մեր կուսակցական ժողովրդավարությունը` ի տարբերություն Հայաստանի ներքին դաշտում գործող բոլոր այլ` այսպես կոչված կուսակցությունների, որոնք ընդամենը այս կամ այն օլիգարխի ՍՊԸ-ն է:

Կուսակցությունը ստեղծվել է «Հայազն» միության հիման վրա, որը շատերին հայտնի էր որպես ազգայնական: Կարելի՞ է ենթադրել, որ ազգայնականությունը կլինի այս քաղաքական ուժի գաղափարախոսության հիմքում: Ազգայինի շուրջ հայ հասարակության համախմբումը միշտ է եղել, սակայն այն քաղաքական դաշտ չէր տեղափոխվում:
Դա շատ լայն առաջարկ է: Մենք միտք ունենք ձևավորելու բաց հարթակ, որտեղ կարող են հանդես գալ ամենատարբեր անհատներ և իրենց ազգային համարող խմբավորումներ, եթե նրանք զուրկ են ծայրահեղությունից և որևէ կերպ ներկա վարչակարգի կողմից հաճախորդացված չեն: Ճիշտ եք նկատում, ազգայնական դաշտը խայտառակ վիճակում է գտնվել այս բոլոր տարիների ընթացքում, այդ թվում, կային հատուկ ուղղորդված ջանքեր ազգայնական դաշտը տարրալուծված, խայտառակված, ինչ-որ առումով անգամ պղծված պահելու ուղղությամբ: Մենք շատ համեստ և խոնարհ հավակնություններով պատրաստ ենք նպաստելու ազգայնական դաշտի մաքրմանը, բյուրեղացմանը և, ի վերջո, այսքան տարի անց անկախ Հայաստանում քաղաքական ազգայնականության ձևավորմանը: Այն արմատապես կտարբերվի տարատեսակ ֆաշիստական, խելացնոր խմբավորումներից, որոնք կատարելապես անլուրջ են ազգայնականության քաղաքական տրամախոսությունը:

Խոսեցինք ազգայնականության մասին, դրան տրամաբանորեն հաջորդում է Հայակական հարցը և Արցախի հարցը: Ինչպիսի՞ն է կուսակցության դիրքորոշումն այս երկու հարցերում:
Մենք չենք տարանջատում արցախյան և հայ-թուրքական հարաբերությունների հարցը` այս երկու հարցերը դիտարկելով հայոց անկախության վերականգնամ, հայ պետականության անվտանգության ապահովման տեսանկյունից: Արցախյան ուղղությամբ մենք բացառում ենք խելացնոր որևէ տարածքային զիջում: Դրան մասին առհասարակ որևէ խոսք լինել չի կարող, բայց դա արդեն վաղուց ի վեր արմատացած մոտեցում է, միայն քաղաքական լուսանցկային դեմքեր` ի դեմս իշխանության ներկայացուցիչների կամ մի քանի խեղկատակների դեռևս կարծում են, որ ի վիճակի են Արցախում որևէ տարածքային զիջումներ կատարել, բայց այստեղ ևս մենք քաղաքական դաշտի համար բերում ենք մի կարևոր մոտեցում: Մենք կտրականապես դեմ ենք Արցախի անկախության ճանաչմանը, մենք գտնում ենք, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա Արցախը կազմում է Հայաստանի բաղկացուցիչ և անօտարելի մաս: Դա ամրագրված է Հայաստանի Սահմանադրության պարտադիր մաս կազմող հռչակագրով: Մենք ձգտելու ենք ուղղակի վերականգնել ՀՀ արցախաբնակ քաղաքացիների կոպտորեն ոտնահարված սահմանադրական իրավունքները` ՀՀ բարձրագույն իշխանությունը համապետական ընտրություններով ձևավորելու հարցում: Մենք, պարբերաբար, այդ թվում և գիտաժողովների տեսքով ներկայացնելու ենք անկախության ճանաչման բոլոր և անհեթեթությունները, վերահաս վտանգները, որոնք այսօր շատ քչերն են լիարժեք կերպով գիտակցում:

Բնականաբար շատ կարևոր է Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մենք հենց հիմա և հենց այսօր պատերազմի կոչ չենք անում, թուրքերը դեռ առիթ կունենան ևս մեկ անգամ փորձելու վերջացնել իրենց` 1915 թվականին սկսած ցեղասպանությունը: Մենք կտրականապես դեմ ենք ազգային դավաճանություն ենք համարում, և սահմանադրական օրիանականությունից զրկված ենք համարելու Հայաստանյան ցանկացած իշխանություն, որը կհանդգնի ներկա հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը ճանաչել որպես թուրք-հայկական միջպետական սահման: Արտաքին ուղղությամբ ձգտելու ենք իմաստափողել Ցեղասպանության ճանաչման գործընթացը, այն բոլորովին ինքնանպատակ չէ: Ընդամենը ոչ ամենակարևոր միջոցներից է հասնելու Ցեղասպանության հետևանքների իրավական և տարածքային հատուցմանը: